09:28   23-01-2024
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՊԱՐՏՔ․ լիկվիդներն ու նրանց բարձրացող գները
Թողնել մեկնաբանություն

    Լուծարքային շրջանից հետո սովորողների ակադեմիական պարտքերի վերահանձնման վճարները բարձրացել են։ Ի՞նչ է փոխվել դրանով Մայր բուհում։ 

    Վճարովի լուծարքների արժեքը 10.000 դրամից Երևանի պետական համալսարանը բարձրացրել է 25.000 դրամ: Սա որքանո՞վ է արդյունավետ։ Արդյո՞ք գնի բարձրացումն ազդել է կրթական որակի բարելավման վրա։

    Ըստ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի` Մայր բուհում առաջնահերթություն են որակյալ կրթության տրամադրումն ու արհեստավարժ մասնագետների պատրաստումը։ Լուծարքային շրջանից հետո սովորողների ակադեմիական պարտքերի վերահանձնման համար սահմանված վճարի բարձրացմամբ բուհը նպատակ ունի նպաստելու ուսանողների առաջադիմությանն ու խթանելու գերազանցության նկատմամբ նրանց ձգտումը։

    ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Սվետլանա Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Այդքան էլ ճիշտ չէ վճարովի լուծարքի գնի բարձրացումը, որովհետև նախքան վճարների բարձրացումը բուհը պետք է հաշվի առնի, թե ի՞նչ ֆինանսական ապահովվածության իրավիճակում է գտնվում մեր հասարակությունը։ Օրինակ՝ կան ուսանողներ, ովքեր ուսման վարձը վճարում են ինքնուրույն կամ իրենց ծնողներն են վճարում և կամ այլ տարբերակներով ստանում են փոխհատուցումներ։ Բայց չկա հաշվարկված տվյալներ, որոնք կփաստեն ուսանողների վճարունակությունը»։

    Ըստ ԵՊՀ պաշտոնական տվյալների 2023 թվականի փետրվարի 6-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 28-ը ներառյալ ակադեմիական պարտքի շեմը հատելու պատճառով ԵՊՀ-ից հեռացվել է 265 ուսանող:

    Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով ակադեմիական կրթության որակի վրա չի կարող ազդել լուծարքային շրջանից հետո քննությունների վերահանձնումների գումարների բարձրացումը, քանի որ ուսանողը վճարելով գումարը՝ չի հետապնդում նպատակ, որ սովորի առարկան, այլ ուղղակի մասնակցում է քննությանը և տեղափոխվում՝ հաջորդ կուրս: Խաչատրյանը նշում է՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ գումարի միջոցով ճնշում գործադրելը բոլոր ոլորտներում հակառակ արդյունքն է գրանցում: 

    Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականին Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով, ԵՊՀ ուսումնական գործընթացը կանոնակարգելու նպատակով, ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի  կանոնադրության 56-րդ կետի 10-րդ ենթակետի պահանջներով լուծարքային շրջանից հետո սովորողների ակադեմիական պարտքի վերահանձնումը կազմակերպվում էր վճարովի հիմունքներով՝ մեկ առարկայի համար 10 000 ՀՀ դրամ հաշվարկով։ Բայց այս հրամանից 5 տարի անց ԵՊՀ գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանով ԵՊՀ ուսումնական գործընթացը կանոնակարգելու նպատակով սովորողների ակադեմիական պարտքի վերահանձնումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով՝ մեկ առարկայի համար 10 000-ի փոխարեն 25 000 ՀՀ դրամ հաշվարկով։



Ալբերտ Ավետիսյան

Loading...