10:11   18-09-2020
Բայդենը հայտարարել է, որ Թրամփը հանրության հետ ազնիվ չլինելու և կորոնավիրուսի իրական վտանգը թաքցնելու պատճառով պետք է վայր դնի լիազորությունները. CNN
Թողնել մեկնաբանություն

Դոնալդ Թրամփը պետք է վայր դնի ԱՄՆ նախագահի լիազորությունները՝ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում թույլ տված սխալ հաշվարկների պատճառով, հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

«Անգամ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների ղեկավարն է հայտարարել, որ ժամանակին դիմակ կրելու ռեժիմի սահմանումը կարող էր հունվարից ի վեր 100 հազարավոր մարդկանց կյանքեր փրկել: Այդ առումով երկրի ղեկավարը պետք է բոլոր իրավիճակներում հանրության առաջ ազնիվ մնա և ասի ճշմարտությունն այնպես, ինչպես որ այն կա»,- հայտարարել է Բայդենը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Բայդենն ասել է, որ Թրամփը կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային բորսաների տատանումներով և նախագահ վերընտրվելու պատկերացումներով է առաջնորդվել և ի սկզբանե արհեստականորեն նվազեցրել է կորոնավիրուսի վտանգավորությունը:

«Բայց նա ամեն ինչ գիտեր և ոչինչ չի նախաձեռնել: Դա գրեթե հանցագործություն է»,- նկատել է Բայդենը:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 3-ին:

Գրում է՝ Tert.am -ը:


Loading...