19:45   21-09-2020
Image Description
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն

Եթե ​​Լիբանանը չկարողանա նոր կառավարություն ձեւավորել, «դժոխք կգլորվի»: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Միշել Աունը, փոխանցում է Reuters-ը:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունից սրված ճգնաժամը լրջորեն սպառնում է Լիբանանի կայունությանը 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր: Անցած շաբաթ լրացավ կառավարության ձեւավորման համար Փարիզի հետ համաձայնեցված վերջնաժամկետը:

Գործընթացը փակուղում հայտնվեց Լիբանանի երկու գերիշխող շիական կուսակցությունների` «Հեզբոլլահի» եւ դրա դաշնակից «Ամալ» շարժման պահանջների պատճառով` կաբինետում շիա նախարարներ նշանակելու վերաբերյալ, այդ թվում` ֆինանսների նախարարի պաշտոնում:

Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ:

Պատասխանելով հարցին, թե դեպի ուր է գնում Լիբանանը, արդյոք այս հարցի շուրջ համաձայնություն չի լինելու, Աունը պատասխանել է. «Իհարկե, դժոխք»: Լրագրողների հարցին` արդյո՞ք նրա մեկնաբանությունները նշանակում են, որ կառավարության ձեւավորման հույս չկա, նա ասել է. «Ոչ, հրաշք կարող է պատահել»:

«Այսօր մենք կանգնած ենք կառավարության ձեւավորման ճգնաժամի առջեւ, որը չպետք է լիներ, քանի որ Լիբանանին սպասվող իրադարձությունները թույլ չեն տալիս մեկ րոպե անգամ կորցնել»,- ասել է Աունն իր խոսքում: «Դիրքերի խստացման հետեւանքով հորիզոնում լուծում կարծես չկա, քանի որ առաջարկվող բոլոր լուծումները «հաղթող եւ պարտվող» են նշանակում»,- ասել է նա:

Գրում է՝ News.am -ը:


Loading...