20:30   18-09-2020
Image Description
Սեուլը մտադիր է 4 միլիոն դոլար պահանջել «Սարանգ Զեյլ» եկեղեցուց` կորոնավիրուսի տարածման համար

Սեուլի քաղաքային իշխանությունները մտադիր են «Սարանգ Զեյլ» եկեղեցուց 4.6 միլիարդ վոն (4 միլիոն դոլար) պահանջել կորոնավիրուսի տարածման գործում եկեղեցու հասցրած վնասի համար:

Վարակման դեպքերի նոր ալիքը բռնկվել էր եկեղեցում, որի անդամներն օգոստոսի կեսերին մասնակցում էին Սեուլի կենտրոնում տեղի ունեցած խոշոր բողոքի ցույցին` ամենամեծ կլաստերը դառնալով: Reuters-ը հայտնում է, որ բռնկումը COVID-19-ով վարակման ամենօրյա դեպքերի եռանիշ աճի հանգեցրեց:

Սեուլի քաղաքային կառավարությունը հայտարարել է, որ դատական ​​հայց կներկայացնի «Սարանգ Զեյլ» եկեղեցու եւ դրա առաջնորդ Սրբազան Զուն Կվանգ Հունի դեմ` նրանց մեղադրելով կորոնավիրուսի թեստերի խափանման եւ իրենց անդամների ոչ ճշգրիտ ցուցակների տրամադրման մեջ, որոնք սրել են համավարակը:

«Քաղաքը մտադիր է եկեղեցուն եւ հովվին պատասխանատու ճանաչել COVID-19-ի տարածումը ողջ երկրում խթանելու համար` համաճարակաբանական հետազոտություններին խոչընդոտման, ինչպես նաեւ կեղծ նյութեր ներկայացնելու պատճառով»,- նշվում է հայտարարության մեջ:

Կլաստերը կառավարությանն առնվազն 13.1 միլիարդ վոնի (11.3 միլիոն դոլար) վնաս է հասցրել, այդ թվում` Սեուլում 4,6 միլիարդ վոնի:

Առողջության ապահովագրության ազգային ծառայությունը նաեւ հայտնել է, որ դատական հայց կներկայացնի եկեղեցու դեմ` 5.5 միլիարդ վոն (4,7 միլիոն դոլար) վնասը փոխհատուցելու համար:

Կորեայի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման գործակալությունը հինգշաբթի կեսգիշերի դրությամբ հաղորդել է 126 նոր դեպքի մասին: Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 22.783 եւ մահվան 377 դեպք:

Գրում է՝ News.am-ը:

Loading...