10:10   18-09-2020
Image Description
Իդլիբում բողոքում են Սիրիայում թուրքական ռազմական ներկայության դեմ

Սիրիայի Իդլիբ նահանգի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Սիրիայում թուրքական ռազմական ներկայության, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում են սիրիական լրատվամիջոցները։

Ցուցադրված կադրերում մի քանի տասնյակ մարդիկ՝ «Իդլիբը սիրիական հող է» պաստառներով, կարգախոսներ վանկարկելով հավաքվել են թուրքական բանակի դիտակետերում։

«Մենք ինչո՞ւ պետք է հանդուրժենք մեր տարածքում օտարներին։ Պահանջում ենք թուրքական զորքերին դուրս բերել։ Մեր հողը պետք է կրկին վերադարձվի մեզ»,- լրագրողներին իր դժգոհությունն է պարզաբանել ակցիայի մասնակիցներից մեկը։

Հանրահավաքներ են անցկացվել նաեւ Համա եւ Հալեպ նահանգներում, Էս Սուրման բնակավայրի շրջանում թուրք զինվորականները ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազով նռնակներ։ Չնայած դրան, ցուցարարները չեն ցրվել եւ անգամ թուրքական արգելակետի դարպասին են կախել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիմանկարը։

«Մենք հոգնել ենք երկպառակություններից ու տարաձայնություններից, որոնք մեզ պարտադրում են դրսից։ Ուստի չենք վախենում Էրդողանին «ոչ» ասել։ Մեր նախագահը Բաշար Ասադն է։ Եվ մենք մեր հողից չենք հեռանա»,- լրագրողներին ասել է ցուցարարներից մեկը։

Իդլիբը Սիրիայի միակ տարածքն է, որի զգալի մասը նախկինի պես մնում է ավազակային կազմավորումների ձեռքում։ 2017 թվականին այնտեղ ստեղծվել էր ապաէսկալացիայի հյուսիսային գոտի, որտեղ տեղակայվել են ծայրահեղականները, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել դամասկոսյան Արեւելյան Գուտա արվարձաններում եւ երկրի հարավային մարզերում։ Նահանգի տարածքում են գտնվում թուրքական բանակի հսկիչ դիտակետերը։

Գրում է՝ News.am -ը:

Loading...