Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Բիլյանի նկատմամբ հավելյալ պատիժ է կիրառվում. պաշտպան. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Մեր արդարադատական համակարգում ստեղծված է մի վիճակ, երբ դեռևս մեղքը չապացուցված անձի համար կալանավայրում նախատեսված են շատ ավելի վատ պայմաններ, քան արդեն իսկ դատապարտվածների: Մասնավորապես, Նուբարաշեն Քրեակատարողական Հիմնարկում, փաստաբան Արմինե Ֆանյանի խոսքով, 6 հոգու համար նախատեսված խցում պահվում են 10-12 կալանավոր, որոնք քնում են հերթով, բացակայում է որակյալ բուժսպասարկումը, կալանավորները պահվում են անմարդկային ու նվաստացուցիչ պայմաններում: Արմինե Ֆանյանի պաշտպանյալը՝ «Սասնա ծռերի» գործով մեղադրվող Արմեն Բիլյանը, շուրջ մեկ ամիս առաջ դիմումով խնդրել էր իրեն տեղափոխել Արմավիր ՔԿՀ, քանի որ Նուբարաշեն ՔԿՀ-ում ձեռք էր բերել լուրջ առողջական խնդիրներ: Սակայն ստացել էր մերժում ու գնացել էր ծայրահեղ քայլի՝ հացադուլի: Գրեթե մեկ ամիս հետո Արմեն Բիլյանը ստիպված դադարեցրեց հացադուլը՝ առողջական խնդիրների պատճառով, ու տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց»: Բայց պաշտպանի պնդմամբ, իրենք գնալու են մինչև վերջ, քանի որ տեղափոխման մերժումը չունի որևէ օրինական հիմք և իր պաշտպանյալի հանդեպ հավելյալ պատժամիջոց է կիրառվում: ՔԿՀ-ներում կալանավորների վիճակի մասին «Մարդու իրավուքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը զրուցել ենք փաստաբան Արմինե Ֆանյանի հետ:

 

-Կխնդրեմ նախ ներկայացնեք, թե հիմա ինչ վիճակում է  Արմեն Բիլյանը, հետո փորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ են առաջացել:

-Շնորհակալություն: Այո, Արմեն Բիլյանը 2017թ. դեկտեմբերի 17-ից հացադուլ էր հայտարարել. 2 օր նա հացադուլի մեջ էր իր խցում, իսկ ամսի 19-ից՝ հացադուլի համար նախատեսված խցում: Ներկայումս նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, երեկ տեսակցել եմ պաշտպանյալիս: Նրա ինքնազգացողությունը, բնականաբար, հացադուլի մեջ գտնվող այդ տեւական  ժամանակամիջոցում չէր կարող անհետեւանք մնալ. դեռեւս  թույլ էր եւ բավականին հյուծված, գլխապտույտ ուներ, գտնվում էր բժիշկների հսկողության ներքո, անցնում էր որոշակի հետազոտություններ, հետեւում համապատասխան սննդակարգի: Ներկայումս վիճակը մի փոքր ավելի կայուն է, բայց, միեւնույն է, առողջական վիճակը ծանր է գնահատվում:

- Պահանջը,  փաստորեն, ես ամբողջական ներկայացրի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխում «Արմավիր» ՔԿՀ: Չնայած հացադուլը դադարեցվել է, բայց  պահանջը դեռ շարունակվում է:

- «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելուց բացի Արմեն Բիլյանի պահանջների մեջ է մտնում նաեւ բժշկական հետազոտությունների ապահովումը՝ անհրաժեշտության դեպքում նաեւ քաղաքացիական հիվանդանոցում: Մենք դեռեւս նախորդ տարվանից բազմաթիվ դիմումներ ենք հասցեագրել թե՛ ՔԿՎ պետին եւ թե՛ ՀՀ արդարադատության նախարարին՝ խնդրելով կազմակերպել նրա բժշկական պատշաճ հետազոտությունները եւ անհրաժեշտության դեպքում արդեն մեզ հնարավորություն ընձեռել քաղաքացիական հիվանդանոցում մեր միջոցների հաշվին կազմակերպել նրա բժշկական հետազոտությունը: Մեր բոլոր դիմումները մերժվել են, բացառությամբ մեկի. սկզբնական փուլում մենք ՔԿՎ պետի թույլտվությամբ եւ մեր միջոցների հաշվին ողնաշարի  ՄՌՏ (յամեր) հետազոտություն անցկացրեցինք: Դրանից հետո նրա առողջության խնդիրներով պայմանավորված մեր բոլոր խնդրանքները մերժվել են:

- Իսկ տեղափոխության պահանջը, ըստ էության, պատճառաբանվում է խցային վատ պայմաններով: Դա՞ է, արդյոք, միակ ու հիմնական պատճառը:

-Այո, հիմնական պատճառը հենց դա է. պաշտպանյալիս առողջական վիճակը դինամիկ վատթարանում է կապված հենց խցային պայմաններով: Ոչ մեկի  համար գաղտնիք չէ, որ խցերը գերբնակեցված են. 6 հոգու համար նախատեսված խցում պահվում են 10-12 հոգի, բոլորը ծխում են, նրանց կեսն անկողին չունի: Թեեւ Արդարադատության նախարարության ՔԿՎ-ն իր գրություններից մեկում ինձ պատասխանել է, որ նրանցից յուրաքանչյուրն ունի անձնական անկողնային  պարագաներ. բայց ոչ անկողին: Այդ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող խցային պայմանները պաշտպանյալիս առողջական վիճակի վրա չէին կարող չունենալ իրենց բացասական ազդեցությունը: Հենց դրանով էլ պայմանավորված պաշտպանյալս պահանջում էր իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ, որը, ըստ մեր պետության չափորոշիչների, լավագույն ՔԿՀ-ներից մեկն է այսօր, որովհետեւ դեռեւս նոր է, խցային պայմաններն ավելի հարմար են: Իսկ գերբնակեցված լինելը մեզ այնքան էլ չի հուզում, քանի որ «Սասնա Ծռեր»-ի անդամներն այնտեղ պահվում են մենախցերում: Արմեն Բիլյանի պահանջը վերաբերում է ոչ թե պարզապես «Արմավիր» ՔԿՀ, այլ մենախուց տեղափոխվելուն, որպեսզի հնարավոր լինի հանգիստ պայմաններում զբաղվել նրա առողջական վիճակով: Հիգիենիկ պայմանների բացակայությունը՝ գարշահոտությունը, գերբնակեցվածությունը եւ խցային պայմաններին վերաբերող այլ գործոնները եվրոպական չափանիշներին համապատասխան կհամարվեն անմարդկային: Եւ ցանկացած կալանավոր, ով հայտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, առնվազն ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի:

-Ես հիշում եմ Գեւորգ Սաֆարյանի՝ նաեւ խցակիցների կողմից որոշակի ճնշումների ենթարկվելու դեպքեր, մի քանի անգամ դատարան կապտուկներով էր ներկայանում, եւ փաստաբանն ասում էր, որ անվտանգության որեւէ երաշխիք չկա: Արդյոք այսօրինակ գործոն նաեւ ա՞յս դեպքում կա, թե՝ ոչ:

-Անվտանգության երաշխիքներ իրականում չկան, ես իմ այլ քրեական գործերով եմ այդ դատողությունն անում (ես ունեցել եմ իմ այլ պաշտպանյալների նկատմամբ ճնշումների դեպքեր): Չեմ կարող այս քրեական գործով ասել՝ իմ պաշտպանյալի նկատմամբ ճնշում կա, թե՝ ոչ. նա, համենայն դեպս, հերքում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խցակիցների կողմից իր նկատմամբ որեւէ ճնշում է գործադրվում: Համենայն դեպս ես հատուկ ընդգծում եմ, որ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անվտանգության խնդիր առհասարակ կա, եւ անվանգության այն նվազագույն  երաշխիքները, որն անհրաժեշտ է, որպեսզի լինեն՝ որոշ քրեական գործերի առանձնահատկությամբ պայմանավորված, իրականում չկան:

-Ես կուզեմ  նաեւ օրենքի տառով խոսենք.  մի ՔԿՀ-ից մյուսը տեղափոխվելու համար օրենքն ի՞նչ է նախատեսում, ի՞նչ պատճառներ, հիմքեր պետք է ներկայացվեն այդ պահանջը բավարարելու համար:

-Դա բոլորովին օրենսդրական կարգավորման հարց չէ, ընթացակարգային բնույթի հարց է, տեղաբաշխումը կատարվում է ըստ ծանրաբեռնվածության, որեւէ հատուկ կանոնակարգման անհրաժեշտություն էլ չկա: Ավելին ասեմ, «Սասնա Ծռեր»-ի մի քանի անդամներ հայտնել են իրենց ցանկության մասին՝ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելու համար, չնշելով որեւէ պատճառ (ի դեպ, մենք պատճառներ նշում ենք). պարզապես նշել են իրենց ցանկության մասին եւ տեղափոխվել են անխոչընդոտ: Կոնկրետ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի մասով ես չեմ կարող բացատրել ինչու է այս ընդգծված վերաբերմունքը, բայց փաստ է մի բան, որ պետությունը այս չնչին, ընթացակարգային բնույթի տեխնիկական հարցը բարդացրել, դարձրել է այնպիսի մի մակարդակի հարց, երբ իմ պաշտպանյալը ստիպված էր ծայրահեղ քայլերի գնալ, որպեսզի առողջական վիճակի հետազոտություն  իրականացվի կամ նրա տեղափոխումը:

-Այսինքն, Դուք սա պայմանավորում եք գործի որոշակի յուրահատկությամբ. մենք գիտենք, որ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի դեպքում նաեւ ոստիկանների սպանության մեղադրանք կա:

-Չեմ կարող եմ ասել, որ վերաբերմունքը կոնկրետ ընդգծված է հենց այն  պատճառաբանությամբ, որ նրանց մեղադրանքներն առնչվում են նաեւ ոստիկանների սպանությանը, բայց այն, որ մոտեցումը տարբերակված է, դա փաստ է: Ես Ձեզ մասնավոր դեպք եմ ասում. նույն խմբի մի քանի անդամներ պարզապես հայտնել են իրենց ցանկության մասին եւ անխոչընդոտ տեղափոխվել են: Գուցե մեր կողմից բարձրացված խնդիրն          է այդքան ցավոտ՝ խցերի գերբնակեցում, անմարդկային պայմաններ, որի մասին մենք շարունակ խոսում ենք, բայց չեմ ասի, թե դա որեւէ մեկի համար նորություն է: Բոլորն էլ քաջատեղյակ են, որ մեր երկրում կալանավորումը որպես խափանման միջոց այնքան հաճախ է կիրառվում, որ մեր բոլոր կալանավայրերը գերբնակեցված են:

-Ըստ որոշակի վիճակագրության կալանավորման վերաբերյալ միջնորդությունների 90 տոկոսից ավելին բավարարվում են, եթե չեմ սխալվում:

-Այո, 90 տոկոսից  ավելին բավարարվում են, թեեւ խոսում են այն մասին, որ բավականին տեղաշարժ կա, շատ բաներ են փոխվել, բայց գոնե մեր վարույթում գտնվող քրգործերով տեսնում ենք, որ շատ չնչին բան է փոխվել. կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մեծ մասամբ բավարարվում են:

- Դուք ասում եք, որ դա ոչ մեկի համար նորություն չէ: Ես էլ, ոլորտից բավական հեռու լինելով, կարող եմ դա փաստել, լսել եմ այդ մասին. մի անգամ հոդված էի կարդում, գուցե եւ ծայրահեղացված էր, բայց «Նուբարաշեն» ՔԿՀ համեմատվում էր Գուլագի հետ: Վերցնենք այս մասնավոր դեպքը. տա Աստված՝ լուծվի այնպես, որ պահանջը բավարարվի, եւ երկրորդ անգամ հացադուլի դիմելու անհրաժեշտություն չլինի: Այնուամենայնիվ այդ խնդիրը մնալու է: Այստեղ լուծման ի՞նչ տարբերակներ կան, ովքե՞ր եւ ո՞ւր դիմեն, որպեսզի այդ վիճակն առնվազն մեղմվի ու Գուլագի հետ չհամեմատվի:

- Լուծման միակ ճանապարհը իրավամտածողության փոփոխությունն է. եթե անձը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, չպետք է գործի նրա անազատության մեջ մնալու կանխավարկածը, պետք է գործի ազատության մեջ մնալու կանխավարկածը, ապա, ծայրահեղ դեպքում, անձին փաստացի ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցներ քննարկվեն: Մեր պետությունում, եթե անձը որոշ դեպքերում անգամ միջին ծանրության հանցագործությունների մեջ է մեղադրվում, ապա որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը: Դա բերում է մեր ՔԿՀ-ների գերբնակեցվածության, որն էլ ստեղծում է նման անմարդկային պայմաններ: Դա ֆինանսական հսկայական ծանրաբեռնվածություն է մեր բյուջեի վրա, իսկ այդ վատթար, մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմանները հենց այդ գերբնակեցվածության արդյունք են: Պետք է իրավամտածողությունը փոխվի, իսկ որպես խափանման միջոց կալանավորումը միայն ծայրահեղ դեպքերում կիրառվի:

-Այդպիսի միջավայրում հնարավո՞ր է ուղղիչ առաքելություն իրականացվել. հանցագործը, որի մեղավորությունն ապացուցվել է, այդ կալանավայրերում մնալով ուղղվո՞ւմ է, թե՞ մենք շատ ավելի վատ պայմաններ ենք ստեղծում, ավելի մարգինալ հատված ենք ձեւավորում:

-Իհարկե, այն անձինք, ում նկատմամբ այդ խափանման միջոցն ընտրվել է, դեռեւս մեղադրվում են՝ անմեղության կանխավարկածն է գործում: Կալանքի տակ պահվող անձանց խցերը գերբնակեցված չեն, դրանք անձինք են, ովքեր հետագայում կարող են արդարացվել, կարող է պարզվել, որ նրանք ոչ մի առնչություն  չունեն տվյալ մեղադրանքի հետ: Անգամ եթե անձը մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, առնվազն մարդկային պայմաններում պահվելու իրավունք ունի. այն, որ նա հետագայում ազատազրկվելու է, արդեն իսկ իր մեղքի քավումն է, բայց անձին նման անմարդկային պայմաններում պահելը բոլորովին չի բխում պատժի նպատակներից, այդ պայմաններում անձին ուղղել  եւ լիարժեք քաղաքացի հասարակություն վերադարձնել միանշանակ հնարավոր չէ: Խոսքը վերաբերում է նախնական կալանքի տակ գտնվող անձանց:

-Գիտեմ, որ ՄԻՊ գրասենյակը զեկույց էր պատրաստել, այցելել էին. ի՞նչ արձագանք կա այդ կառույցից:

-Արմեն Բիլյանի հացադուլի մեջ գտնվելու սկզբնական փուլից ի վեր ՄԻՊ գրասենյակից պարբերաբար այցելել են, նույնիսկ տոն օրերին, եւ այդ բոլոր այցելությունների մասին ես տեղեկացվել եմ թե՛ իմ պաշտպանյալից, թե՛ հենց ՄԻՊ գրասենյակից. ինձ հետ մշտապես կապ են պաշտպանել՝ կպված իմ հասցեագրած դիմումների, ստացված պատասխանների հետ: Այո՛, գնում էին, շատ փաստեր արձանագրվում էին, բայց ոչինչ չէր փոխվում: Եւ մինչ այսօր էլ «Արավիր» ՔԿՀ տեղափոխելու հետ կապված հիմնական պահանջը, որը միանշանակ խնդիր չէ, չի լուծվում: Ես վստահաբար ասում եմ՝ կարելի էր անել ավելին:

- Այսինքն՝ իր իրավասությունների սահմանում բավարար աշխատանք չի տարվել:

-Համենայն դեպս ՄԻՊ-ը քաղաքացիների հետ հանդիպման շրջանակներում ասել էր, որ շուրջ 25 օր է՝ ինչ-որ դիմում է հասցեագրել պաշտոնատար անձանց, որի պատասխանը դեռ չի ստացել: Ես կարծում եմ, որ այս խնդիրը, համենայն դեպս, առնչվում  էր երկու անձանց կյանքին, եւ կարելի էր ավելի հետեւողական լինել, մանավանդ ակնհայտ էր, որ նրանք խիստ վճռական են տրամադրված: Արմեն Բիլյանը խցում ուշագնաց է եղել, այսինքն՝ նրա օրգանիզմն արդեն այնքան էր հյուծված, որ պետությունը պարզապես նրա կյանքին սպառնացող անմիջական վտանգը զգալով ստիպված նրան տեղափոխել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Չէի ասի, թե պայմաններն այնտեղ բավարար են, որոնք հատուկ են հիվանդանոցին. թե՛ անհրաժեշտ սարքավորումների պակաս կա, թե՛ անհրաժեշտ մասնագետների: Ես չէի ասի, որ այդ կառույցը կարող է ապահովել մեր պահանջները՝  Արմեն Բիլյանի լիարժեք առողջական վիճակի հետազոտության համար:

-Այսինքն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եւս բուժսպասարկման մակարդակը գոհացուցիչ չէ:

-Ո՛չ, եւ դա իրենք էլ են ընդունում: Պաշտոնատար անձանց պատասխանն է՝ ունենք այն, ինչ ունենք: Ես նույնիսկ տոներից առաջ փորձեցի բանակցել, որպեսզի Արմեն Բիլյանին տեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոց՝ հույս ունենալով, որ այնտեղ գոնե տոն օրերին ինչ-որ չափով հսկողություն կլինի նրա նկատմամբ: Այն պաշտոնատար անձը, ում հետ ես հանդիպեցի իմ այդ խնդրանքը քննարկելու համար, ինձ ասեց, որ որեւէ տարբերություն չկա խցի եւ հիվանդանոցի միջեւ:

-Այսքանով հանդերձ Դուք Ձեր հարցազրույցներից մեկում ասում էիք, որ մինչեւ վերջ եք գնալու, հասնելու եք պահանջի բավարարմանը: Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս եք պատկերացնում այդ ճանապարհը, երբ այսպես փակուղիներ են ամեն տեղ:

-Ես դատարանի կողմից հասցեագրված եւս մեկ դիմում եմ ներկայացրել ՔԿՎ պետին, որում նշված էր, որ դատարանն իրավասու չէ չառարկել Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի տեղափոխման առնչությամբ: Այնուամենայնիվ, դատական նիստի ժամանակ դատարանը հնչեցրել էր այն, որ թեեւ իրավասություն չունի, բայց անգամ եթե իրենից է կախված, ինքը դեմ չէ, որ այդ անձինք տեղափոխվեն «Արմավիր ՔԿՀ»: Ես համապատասխան գրությանը կցել եմ նաեւ ձայնագրառման կրիչը, բայց ՔԿՎ-ից դեռ որեւէ պատասխան չեմ ստացել: Ստանալու պայմաններում, եթե արդյունքները գոհացուցիչ չլինեն, ընդհուպ մինչեւ ՄԻԵԴ ենք դիմելու. այդ հարցն արդեն քննարկվում է, գնալու ենք մինչեւ վերջ: Այսինքն՝ միանշանակ միայն ներպետական միջոցների սպառմամբ չենք զբաղվելու, այդ հարցը շատ ավելի լուրջ ատյաններում է բարձրացվելու. ուղղակի չէինք ցականում, որ այս չնչին խնդիրն այսչափ բարդացվի:

-Այսինքն՝ այն  ՔԿՀ պետի որոշելիքն է, բայց Դուք, այնուամենայնիվ, ՔԿՎ եք դիմել:

-Ո՛չ, սա ՔԿՎ պետի իրավասությունն է, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի իրավասության մեջ չի մտնում: Այս հարցի լուծումը վերաբերում է ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՎ պետին, նա է իրավասու տեղափոխումը թույլատրել: Հետո արդեն տեղափոխման հարցը կկազմակերպվեր տեխնիկապես:

- Հաջորդ քայլը պատկերացնում եք ՄԻԵԴ:

-Այո, որովհետեւ կարծում եմ, որ մեր պետությունում արդեն իսկ սպառել ենք այն բոլոր միջոցները, լծակները, որոնց միջոցով կարելի էր հասնել այդ խնդրի լուծմանը:

-Ձեզ շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Իհարկե, առողջություն եմ մաղթում նաեւ Ձեր պաշտպանյալին.  ամեն դեպքում հացադուլն ամենածայրահեղ քայլն է, մարդուն պետք է հասցնել  դրան, որ դիմի այդ քայլին: Մենք կհետեւենք իրադարձությունների զարգացմանը: Այնուամենայնիվ հույս ունեմ, որ գործը ՄԻԵԴ չի հասնի, որովհետեւ դա էլ մի այլ պատմություն է. Հայաստանի պարտությունը հերթական անգամ  վկայելու է մեր ներդատական համակարգի թերությունների, անկատարության մասին: Հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ հիշեցնեմ, որ դուք լսում կամ դիտում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Իսկ տաղավարում այսօր հյուրընկալել էի «Սասնա Ծռեր»-ի գործով մեղադրվող Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանին:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan