10:38   21-09-2020
Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առիթով
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Չինաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի բարեկամ ժողովրդին:

Չինաստանն ու Հայաստանն ավանդաբար բարեկամական երկրներ են, որոնք միմյանց հաստատուն աջակցություն են ցուցաբերում երկու երկրների առանցքային շահերից բխող հարցերում: COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարն արտացոլում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու մեր ժողովուրդների միջև եղած խոր ու անկեղծ բարեկամությունը:

Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել՝ բազմաոլորտ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար»:  


Տեղեկացնում է՝ Armenpress.am -ը:


Loading...