18:30   21-09-2020
Մինչև 2050 թ. ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, յոթնապատկել միջին աշխատավարձը․ վարչապետը ներկայացրեց վերափոխման ռազմավարությունը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը՝ նշելով, թե մինչ այս նախորդ 30 տարվա ռազմավարություն չի եղել, ինչը գուցե նաև պայմանավորում է այսօրվա բազմաթիվ խնդիրները:

Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է՝ հասկանալու համար՝ ուր ենք գնում, ինչ ենք ուզում և ինչպիսին ենք պատկերացնում ՀՀ-ն 2050-ին: Այս պահից սկսած՝ Կառավարության ցանկացած որոշում պետք է միտված լինի այս գաղափարի, տեսլականի իրագործմանը: Սա տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություն և պլան: Մենք ձևակերպում և բարձրաձայնում ենք մեր հավակնությունը, որը եթե մի քիչ ավելի ոչ պաշտոնական ձևով ասելու լինենք, գուցե կարելի է ձևակերպել նաև որպես երազանք»,-ասաց նա՝ նշելով, թե սրանք ոչ միայն ենթադրում են կանոնակարգերի, օրենքների փոփոխություն, այլև խորքային առումով փոփոխություն հանրության շրջանում:

Այսպիսով, վարչապետի խոսքով, ռազմավարությունը, որն ունի գաղափար, տեսլական, գործողություն, նշանակությունը պետք է լինի գործնական. «Ռազմավարության տեսանկյունից մենք առանձնացնում ենք 4 առաջնորդող արժեքներ, որոնք պետք է գործառնական և գործնական նշանակություն ունենան այդ ռազմավարությունը ներկայացնելիս»,-ասաց նա՝ նշելով այդ 4 արժեքները՝

·         Հայոց պետականություն

·         Կրթություն

·         Անհատ

·         Աշխատանք։

Նրա խոսքով՝ գաղափարական հենքը, որ դրված է ռազմավարության հիմքում, ազգային նպատակներն են. դրանք են՝

·         Հայկական պետականության հավիտենականության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային, ինստիտուցիոնալ պայմանների ապահովում

·         ՀՀ քաղաքացիության և քաղաքացու արժևորում՝ նրանց անվտանգության, ազատության, բարեկեցության և երջանկության ապահովման և պաշտպանության համար

·         Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը, ներառյալ՝ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը ազգային  ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող հայության շրջանում՝ հայոց լեզվի իմացության մակարդակի և ՀՀ քաղաքացիություն ունեցողների թվի էական մեծացման շնորհիվ,

·          Համահայկական ներուժի համախմբում՝ ազգային նպատակների իրագործման շուրջ՝ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման, օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային համերաշխության հաստատում:


Գրում է՝ Tert.am -ը:


Loading...