15:38   21-09-2020
«Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման». Ռոհանի
Թողնել մեկնաբանություն

Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու փորձերը տապալվել են: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Այսօր հիշարժան օր է մեր դիվանագիտության պատմության մեջ: ԱՄՆ-ն, լինելով երկիր, որն իր շահերն առաջ է տանում ուժով, մոտ 2.5 տարվա ընթացքում լուրջ ջանքեր է գործադրել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար, մի գործընթաց, որը վերջին ամիսներին հանգել է անխուսափելի տապալման»,- ասել է Ռոհանին՝ ելույթ ունենալով իրանական հեռուստատեսությամբ:

Նրա խոսքով՝ միջուկային ծրագրի գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն փորձել է աշխարհը միավորել «Իրանի դեմ կոալիցիայում»՝ իր կողմը քաշելով Եվրամիությանը, ինչպես նաև Թեհրանին այնպիսի քայլերի հրահրելով, որոնք հետագայում կկարողանար օգտագործել միջազգային պատժամիջոցներն Իրանի դեմ վերականգնելու համար:

Ռոհանի կարծիքով՝ Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացմանը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի հայտարարել է, որ ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ նորից ուժի մեջ են մտել, իսկ համաշխարհային կազմակերպությունում համաձայն չեն դրա հետ:  

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական երկրները չեն աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատժամիջոցների հարցում: Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մերժել են ԱՄՆ-ի`սեպտեմբերի 20-ից հետո Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու առաջարկը:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...