19:06   21-09-2020
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը մեծապես կարևորում է բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունների զարգացումը գործընկեր և բարեկամական երկրի՝ Հայաստանի հետ:

«Վստահ եմ, որ մեր երկու կառավարությունների միջև գերազանց համագործակցությունն ու ակտիվ փոխգործակցությունը հետագայում էլ կշարունակվեն և կզարգանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Համավարակը մարտահրավեր էր մեր երկու երկրների համար, սակայն լիահույս եմ, որ համակարգված ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի դուրս գալ այս համաշխարհային ճգնաժամից, և կկարողանանք հաղթահարել հետագա սոցիալական ու տնտեսական դժվարությունները»,- ասվում է Վրաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Սալոմե Զուրաբիշվիլին նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: 

Loading...