ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանում առաջատար տեխնոլոգիաների Շարիֆ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ու ստարտափների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կայացել է իրանցի գործընկերների հետ միջազգային չափանիշներին համապատասխան աջակցող միջոցների արտադրությամբ զբաղվող ոլորտային ստարտափների հնարավորությունները և տեսլականը քննարկելու նպատակով։
«Երևանի առաջնորդության դպրոց» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված քննարկման շրջանակում հայկական ստարտափների ներկայացուցիչներն իրանցի գործընկերներին ներկայացրել են իրենց պատմությունը, արտադրանքը, ոլորտում ունեցած հաջողությունները, առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները։
Նարեկ Մկրտչյանը, ողջունելով նմանօրինակ հանդիպումների իրականացումը, նշել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, պատրաստակամ է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունների միջև համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու ուղղությամբ։
«Նախարարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու բոլոր այն գաղափարներին և ծրագրերին, որոնք դրական ազդեցություն կունենան ոլորտի զարգացմանը։ Կարծում եմ՝ այս հանդիպումը լավ հնարավորություն է աջակցող միջոցների ստեղծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցության նոր դռներ բացելու և անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար»։