Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ապրիլյան չորսօրյա պատերազմի վերլուծություն. Արծրուն Հովհաննիսյան

Ապրիլյան չորսօրյա պատերազմի վերլուծություն. Արծրուն Հովհաննիսյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Ապրիլյան չորսօրյա պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տևական ժամանակ դեռ կքննարկվեն, անշուշտ, առաջ կքաշվեն բազում աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը մի քանի հանգամանք հստակորեն հաշվարկել էր: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագույն զինատեսակներ, դրանք իրենց մեծ վստահություն էին ներշնչել, ընդհուպ, որ դրանք կարող են իրենց հաղթանակ ապահովել: Միաժամանակ նրանք գիտեին, որ հայկական կողմը ևս բավականին ձեռքբերումներ ունի, սակայն դրանց զգալի մասը դեռևս ճանապարհին է: Եթե սրան հավելենք, որ ադրբեջանական բանակի ծախսերը շեշտակիորեն կրճատվել էին, ապա կարելի է ենթադրել, որ, ըստ իրավիճակի, ճիշտ ժամանակն է փորձել բլիցկրիգ (արագ պատերազմ) անել:
Ռազմական առումով անհրաժեշտ է ապրիլյան այս պատերազմը մանրամասնորեն վերլուծել, սակայն մի քանի հանգամանք արդեն կարելի է վստահորեն փաստել: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը, վերջին երկու տարվա ընթացքում իր ունեցած բոլոր դիվերսիոն- հետախուզական խմբերը, (կատարվել է առնվազն 150 դիվերսիոն ներթափանցման փորձ) ականային, հրետանային և այլ միջոցները գործի դնելով ու ոչնչի չհասնելով, փորձեց լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսել: Ինչպես անվանել այս մարտական գործողությունները: Այն, անշուշտ, լայնամասշտաբ պատերազմ չէ: Ոմանք այն անվանում են “հետախուզություն մարտով”, որը որոշակիորեն ճիշտ է: Սակայն դասական իմաստով այդպես չէ: Դեռևս 1990-ականների երկրորդ կեսից ռազմարվեստում կիրառվում է առկա ուժերով, առանց նոր ուժերի ու միջոցների ներգրավման հիմնական հարված հասցնելու մարտավարությունը: Ադրբեջանը այս անգամ հենց նման հարված հասցրեց. օպերատիվ շարվածքում առկա ուժերով ու միջոցներով փորձեց անակնկալ և որոշիչ հարված հասցնել, պլանավորել էր մարտավարական բնագիծը ճեղքելով դուրս գալ օպերատիվ խորություն: Միայն այն հանգամանքը, որ նրանք մարտավարական առաջին գծով չէին բավարարվելու, արդեն նշանակում է, որ սա հետախուզական մարտ չէ: Բացի դրանից` ակնհայտ է մի հետաքրքիր առանձնահատկություն ևս: Ադրբեջանական լրատվամիջոցները մինչև կեսօր լռում էին: Կեսօրին միանգամից անցան հարձակողական տեղեկատվական տեղատարափի, ընդ որում, սկզբում անթաքույց հպարտանալով, որ իրենք հարձակվել են և գրավել ինչ-որ բնակավայրեր ու բնագծեր: Սա նշանակում է, որ տեղեկատվական գործողությունները ևս նախօրոք պլանավորված են եղել` մարտական գործողություններին համահունչ սցենարով: Ադրբեջանական զորքերի հաջողությունները պետք է ուղեկցվեին համապատասխան տեղեկատվությամբ, սակայն երբ դրանք սկսեցին հաղորդվել ըստ նախնական մշակված պլանի, չէին համընկնում մարտական գործողություններին: Ի դեպ, նույնը արեց նաև թուրքական մամուլը, որը ևս հավանաբար տեղյակ էր ծավալվելիք գործողությունների մանրամասներին:
Այդ են վկայում հենց երկու ուղղությունում կենտրոնանալը և այդ ուղղությունների համեմատաբար հարթավայրային մասերում տանկային ուժերով հիմնական հարվածները, օրինակ` Սեյսուլանի ուղղությամբ ճեղքման հարվածը տանկերով ու հետևակով: Հարվածների ուղղությունները ենթադրում են, որ հյուսիսից ու արևելքից հասցվող հարվածները Արցախի հյուսիում նպատակ ունեին գրավելու Մարտակերտը, Սարսանգի ջրամբարով և այլն: Հաջողության դեպքում ադրբեջանական զորքերը համապատասխան զորախմբերով պետք է հարվածներ հասցնեին նաև այլ ուղղություններում: Ըստ ադրբեջանական տվյալների` յուրաքանչյուր հատվածում գործի են դրվել են 1-ին էշելոնի մեկական բրիգադի ուժերն ու միջոցները, որոնք ուժեղացված են եղել հատուկ նշանակության ուժերով` ընդհանուր մինչև երկու բրիգադ հատուկ դիվերսիոն խմբերով, լեռնահրաձգային ստորաբաժանումներով, տանկային և հրետանային այլ ուժերով: Յուրաքանչյուր ուղղությամբ նաև կուտակվել էին զգալի տանկային ուժեր:
Քանի որ այս դեպքում հասկանալի է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է նվազեցնելու սեփական ուժերի թվաքանակը, ինչը հիմնավորվում է նաև որոշ զինատեսակների կիրառությամբ, որոնք դուրս են կորպուսային ենթակայությունից, ապա հասկանալի և ակնհայտ է, որ ուժերը առնվազն եղել են բրիգադներից մեծ: Բրիգադը այդքան ուժերով արդեն կորպուսային ներուժ ուներ: Այդ մասին է փաստում նաև հակառակորդի կողմից հրետանային կրակի ինտենսիվությունը: Չորս օրվա ընթացքում ըստ որոշ տեղեկությունների հակառակորդը կիրառել է 120մմ-ից բարձր ավելի քան 30 000 հրետանային արկ, ինչը մեկ միջինից բարձր օպերատիվ ռազմագործողության համար նախատեսված զինամթերքի ծախս է:
Որպես ելակետային հաշվարկ նշենք, որ մեկ հրետանային համակարգի մարտապաշարը հաշվարկվում է 60-80 արկ: Եթե այս հաշվարկով դիտարկենք ու հաշվենք, որ մեկ հրանոթը կարող է կրակել օրական առավելագույնը մեկ մարտապաշար, ապա ստացվում է, որ մարտական ակտիվ չորս օրում յուրաքանչյուր հրանոթի առավելագույն արագությամբ կիրառման դեպքում եղել է մոտավորապես 100 միավոր 120մմ-ից բարձր հրանոթ: Ավելի ցածր ակտիվության դեպքում, ինչը ավելի հավանական է, կիրառվել է ավելի քան 150 հրանոթ:
Ադրբեջանական ԶՈՒ-ն փորձել է դիմել հնարամտության, որը մի քանի անգամ փայլուն է դրսևորվել ռազմարվեստի պատմության մեջ: Հարվածող խմբավորումների առաջին շարակազմում կիրառվել են միայն հատուկ նշանակության ուժեր, այդ թվում` փորձ` օդային դեսանտ իջեցնել մարտավարական խորքում: Ապրիլի 2-ի առավոտյան խոցված ուղղաթիռը հենց այս փորձի ժամանակ է խոցվել: Այսինքն` այդ խմբերը խնդիր ունեին գրավել առաջին բնագծերը կամ բացվածքներ ապահովել այդ բնագծում և միաժամանակ թիկունքից հարված հասցնել գումարտակային խորությանն ու խուճապ առաջացնել: Հիմնական զրահատանկային միջոցները մոբիլ խմբերի հետ գործել են արդեն երկրորդ շարակազմում` փորձելով առաջին խմբերի հետ գործել բարձր ներդաշնակությամբ: Գործելով այս կանոններով և ձգտելով քողարկել իրենց հարվածը, որպեսզի ապահովվի անակնկալի գործոնը, ադրբեջանական զորքերը նոր ուժերի ու միջոցների ներգրավումը իրականացրել են ընթացքում` մարտավարական խորությունում ունենալով պահեստային ուժեր: Սակայն քանի որ առաջին դիվերսիոն խմբերի գործողությունները լիարժեք հաջողության չեն հասել, չնայած նրան, որ Թալիշ գյուղում և որոշ դիրքերի թիկունքում դիվերսանտներ եղել են, ապա հիմնական հարվածային ուժերը իրենց խնդիրը չեն կարողացել կատարել: Այսինքն` հիմնական հարվածային ուժերի ճանապարհը չի բացվել, ինչպես պլանավորած էր: Այստեղից սկսվել է ադրբեջանական հարվածային խմբավորման պլանների խափանումն ու ներդաշնակության կորուստը:
Միայն այս ուղղությամբ շրջափակման մեջ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր: Իսկ որոշ դիրքեր իրենց վրա հարձակումը հաջողությամբ հետ են մղել կամ հակագրոհներով արագորեն վերականգնել են կորցրածը:
Նույն սցենարը գրեթե կրկնվել է երկու ճակատում՝ Մարտակերտի ուղղությամբ էլ ոչնչացվել է 2 տանկ և 2 անօդաչու թռչող սարք: Այսինքն` հայկական ստորաբաժանումներին հանկարծակիի բերել չկարողանալով` հակառակորդը դիմել է ծայրահեղ մեթոդի, այսպես ասած, պլան “Բ”-ի` հրետանային ինտենսիվ կրակով գոնե առաջին դիրքերը վերցնելու մարտավարությանը: Իհարկե, նման ինտենսիվ կրակով մի քանի տեղում հակառակորդին հաջողվել է ճեղքել առաջին բնագիծը, սակայն դրանով էլ տապալել է ամբողջ օպերացիան. քանի որ հիմնական ուժերը ոչ մի նշանակալի հաջողության չհասնելով, անգամ մարտավարական որևէ խորություն չգրավելով, ստիպված են եղել դիրքային մարտեր վարել: Տեղում փորձելով ճեղքել պաշտպանական բնագիծը, սակայն այդտեղ ևս ձախողվելով, հակառակորդը ներգրավել է նաև ծանր հրանետներ, որոնք ի սկզբանե չէին կարող նախատեսված լինել` հաշվի առնելով դրանց դանդաղաշարժությունը: Հակառակորդը, կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 ("Գրադ") տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն Պաշտպանության բանակի դիրքերը, այլև խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից ապրիլի 2-ին ժամը 12:30-ի սահմաններում խոցվել են հակառակորդի մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:
Փաստորեն, ադրբեջանական բանակը հիմնական հարվածային ներուժով տապալել է իր օպերատիվ մակարդակի կայծակնային ռազմագործողությունը, որով պետք է ուժեղացված բրիգադներով ճեղքեր վաշտային պաշտպանությունը և դուրս գար մարտավարական խորք: Նույնիսկ երկու մակարդակ բարձր ադրբեջանական ուժերը, փորձելով ամրանալ վաշտային հենակետերի բնագծերում, ենթարկվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի գումարտակային ու գնդային ռեզերվների հակահարձակմանը և որոշ տեղերում դրանք կորցրել են: Այն տեղերում, որտեղ ադրբեջանական բանակին հաջողվել է առավելագույնը ջոկի դիրք պահել, դա հնարավոր է եղել միայն կորպուսային ռեզերվների ներգարվմամբ:
Հաշվի առնելով այդ իրողությունը` Ադրբեջանը հընթացս գործողությունները տեղափոխեց հյուծման հարթություն՝ հին մեթոդներով հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերը:
Սակայն քանի որ այս տարբերակը հաշվարկված չէր ադրբեջանական բանակի կողմից, այն վարվում էր ավելի վատ, քան նույնիսկ տապալված գործողությունը: Սկզբից ևեթ յուրաքանչյուր տապալումից հետո ադրբեջանական բանակը փորձել է թվաքանակով կատարել իր խնդիրը, սակայն չի հաջողվել: Յուրաքանչյուր միջոցի կիրառման անհաջողությունից և ամեն մի գրոհից հետո ձեռնարկելով նորանոր գրոհներ ու փորձելով անպայման հաջողության հասնել քանակական գերակշռության և տեխնիկական գործոնների հաշվին` ադրբեջանական բանակը պատերազմը տեղափոխել է իր համար արդեն ոչ ձեռնտու հարթություն: Քիչ-քիչ մարտի մեջ են մտցվում հրանետներ, ծանր հրետանի և այլն, սակայն քանի որ ամեն ինչ վատ էր պլանավորված, անգամ նորագույն համակարգերը, ինչպիսիք են մարտական ԱԹՍ-ները, կիրառվում են ոչ համակարգային, այլ անհատական, տալով ցածր արդյունք: Հատկապես զարմանալի էր “Սմերչ” համակարգերի բացարձակ անհաջող կիրառությունը:
Հատկապես անհասկանալի էին մարտական ԱԹՍ-ներով տանկերի ու առանձին մեքենաների խոցման փորձերը: Դրանցով լուծվել են միայն մարտավարական խնդիրներ: Կիրառվել է մոտավորապես 15 հարվածային ԱԹՍ, որից միայն մեկն է եղել արդյունավետ, այն էլ քաղաքացիական ավտոբուսին է հարված հասցրել: Բացի դրանից` մնացած հարվածները կամ եղել են անարդյունավետ, կամ ոչ նպատակահարմար, երկուսին էլ ՀՕՊ ուժերը խոցել են: Իհարկե, սրանք լուրջ օպերատիվ խնդիրներ լուծելու համար նախատեսված միջոցներ են, սակայն ճիշտ չեն կիրառվել:
Քանի որ այդ դիրքային մարտերը ադրբեջանական բանակի համար արդեն վերածվել էին պատվի խնդրի, ապա ամեն ինչ նետվում էր մարտի` միայն թե վաշտային հենակետերն ու խրամատները գրավվեին կամ գրավածները պահվեին հայկական հակագրոհներից: Փաստորեն, ադրբեջանական ԶՈՒ-ն, բացի մարտական ինքնաթիռներից, կիրառեց բոլոր տեսակի այլ միջոցները, թեկուզ ոչ ամբողջական ծավալով կիրառեց օպերատիվ մակարդակի ամբողջ զինանոցը: Դրան հակառակ` հայկական կողմը առհասարակ այս ենթակայության ուժեր չի կիրառել, ավելին` անգամ բանակի ռեզերվները չեն ներգրավվել:
Կայծակնային գործողության տապալումից հետո Ադրբեջանը անցավ հյուծման կռվի: Ադրբեջանը, այո, ուներ տեխնիկական որոշակի առավելություն և դա ակնհայտ էր, սակայն այն այնքան մեծ չէր, որքան պատերազմի անցնող փուլում:
Շուրջ երկու օր տևած հյուծման մարտերից հետո Ադրբեջանը, սպառելով ստեղծված այդ զորախմբերի հիմնական ներուժը, գնաց հրադադարի: Կրակի դադարեցման պայմանավորվածության պահի դրությամբ ադրբեջանական կողմը կորցրել էր 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ և 12 անօդաչու թռչող սարք: Հատուկ նշենք, որ հայկական կողմը կորցրել է մեկ ԱԹՍ: Արցախյան կողմի տեխնիկական հագեցվածությունը այնքան խիտ էր, որ գործնականում անհնար էր առանց մեծ կորուստների առաջ շարժվել, ինչն էլ ապացուցվեց կորուստների մեծ թվաքանակով: Դա ապահովվել էր նաև նրանով, որ զորքերը նախկին լարումների հանգամանքներով, ինչպես նաև հետախուզական տվյալների հիման վրա գրեթե լիովին բացազատված էին իրենց բնագծերում:
Չորսօրյա մարտական գործողությունները փաստեցին, որ ադրբեջանական ԶՈՒ-ն, բրիգադային ուժեղացված զորախմբերով, ներառյալ` վերադասի կողմից տրված ուժերն ու միջոցները, հարձակում ձեռնարկելով ըստ էության վաշտային հենակետի վրա` հընթացս չի կարողացել գրավել այն, անգամ դուրս չի եկել վաշտի պաշտպանության հենակետի ամբողջ խորքը: Ադրբեջանական զորախմբերը մարտական գործողությունների երկրորդ օրը կիրառել են օպերատիվ ենթակայության ուժեր: Ծանր հրանետները, մարտական ԱԹՍ-ները և “Սմերչ” համակարգերը անգամ բրիգադի վերադասի ենթակայության ներքո չեն, այսինքն` կիրառվել են երկու-երեք աստիճան բարձր հրամանատարության կողմից տրված ուժեր և միջոցներ:
Փաստորեն, ապրիլի 5-ին ադրբեջանական ԶՈՒ-ն, արցախյան բանակի երկու վաշտային ոչ լիարժեք հենակետ գրավելու համար կիրառելով 2-3 անգամ բարձր մակարդակի, մինչև անգամ 10 անգամ գերազանցող ուժեր, չի կարողացել լուծել մարտավարական խնդիր և ստիպված է եղել դիմակայել հայկական ուժերի հակագրոհներին: Կրակի դադարեցումը այդ սպառումը համալրելու փորձ էր նոր ուժեր ներգրավելու համար, քանի որ լայնածավալ համալրում և զորաշարժեր չէր կարող կատարել:
Ադրբեջանական բանակի գործողությունների առանձնահատկությունները.
1. Թույլ էր ադրբեջանական հարձակողական խմբավորումների գործողությունների պլանավորումը, և ցածր է ղեկավարման մարմինների պատրաստությունը:
2. Ադրբեջանական բանակը ուներ ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի հագեցվածություն, սակայն դրանց ոչ նպատակային ու ճիշտ կիրառություն: Դա հատկապես դրսևորվում է մարտական ԱԹՍ-ների և ռադիոտեխնիկական զինվածության, ինչպես նաև մասնակի տեխնիկական առավելության, տանկային, հակատանկային, հեռահար հրետանու և այլ սպառազինությունների հարցում:
3. Անգամ ոչ մեծ քանակով բացազատված զորամասերն ու միավորումները ունեին ոչ հստակ փոխգործակցություն:
4. Մարտավարական ուժերի դեպքում ադրբեջանական բանակը դրսևորեց ռազմարվեստում դասական ու առավել ևս նորարարական մոտեցումների իրականացման անպատրաստություն:
5. Ադրբեջանական բանակը թույլ տվեց մեկ ռազմավարական սխալ` ունենալով տեխնիկական առավելություն, հետախուզահարվածային հնարավորություններ, ի սկզբանե զորքերի կառավարման անհաջողությունների պատճառով դրանք սխալ օգտագործեց, դրան հակառակ` գնաց մարդկային ռեսուրսով հաջողության հասնելու մարտավարությանը և տալով մեծ թվով զոհեր` ոչնչի չհասավ:
6. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հյուծիչ պատերազմի, քանի որ այն իր համար իրականում հայրենական պատերազմ չէ: Ադրբեջանական մամուլը և հասարակությունը լիովին փակ են, չկա ինքնաքննադատություն և սխալների ընդունում, գործում են շաբլոնային մեթոդները:
Հայկական բանակի գործողությունների առանձնահատկությունները.
1. Հայկական ստորաբաժանումները արագ և ճկուն են գործում հատկապես խուսավարման և բացազատման հարցերում, այնքան արագ ու ճիշտ, որ, օրինակ, “Սմերչ” համակարգերը առաջին օրը թիրախներ չեն գտել խոցելու համար: Հայկական զորքերը ավելորդ կուտակումներ չեն առաջացրել: Մարտակարգերի վրա դրանց կիրառությունը արդյունավետ չի կարող լինել: Արձակվել է 1-2 համազարկ:
2. Հայկական կողմի պահեստային ուժերի գործողությունների համակարգը հղկված է և գործում է անխափան: Բանակը իր համալրման խնդիրը կատարում է բարձր մակարդակով:
3. Հայկական բանակի ստորաբաժանումները դրսևորել են մասսայական քաջության դեպքեր: Դիրքեր են եղել որոնք մինչև վերջ կռվել են ու զոհվել բազմապատիկ ուժերի դիմաց, ՊԲ-ի շարքային զինվորները խոցել են երկու ուղղաթիռ և կան զինվորներ որոնք մի քանի տանկեր են խոցել:
Հայկական բանակը, որոշակի տեխնիկական հարցերում զիջելով ադրբեջանական կողմին, գերազանցում է հաղթանակ ապահովող երկու կարևորագույն գործոնով. զորքերի և ռեզերվների մարտական բարձր ոգին և կառավարման բարձր մակարդակը` շնորհիվ պատրաստված ու վճռական հրամանատարների ու լավ փորձի:

Արծրուն Հովհաննիսյան

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
28Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan