Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իսլամական վարձկանները ղարաբաղյան պատերազմում.Գայանե Չոբանյան

Իսլամական վարձկանները  ղարաբաղյան  պատերազմում.Գայանե  Չոբանյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Լեռնային Ղարաբաղի շուրջ հասունացող ռազմական ընդհարման հեռանկարը, իշխանության համար ծավալվող ներքին պայքարը և մի շարք այլ խորքային խնդիրներ պատճառ դարձան 1980-ականների վերջերին Ադրբեջանում իսլամական գործոնի քաղաքականացման և վերաիմաստավորման համար:

Ղարաբաղյան հիմնախնդրի ուժային լուծման ձգտումները դարձան Ադրբեջանի քաղաքական հայեցակարգի անկյունաքարը և մեծապես խթանեցին քաղաքական իսլամի մուտքը Ադրբեջան: Այդ երկրի քաղաքական գործիչները սկսեցին կրոնը օգտագործել որպես կապող օղակ՝ իսլամական աշխարհի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու և նրա աջակցությամբ Ղարաբաղյան հակամարտությանը ադրբեջանանպաստ լուծում տալու համար: Հատկանշական են Ադրբեջանի ժողովրդական ճակատի այն ժամանակվա առանցքային դեմքերից մեկի, իսկ այժմ՝ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդի՝ Իսա Ղամբարի խոսքերը «իսլամի նշանակությունը մեծ է մեզ համար, քանզի այն մեզ կապում է մուսուլմանական աշխարհի երկրների հետ» :
Անկախության առաջին տարիներից սկսած Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց սկզբում՝ Թուրքիայի, Իրանի, այնուհետև Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի, Պակիստանի հետ: 1991 թ. դեկտեմբերի 8-ին Ադրբեջանը դարձավ առաջին հետխորհրդային իսլամական հանրապետությունը, որն ընտրվեց ՙԻսլամական կոնֆերանս՚ կազմակերպության (ԻԿԿ) լիիրավ անդամ, իսկ 1992 թ. անդամակցեց ՙՏնտեսական համագործակցության կազմակերպությանը՚ , որոնց ամբիոնները օգտագործվում էին Հայաստանի «զավթողական» քաղաքականությունը դատապարտող տարբեր ձևաչափի փաստաթղթերի ընդունման համար:
Այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խարսխված էր ոչ թե կրոնական, այլ ազգային-քաղաքական խնդիրների վրա, Ադրբեջանի իշխանությունները փորձում էին նրան հաղորդել կրոնական ուղղվածություն: Դրանով նպատակ ունեին Ղարաբաղյան պատերազմի մեջ ներգրավել ողջ իսլամական աշխարհի «ջիհադի մարտիկներին»։ Արդյունքում օտարերկրյա կրոնական կազմակերպությունները, բարեգործական միությունները, իսլամական ծայրահեղական կառույցները կարողացան հեշտությամբ ներթափանցել Ադրբեջան և ամրապնդվել այնտեղ՝ այդ երկիրը դարձնելով ահաբեկչության «որջ»:
Այս գործընթացին նպաստեց նաև այն իրողությունը, որ 1979-1988թթ. աֆղանական պատերազմի ընթացքում ԱՄՆ հովանու ներքո ձևավորված իսլամական ահաբեկիչների և գրոհայինների խմբավորումները, կարևոր մասնակցություն ունեցան հետխորհրդային տարածքում բռնկված տարածաշրջանային մի շարք կոֆլիկտներում (հայ-ադրբեջանական, վրաց-աբխազական, ռուս-չեչենական պատերազմներ): Մասնավորապես՝ Ղարաբաղյան պատերազմի տարիներին սկսվեց Աֆղանստանից, Պակիստանից, Թուրքիայից, Չեչնիայից վարձկան մոջահեդների մեծ հոսք դեպի Ադրբեջան՝ հայերի դեմ պայքարի կարգախոսով:

1.Չեչեն վարձկանները Ղարաբաղում

Երբ 1992 թ. Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորած Ադրբեջանի Ժողովրդական ճակատը եկավ իշխանության, ինքնահռչակված Իչկերիայի Չեչանական հանրապետության և Ադրբեջանի միջև ձևավորվեցին բարիդրացիական հարաբերություններ: 1992 թ. գարնանը Ադրբեջանի իսլամական առաջնորդները, որոնց կազմի մեջ գտնվում էր նաև այդ երկրի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հանդիպում ունեցան ինքնահռչակ Չեչնիայի նախագահ Ջոհար Դուդաևի հետ: Երկկողմ հանդիպումների ժամանակ, բացի երկու երկրների դիվանագիտական, տնտեսական և մշակութային համագործակցության խնդիրներից, քննարկվեցին նաև ռազմական փոխօգնության հեռանկարները: Մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին Չեչնայի զինված ուժերի մասնակցության հարցը, որոնց ռազմամթերքի և սպառազինության տրամադրումը ադրբեջանական կողմը վերցրել էր իր վրա : 1992 թ. չեչեն գրոհայինների խումբը՝ հրամանատար Շամիլ Բասաևի գլխավորությամբ, ժամանեց Ադրբեջան և մայիսին մասնակցեց Շուշիի, իսկ 1993 թ. Ամռանը՝ Աղդամի ռազմական գործողություններին: Բասաևի խմբավորումը վերջիններից էր, ով կրելով ծանր պարտություններ՝ հայերի ճնշմամբ լքեց ռազմական դիրքերը :
Հետագայում իր հարցազրույցներում Բասաևը նշել է, որ որպես մարտիկ իր կարիերայի ընթացքում նա և իր գումարտակը միայն մեկ անգամ են պարտություն կրել՝ Ղարաբաղում: Չեչենական գումարտակը կարևոր դեր է խաղացել նաև 1993 թ. Հորադիզ քաղաքի վերագրավման գործողության մեջ՝ հայերի վրա հարձակվելով Իրանի սահմանի երկայնքով: Չնայած ադրբեջանական կողմի հերքումներին, որոշ աղբյուրներ հավաստում են, որ 1992-1993 թթ. Բասաևի հետ միասին ղարաբաղյան մարտերին մասնակցել է նաև հայտնի մոջահեդ Ալ-Խաթաբը :
Ղարաբաղի և Աֆղանստանի մարտերի վետերան, ադրբեջանցի գնդապետ Ազեր Ռուստամովի պատմածներից պարզ է դառնում, որ չեչեն հայտնի ահաբեկիչ Սալման Ռադուևը, ով 1992 թ. հիմնեց և գլխավորեց Իչկերիայի Չեչենական հանրապետության նախագահի «նախագահական բերետներ» զինված խմբավորումը, իսկ հետագայում դարձավ «գեներալ Դուդաևի բանակի» հրամանատարը, նույնպես մասնակցել է Ղարաբաղում ծավալված կռիվներին: Մասնավորապես, խոսելով 1992 թ. ամռան մարտերի մասին, Ռուստամովը նշել է. «Այս կռիվներում անգնահատելի օգնություն են մեզ ցուցաբերել մոտ հարյուր չեչեն կամավորներ՝ Շամիլ Բասաևի և Սալման Ռադուևի գլխավորությամբ: Մեծ կորուստների պատճառով նրանք ստիպված էին թողնել մարտի դաշտը և հեռանալ» : Հայ կամավորականների «Երկրապահ» միության շտաբի նախկին ղեկավար գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հայտնած տեղեկատվության համաձայն՝ 1992 թ. ամռանը ադրբեջանցիների կողմից կռվել են մոտ չորս հարյուր չեչեն գրոհայիններ՝ Բասաևի գլխավորությամբ: 1992 թ. հուլիսի 3-ին՝ Կարմիրավան գյուղի ազատագրման գործողության ժամանակ, նրանցից շատերը սպանվեցին, իսկ 120-ը գերի ընկան, ինչից հետո Բասաևը այլևս չվերադարձավ Ղարաբաղ :
Մերձավոր Արևելքի և ահաբեկչության գծով մասնագիտացված ամերիկացի լրագրող Ջոն Քենթ Քուլին (John Kent Cooley) նշում է, որ մինչև 1994 թ. ամռանը չեչեն մոջահեդների թիվը ղարաբաղյան ռազմաճակատում հասել է 2500-ի, որոնց մեծ մասը տեղակայված էր սահմանին կից՝ հարավային ճակատում : Չեչենական ստորաբաժանումները ղարաբաղյան փորձը և ձեռք բերված զինամթերքը հետագայում օգտագործեցին չեչենական պատերազմների ժամանակ:

2. Աֆղան մոջահեդների դերակատարությունը

Աֆղանական մոջահեդների անմիջական ներկայությունը զգացվեց ինչպես Տաջիկստանում այնպես էլ Լեռնայի Ղարաբաղում և Չեչնիայում ծավալված ռազմական գործողությունների ժամանակ: Ինչպես նշում է միջազգային ահաբեկչության փորձագետ Ռոհան Գունարատնան (Rohan Gunaratna)՝ Խորհրդային Միության փլուզումից հետո ալ-Քաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպությունը առաջինը Բաքվում հիմնեց իր մասնաճյուղը, որն աջակցում էր ադրբեջանցի մոջահեդներին Լեռնային Ղարաբաղի վիճելի անկլավի համար քրիստոնյա հայերի դեմ 1988-1994 թթ. վարած պատերազմում : Պակիստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությունների հովանավորությամբ մոջահեդների ջոկատները կրթություն էին ստանում Պակիստանում և Աֆղանստանում տեղակայված «Ալ-Քաիդայի» հատուկ ճամբարներում՝ ողջ աշխարհով մեկ սրբազան պատերազմի տարածման համար:
1993 թ. հուլիսին Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Ռովշան Ջավադովի Քաբուլ այցելությունից հետո , Աֆղանստանի վարչապետ, «Իսլամական կուսակցության» («Հիզբ-ի-Իսլամի») հիմնադիր Գուլբուդդին Հեքմաթյարը համաձայնեց տրամադրել աֆղան և արաբ մոջահեդներ՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին մասնակցելու նպատակով: Հեքմաթյարին, ով աֆղանական պատերզամից հետո կորցրել էր Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությունը, Ղարաբաղյան պատերազմին մասնակցությունը հնարավորություն կտար ոչ միայն շարունակել իսլամական հեղափոխության «արտահանումը», այլև կվերականգներ ֆինանսական ռեսուրսները: Սակայն հայկական առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վլադիմիր Վարտանովի համոզմամբ, իրականում Հեքմաթյարը իր բարձրակարգ «Սև արագիլներ» դիվերսիոն-կործանիչ ջոկատից բավականին քիչ մարդ է ուղարկել ղարաբաղյան ռազմաճակատ: Ուղղակի նա դեմ էր թալիբան շարժմանը և «թալիբների շրջանում որոշակի քարոզ էր տանում և հնարավորինս շատ մարդ վաճառելով այդ ժամանակվա «Բաքվի խաներին»՝ փորձեց թուլացնել թալիբների ճնշումը Քաբուլի վրա: Դրանով Հեքմաթյարը լուծում էր նաև ներքին հարց» :
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տեղեկությունների համաձայն՝ 1993 թ. սեպտեմբերին 1500 աֆղան մարտիկներ են մուտք գործել Ադրբեջան : Իրանից Ադրբեջան եկած աֆղան մոջահեդներից Բախտիյար Վերբալլահ Վաբերզաիդի հաղորդած տեղեկությունների համաձայն, ով 1994թ. ապրիլի 22-ին հայկական ուժերի կողմից գերի էր վերցրվել, վարձկանները օրական վճարվում էին 1000 մանաթ, սակայն Ադրբեջանի զինվորական շտաբը խոստացել էր պայամանագրի ավարտից հետո յուրաքանչյուրին հատկացնել 5000 դոլար հավելավճար: Աֆղանների կենսապայմանները ավելի բարեկարգ էին քան ադրբեջանցի զինվորներինը, և նրանք անցակցնում էին իրենց արձակուրդը Բաքվում կամ Աֆղանստանում: Մոջահեդները ապրում էին առանձին, քանի որ ադրբեջանցիները չէին հետևում շարիաթի օրենքներին, չէին աղոթում, սակայն ադրբեջանական զինվորները պահպանում էին շփումը վարձկանների հետ՝ Աֆղանստանից բերված թմրանյութի պատճառով: Ադրբեջանի զինվորական շտաբի և մոջահեդների կապող օղակը աֆղան Վայդալլահն էր, ով Բաքվում կազմակերպում և համակարգում էր մոջահեդների հետ կապված աշխատանքները : Ադրբեջանցի զինվորների և մոջահեդների միջև հաճախ էին տեղի ունենում դաժան ընդհարումներ, ներառյալ՝ քաղաքացիների գլխատումն ու ծիսական անդամահատումը : Այս անհանդուրժողականությունը պայմանավորված էր ինչպես կրոնական, այնպես էլ հոգեբանական գործոնով. ադրբեջանցի զինվորների մի մասը Աֆղանստանի պատերազմի ժամանակ խորհրդային բանակի կազմում կռվել էր մոջահեդների դեմ, ուստի նրանց համար դժվար էր մեկը մյուսին ընկալել որպես դաշնակիցներ: Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս հերքում են ռազմական գործողություններին մոջահեդների մասնակցությունը, և խնդրին հնչեղություն չտալու համար ոչ բոլոր մահացածների աճյուններն են Աֆղանստան ուղարկվել՝ թաքցնելով աֆղանցիների շրջանում իրական զոհերի թիվը :

3. Իսլամական այլ ուժերի աջակցությունն Ադրբեջանին

Հայկական առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վլադիմիր Վարտանովը փաստում է, որ բացի չեչենական ստորաբաժանումներից, Արցախյան պատերազմին մասնակցել են Ուզբեկստանի, Տաջիկստանի իսլամական կազմակերպությունների, ինչպես նաև «Կովկասի ժողովուրդների համադաշնություն» կազմակերպության ռազմական խմբավորումները, որոնք ավելի շուտ գալիս էին ոչ թե հայերի դեմ կռվելու, այլ գործնական վարժանքների՝ ապագայում «Կովկասի Էմիրաթ» ստեղծելու նպատակով: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Աբխազիա ուղարկված սույն ստորաբաժանումը հայերի հետ նույն զորքի կազմում կռվել է Վրաստանի դեմ : Սա ապացուցում է, որ քրիստոնյա աշխարհի դեմ ընդհանուր իսլամական դրոշի տակ համախմբվելու կրոնական քարոզները ունեին մանիպուլացիոն քաղաքական նպատակներ: Վլադիմիր Վարտանովի վկայությամբ՝ «Այս ամենը ուներ ընդգծված հակառուսական ուղղվածության դիմագիծ՝ ԱՄՆ հովանու ներքո: 1992 թ. տեղեկատվություն ստացանք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ապահովել է Իրանի տարածքով մոջահեդների փոխադրումը Ադրբեջան, ինչպես նաև ԱՄՆ հրահանգիչներին զուգահեռ' ռազմական պատրաստական կուրսեր էին անցկացնում Ադրբեջանում» : Վերոնշյալ տեղեկատվությունը հաստատվում է 2011 թ. մայիսի 9-ին Արդեբիլում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ իմամ-ջումա այաթոլլահ Սեիդ Հասան Ամելիի հայտարարությամբ: Նա նշել է, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը Ադրբեջանին մատակարարել է զենք և զինամթերք, ինչպես նաև ցուցաբերել է կազմակերպչական օգնություն, այդ թվում՝ աֆղանցի մոջահեդների տեղափոխումը ռազմաճակատ: Շուշիի մարտերի ժամանակ Ռահիմ Ղազիևի (1992-1993 թթ. Ադրբեջանի պաշտպանության նախարար) և Ռովշան Ջավադովի (1992-1994 թթ. Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հրամանատար) խնդրանքով ստեղծվել էր ընդհանուր ադրբեջանա-իրանական պաշտպանական շտաբ, որի շրջանականերում Թավրիզի և Արդեբիլի գեներալները օգնում էին Ադրբեջանին :
2013 թ. ապրիլին նման հայտարարություն է արել նաև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, ով անձամբ է հրամայել իր զորքին ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանի հանրապետության բանակին : Սակայն ռազմական, հումանիտար օգնություն ցուցաբերելով՝ Իրանը իրականում այդ ճանապարհով սոսկ կրոնական ակտիվ քարոզչություն էր ծավալում՝ Ադրբեջանի ներսում իր ազդեցությունը տարածելու և երկրի քաղաքական գործընթացներին ներազդելու լծակներ ստեղծելու նպատակով:
Մինչդեռ, Ղարաբաղյան հակամարտության սկզբնական շրջանից սկսած՝ Ադրբեջանին բազմակողմանի ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական օգնություն տրամադրած հիմնական երկիրը եղել է Թուրքիայի Հանրապետությունը :

4. Ղարաբաղյան ճակատում իսլամական վարձկանների առկայությունը փաստող տվյալներ

Թեև ո՜չ մուսուլման երկրները, ո՜չ էլ իսլամական ծայրահեղական խմբավորումները պաշտոնապես չեն արձագրել Ղարաբաղյան պատերազմին իրենց մասնակցության փաստը, սակայն կան բավական իրեղեն ապացույցներ, որոնք հիմնված են մարտերի ժամանակ սպանված մոջահեդների դիակների առկայության, նրանց մոտ հայտնաբերված տեղեկատվության, նաև պատերազմական գործողություններին ականատես օտարերկրյա լրագրողների և բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակած տեղեկությունների վրա:
1993 թ. գարնան-աշնան ամիսներին Լեռնային Ղարաբաղի հարավ-արևմտյան հատվածում Հորադիզի և Զանգելանի ուղղություններով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմի ձեռքն են ընկել Աֆղանստանում տպագրված գրականություն, տետրեր, քարտեզներ, գծագրեր, պակիստանյան և աֆղանական հասցեներով անձնական նամակներ, Բաքվում արված աֆղանցի գրոհայինների լուսանկարներ: Փաստաթղթերը կազմված էին դարի և փուշթու լեզուներով, իսկ դրանցից որոշներն էլ տպագրված էին Աֆղանստանի իսլամական գիտական միության բլանկերի վրա :
1994 թ. Աֆղանստանի նախագահ Բուռնահուդդին Ռաբբանին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղարկված պաշտոնական նամակում նշում էր, որ Աֆղանստանի կառավարությունը հավանություն չի տալիս Աֆղանստանի քաղաքացիների անընդունելի և աննախադեպ մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին և մտահոգություն էր հայտնում, որ որոշ արկածախնդիր խմբեր, հետապնդելով անձնական ֆինանսական շահեր, նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացմանը՝ միևնույն ժամանակ վտանգի տակ դնելով Աֆղանստանի սոցիալ-քաղաքական կայունությունը :
ՙԱֆղանստանի կանանց հեղափոխական միությունը՚ իր 1994 թ. մայիսի 23-ի զեկույցում նշում էր, որ «Հեզբ-ի Իսլամին» ակտիվացրել է Ադրբեջանի համար մոջահեդների հավաքագրումը և միայն վերջին հոսքով Բաքու է ուղարկել մոտ 500 աֆղանցի : Ուշագրավ էր նաև 1999 թ. մարտի 17-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում գրաֆ Շեննոնի ելույթը, որտեղ նշվում էր թուրք սպաների կողմից ղեկավարվող ադրբեջանի բանակի կազմում մոջահեդների առկայության փաստը, որոնք ամսեկան 500 դոլարով կռվում էին Ադրբեջանի կողմից : Ադրբեջանական բանակում վարձկանների առկայության փաստը հետագայում հաստատել է նաև իրավապաշտպան Լեյլա Յունուսովան, ով 1992-1993 թթ. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարն էր: Ադրբեջանական «Զերկալո» թերթում տպագրված իր հոդվածում նա նշել է, որ Ադրբեջանի կողմից կռվում էին մոտավորապես 2500 վարձկաններ Աֆղանստանից :
1994 թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանի արտգործնախարարությունը նամակ է ուղարկել «ՄԱԿ-ի Վարձկանների գծով մարդու իրավունքների հանձնաժողով»-ի հատուկ զեկուցողին, որում արտահայտել է Հայաստանի իշխանությունների դժգոհությունը՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի կողմից տարբեր երկրների վարձկանների ներգրավվածության կապակցությամբ : Նամակում մանրամասն տեղեկություններ էին պարունակվում հիմնականում՝ Աֆղանստանից, Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից Ադրբեջանի կողմից կռված վարձկանների վերաբերյալ: Վարձկանները ամսեկան ստանում էին 700-1000 դոլար, իսկ օդաչուներն ամեն հաջող առաքելության համար՝ 5000 դոլար վարձավճար: Նրանք ծառայում էին 860-րդ և 723-րդ մոտորահրաձգային բրիգադներում, օդային, ցամաքային, հրետանային ուժերում և անվտանգության ծառայություններում: Նամակում նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի մեջ ներգրավված աֆղան մոջահեդների թիվը հասնում էր 3000-ի, որոնք կատարում էին նաև «հատուկ առաջադրանքներ»՝ ադրբեջանցի դասալիքների դեմ իրականացնում էին պատժիչ և վերահսկիչ գործողություններ: Այս զորախմբերը կազմավորել էին առանձին ճամբարներ, որոնք տեղակայված էին Դոլիբուրուն (Ժդանովի շրջան), Սեյֆուլի (Շամխորի շրջան) և Ալի-Բայրամլի (Ելվախի շրջան) գյուղերում: Բաքվի կենտրոնում՝ «Ապշերոն» հյուրանոցում, ստեղծված էր գրասենյակ, որը հավաքագրում էր վարձկաններին և նրանց տեղավորում մինչև համապատասխան զորամասեր ուղարկելը :
5. Ղարաբաղյան պատերազմում իսլամական ահաբեկիչների մասնակցության հետևանքները

Չեչեն, աֆղան և արաբ մոջահեդներին հայերի դեմ պատերազմի մեջ ներգրավելը ժամանակի ընթացքում Ադրբեջանի կառավարության համար մեծ խնդիր դարձավ: Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատում պարտություններ կրելով՝ մոջահեդների խմբավորումները 1994 թ. զորացրվեցին և տեղափոխվեցին տարածաշրջանային հակամարտությունների այլ կիզակետեր, իսկ նրանց որոշ մասն էլ մնալով Ադրբեջանում՝ նպաստեց թմրանյութերի մաքսանենգության և ծայրահեղական գաղափարների տարածմանը՝ երկիրը դարձնելով միջազգային ահաբեկչական կառույցների հենարան: Արդեն 1993 թ. Ադրբեջանում գործում էին «Ալ-Քաիդա» («Հիմք»), «Ալ-Ջիհադ» («Սրբազան պատերազմ»), «Ջամաա ալ-իսլամիյա» («Իսլամական ահաբեկչություն»), «Ջամիյաթ ալ-իխվան ալ-մուսլիմուն» («Եղբայր-մուսուլմանների» միություն») և այլ արմատական կրոնա-քաղաքական կազմակերպություններ: Հեյդար Ալիևը սերտ կապեր էր հաստատել այս ահաբեկչական խմբավորումների հետ, և Ադրբեջանում անվտանգ ապաստարան տրամադրելու պայմանով աջակցություն էր ստանում հայերի դեմ պայքարում :
Միայն այն բանից հետո, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները Քենիայի և Տանզանիայի ԱՄՆ դեսպանատների 1998 թ. օգոստոսի 7-ի պայթեցման գործի հետաքննության արդյունքում պարզեցին, որ Ուսամա բեն Լադենը իր ահաբեկչական գործողությունները կարգավորել է «Ալ-Քաիդայի» ադրբեջանական մասնաճյուղից , Ադրբեջանի իշխանությունները ստիպված էին համագործակցել ԱՄՆ հակահաբեկչական ծրագրերի հետ և լուրջ քայլեր ձեռնարկել երկրում արմանատավորված ծայրահեղական կառույցների անդամներին ձերբակալելու ուղղությամբ: Ադրբեջանում ակտիվ գործունեություն էր ծավալում նաև «Ջեյշուլլահ» («Ալլահի բանակ») ահաբեկչական կազմակերպությունը, որի հիմադիր Մուբարիզ Ալիևը սերտ կապեր ուներ չեչեն գրոհայիններ Իբն Խաթթաբի և Շամիլ Բասաևի հետ: Այս կազմակերպությունը «Ալ-Քաիդա» և «Ֆեդաի իսլամ» կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել է նաև մի շարք ահաբեկչական գործողություններ, որոնց նպատակն էր Ադրբեջանը «մաքրել» օտարերկրյա ազդեցությունից, շեղել աշխարհիկ զարգացման ուղուց և երկիրը վերադարձնել դեպի «մաքուր իսլամ» :
Ակներև է, որ Աֆղանստանի, Ղարաբաղի, Չեչնիայի, Բոսնիայի հակամարտությունները, և Տաջիկստանի ու Ուզբեկստանի քաղաքացիական պատերազմները փոխկապակցված էին միմյանց հետ, քանի որ ԱՄՆ հովանավորությամբ նրանցում մասնակցում էին մոջահեդների միևնույն փորձված հրամանատարները: Ռուս լրագրող Սանոբար Շերմատովան, ով բազմիցս գտնվել է հակամարտությունների գոտիներում, գրում է. «Չեչեն և աֆղան զինվորները շարունակել են կռվել Լեռնային Ղարաբաղում մինչև 1994 թ.: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Քաբուլ-Բաքու թռիչքը տանում էր աֆղան զինվորներին, միևնույն ժամանակ վերադարձի ճանապարհին չեչեններին հասցնում էր Քունդուզ և Թալոքան քաղաքներում գտնվող վերապատրաստման ճամբարները, որտեղ նաև հաստատվել էին տաջիկ ընդդիմադիրները» :
Ղարաբաղյան պատերազմը զինադադարի փուլ թևակոխելուց հետո Ադրբեջանը դարձավ տարանցիկ ճանապարհ՝ Չեչնիայի պատերազմին աջակցություն ցուցաբերող երկրների ու կազմակերպությունների համար։ Արդյունքում ահաբեկչական ցանցի հանգույցներից մեկը վերածվելուց բացի, երկրում տարածվեցին վահաբական գաղափարները՝ ժամանակի ընթացքում դառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերին համախմբող քողածածկույթ: 1990-ականների սկզբին Թուրքիա, Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական պետություն և մի շարք Մերձավոր արևելյան երկրներ կատարած իր այցերի ժամանակ Իչկերիայի չեչենական պետության նախագահ Ջոհար Դուդաևին հաջողվեց համաձայնության գալ այդ երկրներից Չեչնիա զինամթերքի ներկրման հարցի շուրջ: Արդեն 1992 թ. սկզբից սկսվեց Ղարաբաղյան ռազմական գործողություններում օգտագործված ռազմամթերքի մեծաքանակ տեղափոխումը Չեչնիա: Հատկապես 1994 թվականին՝ չեչենական առաջին պատերազմի սկզբնական շրջանում, Ադրբեջանում իրենց գործունեությունը ծավալեցին այնպիսի իսլամական կազմակերպություններ և բարեգործական ընկերություններ, ինչպիսիք են «Ջամիյաթ ախյա աթ-թուրազ ալ-իսլամի» («Իսլամական ժառանգության վերածնման միություն»), «Ռաբիթա ալ-ալամ ալ-իսլամի» («Համաշխարհային իսլամական լիգա»), «Հեյաթ ալ-իղասա ալ իսլամիա ալ-ալամիա» («Իսլամական օգնության միջազգային կազմակերպությունը»), «Հեյաթ ալ-ղաուս վա ալ-մուսաադա լի մուսլիմի ալ-Քաուքազ» («Կովկասի մուսուլմանների օգնության և աջակցության կազմակերպություն»), «Ալ-Խարամեյն» («Երկու սրբավայրեր») : Այս կազմակերպությունները ռազմական, նյութական և հումանիտար օգնություն էին փոխանցում չեչեն վահաբականներին, ինչպես նաև չեչենական պատերազմներից հետո Ադրբեջան ներթափանցած գաղթականներին, որոնց քանակը արդեն 1996 թ. հասնում էր 5 հազարի :
1994 թ. աշնանը չեչանական ազգային ավիաուղիների ինքնաթիռները իրականացնում էին Խարտում-Բաքու ուղղությամբ չվերթներ՝ չնշված բեռով: Իսկ Արևելյան Գերմանիայում Թուրքիայի կողմից գնված ռուսական արտադրության զենքերը Բիթլիս քաղաքի վրայով օդային ճանապարհով ուղարկվում էին Բաքվից ոչ հեռու գտնվող Ադրբեջանի ռազմական «Նասոսնայա» օդանավակայան , այնտեղից էլ՝ Չեչնիա: 1994-1995 թթ. չեչենական ուժերի զինման և կամավորների տրամադրման գործում ակտիվ դեր խաղացին «Գորշ գայլեր» («Բոզ քուրթլար») թուրքական ազգայնական կազմակերպության ադրբեջանական թևը և նրա ղեկավար Իսքենդեր Համիդովը : «Ալ-Քաիդայի» հովանավորությամբ չեչեն գրոհայինների գլխավոր հրամանատար Խաթթաբի հիմնած մոջահեդների պատրաստման բազմաթիվ ռազմական կենտրոններում բացի Հյուսիսային Կովկասից, Վրաստանից, Ինգուշեթիայից, Օսիայից և Կենտրոնական Ասիայի երկրներից եկած կամավորներից, վերապատրաստություն էին անցնում նաև ադրբեջանցի վահաբականների ռազմական խմբավորումները: 1995 թ. սկզբին Չեչնիայի իսլամական հրամանատարները հայտարարեցին, որ «Ադրբեջանցիները և կովկասցի այլ կամավորները լեռներում գտնվող վերապատրաստման ճամբարներում սպասում են իրենց հերթին հարձակում իրականացնելու ռուսական թշնամու և վրացական ռազմական ստորաբաժանումների վրա, եթե նրանք փորձեն միջամտել» :
Ադրբեջանի իշխանությաններին այդ երկրի Ազգային անվտանգության նախարարության հայտնած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի մոտավորապես 300 քաղաքացի ուսում է ստացել Հյուսիսային Կովկասի վահաբական կենտրոններում, իսկ չեչենական երկրորդ պատերազմի ընթացքում մահացել են 13 ադրբեջանցի, որոնք հաճախում էին Բաքվում վահաբականների կենտրոն համարվող «Աբու Բաքր» մզկիթ: 1999-2003 թթ. Ադրբեջանի իշխանությունները դատապարտել են ավելի քան 70 տեղացի վահաբականների՝ Չեչնիայում ռազմական գործողություններին մասնակցելու համար :
Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, որ «չեչենական և դաղստանյան պայքարը պետք է դիտարկել որպես ազգային-ազատագրական պայքար, այլ ոչ թե ահաբեկչություն, ինչպես փորձում են ներկայացնել ռուսական իշխանությունները» :
Հատկանշական է նաև այն փաստը, որ Մոսկվայի չեչենական մաֆիայի պարագլուխ, առաջին չեչենական պատերազմի տարիներին Ջ. Դուդաևի կողմից ներքին հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակված Խոժ-Ահմեդ Նուխաևի մշտական նստավայրը Բաքուն էր: Չեչեն գրոհայիններին օգնություն տրամադրելու համար, նա արտերկրից իրականացնում էր դրամահավաք, իսկ ավարներով և լեզգիներով բնակեցված Զաքաթալա քաղաքը դարձրել էր անցակետ, որտեղից մոջահեդները կարող էին Դաղստանով մտնել Չեչնիա :
Չեչենական առաջնորդները բազմիցս իրենց հավատարմությունն են հայտնել Ադրբեջանի կառավարությանը և հավաստիացրել են, որ իրենց «ներքին խնդիրները» լուծելուց հետո, կտեղափոխվեն ղարաբաղյան գոտի՝ Ադրբեջանի «օկուպացված տարածքները՚ ազատագրելու համար: Ինչպես նշել է չեչեն վահաբականների գլխավոր գաղափարախոս Մովլադի Ուդուգովը 1999թ. հուլիսին «Մեդիամաքս» լրատվական ընկերությանը տված հարցազրույցում՝ «Դաղստանի ազատագրումից հետո շատ չեչենական ռազմական խմբերի թիվ 2 հարցը Ղարաբաղն է... » :

Ամփոփում

Իսլամը Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում վերաիմաստավորվեց և սկսեց օգտագործվել իբրև քաղաքական խաղաքարտ՝ Ղարաբաղյան շարժման ակտիվացմանը հակազդելու համատեքստում: Ղարաբաղյան պատերազմի տարիներին մուսուլմանական պետությունների, իսլամիստական և ահաբեկչական կառույցների հետ քրիստոնյա աշխարհի դեմ կնքված ՙփոխօգնության պայմանագիրը» և ՙիսլամական համերաշխության» գաղափարը մինչ օրս պահպանել է իր «իրավական» ուժը: ԻԿԿ անդամ երկրներից Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Բանգլադեշը, Թուրքիան որպես Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայման են առաջ քաշել Ղարաբաղյան հակամարտության ադրբեջանանպաստ կարգավորման պահանջը:
Պարտավոր ենք նաև արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի պատերազմում իսլամական վարձկանների ներգրավվումը հակասում էր համընդհանուր միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ 1977 թ. Ժնևյան կոնվենցիաներին արված առաջին Լրացուցիչ արձանագրությանը, 1989 թ. ՄԱԿ-ի կոնվենցիային, որոնցով արգելվում է վարձկանների օգտագործումը, ֆինանսավորումը և վերապատրաստումը ։ Սակայն իր նման հակաիրավական քայլերի համար Ադրբեջանի Հանրապետությունը մինչ օրս չի ենթարկվել համապատասխան պատժամիջոցների: Արդյունքում՝ զինադադարի հաստատումից հետո մոջահեդների մի մասը անարգել մնաց Ադրբեջանում, պատերազմական գոտում հաստատվեցին իսլամական տարբեր բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, ինչը պարարտ հող ստեղծեց երկրում իսլամիստական-ահաբեկչական կառույցների հաստատման համար, որոնք վայելում էին ադրբեջանական կառավարության բազմակողմանի աջակցությունը: Դրա հետևանքով Ադրբեջանը դարձավ միջազգային ահաբեկչական սարդոստայնային ցանցի գլխավոր հանգույցներից մեկը՝ սպառնայիք ստեղծելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

 

Մանրամասն տե՜ս 

http://vemjournal.org/?p=1215 

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan