17:46   21-09-2020
Տիխանովսկայան նշել է Բելառուս վերադառնալու իր պայմանը
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահական ընտրություններից հետո երկիրը լքած Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ սպասում է Բելառուս վերադառնալու հնարավորությանը, բայց պատրաստ է վերադառնալ պայմանով, որ իշխանություններն ու ընդդիմությունը բանակցություններ սկսեն: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ կկարողանամ վերադառնալ Բելառուս` հույս ունենալով, որ մենք հաջողության կհասնենք: Ես անպայման կգամ, երբ բանակցություններն սկսվեն, երբ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, և ես կարողանամ ապահով զգալ ինձ իմ երեխաների հետ և գնամ, ազատեմ, կարելի է ասել, Բելառուսը»,- հայտարարել է Տիխանովսկայան ՝ Բրյուսելում ելույթ ունենալով բելառուսական սփյուռքի ներկայացուցիչների առաջ:

Բրյուսելում Տիխանովսկայան հանդիպել է Եվրոպայում բնակվող իր աջակիցներին ՝ շնորհակալություն հայտնելով նրանց աջակցության համար:

Տասնյակ ցուցարարներ հավաքվել էին Լյուքսեմբուրգ հրապարակում`Եվրախորհրդարանի շենքի մոտ ` աջակցելու նախագահի նախկին թեկնածուին: Նրանց միացել էին եվրապատգամավորները:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...