18:39   18-09-2020
Ավ․ Իսահակյանի գրադարանում տեղի ունեցավ «Ռուսական կենտրոն»-ի բացման արարողությունը․ այնտեղ կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ
Թողնել մեկնաբանություն

Ռուսերենի անվճար դասընթացներ, ռուս գեղարվեստական և մասնագիտական գրականություն, կրթական նյութեր, տեղեկատվական մեծ շտեմարաններ։ Երևանի քաղաքապետարանի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում արդեն գործում է նորաբաց «Ռուսական կենտրոն»-ը։  Կրթական կենտրոնը ստեղծվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ՝ Երևանում Մոսկվայի 873-ամյակի միջոցառումների շրջանակում։

«Կրթությունը՝ զարգացած պետության հիմնական և գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Ուրախ ենք, որ նորաբաց կենտրոնը կօգնի մեր երիտասարդներին, երեխաներին համալրել գիտելիքները և իմանալ ավելին ռուս գրականության ու լեզվի մասին։ Կենտրոնում ներկայացված են կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև  բարելավվել ռուսերենի մակարդակը։  Սա ևս մեկ քայլ է ամրապնդելու Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև գործակցությունը և երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի»  գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Կենտրոնի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։

«Ռուսական կենտրոնը»-ի ընթերցողներն ու այցելուները կարող են ծանոթանալ Ռուսաստանի մասին կրթաճանաչողական և տեսալսողական նյութերին, հասանելի է գեղարվեստական և մասնագիտական գրականության հարուստ հավաքածու,  պաշտոնական հրատարակություններ, տեղեկատուներ, էլեկտրոնային գրքեր և ամսագրեր, որոնք տեղադրված են նաև օնլայն հարթակում։  Կենտրոնը հագեցած է համապատասխան տեխնիկայով, որը տարբեր ձևաչափերով հասանելի է դարձնում Ռուսաստանի պատմամշակութային և գրական ժառանգությունը լայն շրջանակների համար։

«Ժամանակները փոխվել են և գրադարանի դերը` ժամանակակից աշխարհին համահունչ, ևս փոխվել է։ Այն պարզապես գիրք ու գրականություն տրամադրող կառույց չէ։ Մեր քաղաքացիների համար այն դարձել է հանրային հարթակ, ուր հատվում են տարբեր ազգերի մշակույթները։ Հարթակ, որը նպաստում է քաղաքացու կրթամշակութային դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, յուրօրինակ հանդիպումների, հանգստի և ժամանցի վայր է։ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կառուցվածքում  «Ռուսական կենտրոնի» ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է մեր ընթերցողների բազմաթիվ արձագանքներով, ովքեր հաճախ են պատվիրում ժամանակակից ռուսական գրականություն, ցանկանում մասնակցել ռուսաց լեզվի  դասընթացների։   Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և Քաղաքապետարանի մշակութային երկխոսության համագործակցությամբ այս ծրագիրը կյանքի կոչվեց»,- ասաց «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով, նման կենտրոնների բացումը կարևոր են  նաև հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:

«Սա առաջին նմանատիպ կենտրոնն է Հայաստանում։ Մյուս գրադարաններում առայժմ ռուսական կենտրոններ չկան։ Երբեմն կարող է թվալ, թե Հայաստանում Ռուսաստանի մասին բոլորը գիտեն, բայց երկու երկրները պետք է շարունակեն աշխատել, որպեսզի պահպանեն և զարգացնեն երկկողմ հարաբերությունները։ Հուսով եմ, որ այս կարևոր նախաձեռնությունը կշարունակվի, այդ թվում նաև երկրի մյուս քաղաքներում և մարզերում»,-նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսական կենտրոնում» անց են կացվելու ռուսերենի անվճար դասընթացներ երեխաների համար, պարբերաբար կազմակերպվելու են հանրային դասախոսություններ, սեմինարներ, տարբեր հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ, խոսակցական ակումբներ։ 

Առցանց գրադարանն ունենալու է պարբերաբար լրացվող տեղեկատվական թվային շտեմարաններ, որոնք անվճար են լինելու կենտրոնի բոլոր այցելուների համար։  «Ռուսական կենտրոն»-ի մուտքը ազատ է բոլորի համար։

«Ռուսական կենտրոն»-ը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գործակցությամբ՝ Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ։

Loading...