19:34   21-09-2020
Մայիսին «Հրանտ Դինք» հիմնադրամին սպառնալից նամակներ ուղարկած անձանց դատարանից ազատ են արձակել
Թողնել մեկնաբանություն

2020 թվականի մայիս ամսին «Հրանտ Դինք» հիմնադրամին և մասնավորապես պոլսահայ երջանկահիշատակ լրագրող Հրանտ Դինքի կնոջը` Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբան Ֆեթհիյե Չեթինին մահվան սպառնալիքով նամակներ ուղարկած երկու անձինք դատական երկրորդ լսումից հետո ազատ են արձակվել: Այս մասին գրում է Gazete  Karınca պարբերականը:

Մեղադրյալներ Հուսեյին Աթեշին և Էրսին Բաշքանին մեղադրանք էր առաջադրվել «շղթայական սպառնալիքներ» իրականացնելու համար:

Մեղադրյալները ներկա են եղել դատական նիստին: Մեղադրանքը կարդալուց հետո ելույթ է ունեցել  Էրսին Բաշքանը.

«Ես ընդամենը պատասխան նամակ եմ ուղարկել, երբ տեսել եմ «Հրանտ Դինք» հիմնադրամի մամուլի հաղորդագրությունը: Ես չեմ ընդունում մեղադրանքն ու արդարացում եմ պահանջում»,-հայտարարել է Բաշքանը:

Բաշքանից հետո խոսքի իրավունք է տրվել երկրորդ մեղադրյալին: «Մինչև իրարձությունները ես շոկի մեջ էի ընկել համացանցում առկա տեսանյութերից: Ես հոգեմետ դեղեր եմ ընդունում: Այդ օրը չէի ընդունել: Ես չէի ուզում սպառնալ, ընդամենը երբ տեսա, որ վիրավորում են Թուրքիայի դրոշը, պատասխանեցի: Այստեղ ես նույնպես դեղեր եմ ընդունում, նույնիսկ ավելացրել են չափաբաժինը»,-հայտարարել է Աթեշը:

«Հրանտ Դինք» հիմնադրամի փաստաբանները հարցեր են ուղղել մեղադրյալներին, մասնավորապես այն մասին, թե ինչու են թիրախավորել հենց Ֆեթհիյե Չեթինին, ինչին ի պատասխան մեղադրյալներից մեկը նշել է, որ Չեթինին անձամբ չի ճանաչում, միայն նրա հայտարարություններին է ծանոթ և չի ցանկացել սպառնալ: Փաստաբաններից մեկը հիշեցրել է, որ նման սպառնալիքներ հնչել են նաև մինչև Դինքի սպանությունը և դրանք կարող են վտանգավոր լինել:

Միևնույն ժամանակ, մեղադրյալ Աթեշը պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել հիմնադրամից:

Չնայած նրան, որ դատախազը միջնորդություն է ներկայացրել, որ մեղադրյալները շարունակեն մնալ կալանքի տակ, դատավորը, այնուամենայնիվ, դատաբժշկական ստուգման հիման վրա, որը հաստատել էր, որ մեղադրյալները հոգեկան խնդիրներ ունեն, որոշել է ազատ արձակել նրանց:

Հունիսի սկզբին Հրանտ Դինք» հիմնադրամի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը հայտնել էր, որ Դինքի կնոջը և իրեն ուղղված նամակներում իրենց մահվամբ են սպառնացել:


Գրում է՝ Tert.am -ը:

Loading...