18:34   17-09-2020
Արցախի ղեկավարն այցելել է Ասկերան շրջկենտրոն և շրջանի համայնքների ղեկավարներին ներկայացրել վարչակազմի նոր ղեկավարին
Թողնել մեկնաբանություն

Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն և շրջանի համայնքների ղեկավարներին ու վարչակազմի պատասխանատուներին ներկայացրել նոր վարչակազմի ղեկավարին: Այս մասին տեղեկացնում է Արցախի ղեկավարի մամուլի ծառայությունը։

 Ղեկավարը շնորհակալություն է հայտնել շրջանի արդեն նախկին վարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանին կարճատև, բայց եռանդուն աշխատանքի համար: Հաջողություն մաղթելով պաշտոնը նոր ստանձնած Սասուն Բարսեղյանին՝ հանրապետության նախագահը նշել է, որ շրջանում նախատեսված աշխատանքները շատ են, և հույս հայտնել, որ նա կկարողանա արդյունավետորեն կյանքի կոչել բոլոր ծրագրերը՝ համախմբելով բոլոր կարող ուժերին:

Վարչակազմի ներկա ու նախկին ղեկավարների՝ վստահության և համատեղ աշխատանքի համար շնորհակալական խոսքից հետո ղեկավար Հարությունյանը լսել է նաև շրջանի գյուղատնտեսության և կրթության բաժինների վարիչների զեկույցները կատարված ու ընթացիկ ոլորտային աշխատանքների մասին:

Ա. Հարությունյանը մեկ անգամ ևս հորդորել է խստորեն հետևել համավարակի դեմ պայքարի կանոններին՝ խոստանալով, որ բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն լուծումներ ըստ առաջնահերթությունների:

Loading...