Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հաշմանդամային մարզաձևերը Հայաստանում զարգանում են առանց պետական աջակցության.«Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Դեռևս 2010 թվականին Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որի 30-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե երկիրն ինչ պետք է անի սպորտի ոլորտում, ինչպես պետք է խթանի հաշմանդամային սպորտը և դարձնի այն մասսայական: Ստանձնած պարտավորությունները, մեղմ ասած, մնացել են միայն թղթի վրա: Հաշմանդամություն ունեցող անձանց սպորտով զբաղվելու իրավունքը պաշտպանում են ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները, որոնք փորձում են սպորտը հասանելի դարձնել ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար ու մասսայականացնել հաշմանդամային մարզաձևերը: Ինչպե՞ս է Հայաստանում զարգանում հաշմանդամային սպորտը, ո՞ր մարզաձևերն են առավել զարգացած ու ո՞րն է այս գործում պետության գործառույթը:  Թեմայի մասին «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը զրուցել ենք «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի» քարտուղար Վարդուհի Արամյանի հետ:

-Որքանո՞վ ենք մենք ստեղծել այն միջավայրը, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարավետ լինի նաեւ սպորտով զբաղվելը: Սկսենք մարզադպրոցներից. քաղաքապետարանը, մարզպետարանները, համայնքները պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում մարզադպրոցների վերանորոգման, նոր գույքի եւ սարքավորումների համալրման մասին: Որքանո՞վ են մարզադպրոցները, սարքավորումները համապատասխանեցվում հաշմանդամություն ունեցող երեխաներին:

- Շնորհակալություն հարցի համար: Սկսեցինք ամենացավոտ կետից: Մեր երկրում տարբեր ենթակայության մոտ 166 մանկապատանեկան մարզադպրոցներ կան, բայց ոչ  մի դպրոցում հաշմանդամություն ունեցող երեխա չկա գրանցված, եւ  չեն էլ գործում որեւէ մարզաձեւի առանձնացված, անգամ ներառական խմբեր: Այսինքն` սա այն ոլորտն է, որտեղ մեծ բացթողում ունենք, եւ, ինչպես Դուք ասացիք, երեւի հենց այստեղից պետք է սկսել: Բայց հենց այստեղ մենք ոչինչ չենք արել այն դեպքում, երբ ունենք կառավարության որոշում, որը հստակ սահմանում է, թե ինչպես պետք է ձեւավորվեն այդ խմբերը, ինչ կարգով պետք է աշխատեն, ինչ մասնագետներ, ինչ դրույքաչափեր լինեն եւ այլն: Այսինքն՝ կառավարության այդ որոշումն այնքան էլ լավը չէ, բայց մենք դա ունենք: Իմ ունեցած վերջին տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանը հիմնանորոգել է (ոչ միայն վերանորոգել) եւ նոր մարզագույքով հագեցրել  32 մարզադպրոց: Ցավով պետք է ասեմ, որ այդ մարզադպրոցներից ոչ մեկում հաշմանդամ մարդկանց համար հարմարություններ չեն ստեղծվել՝ բացի մուտքի մոտ 1-2 թեքահարթակից, որը մատչելիության չափանիշ է դարձել:  Դա մատչելիության ընդամենը մեկ տարր է: Մենք տեսնում ենք, որ մարզադպրոցների հիմնանորոգման պարագայում չի պահպանվել  մատչելիության ապահովման այս քաղաքաշինական պահանջը, որը վերաբերում է նաեւ հիմնանորոգվող շենք-շինություններին: Ես նայեցի դպրոցների՝ մարզագույքով հագեցման ծրագիրը.  փաստացի  հաշմանդամային սպորտային մարզագույքից ձեռք է բերվել ընդամենը շոու դաունի (կույրերի համար սեղանի թենիսի նման սպորտաձեւ) 2 սեղան եւ նվիրաբերվել մի կառույցի: Առնվազն ծիծաղելի է, որովհետեւ հարց է առաջանում՝ արդյո՞ք շոու դաունը ամենամասսայական հաշմանդամային մարզաձեւն էր, ինչպե՞ս որոշեցին՝ ինչ մարզագույքի կարիք կլինի ու որ մարդկանց համար: Այստեղ հասկանում ենք, որ կա ուղղորդում, վերահսկողություն, խնամի-ծանոթ-բարեկամի միջնորդություն, որպեսզի այդ գույքը գնվի պետական միջոցներով եւ տրամադրվի կոնկրետ կառույցների:

- Հիմա գանք օրենքի կարգավորմանը. նախազրույցում պարզեցի, որ ամենամեծ բացթողումն այստեղ է: Շատ հաճախ ամենատարբեր ոլորտների մասին խոսելիս տեսնում ենք, որ օրենքը կա, բայց չի գործում: Փաստորեն այս դեպքում նաեւ օրենքում ու իրավական մասով բացթողում ունենք:

- Այսօր մենք խոսում ենք մի թեմայի մասին, որտեղ, կարծես, լրիվ բաց դաշտ ունենք: Երկար տարիներ անկախ երկիր ունենք, արդեն 20 տարի աշխատում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն, բայց այս ընթացքում առաջընթացի փոխարեն հետընթաց ունենք այդ ոլորտում: Մենք վաղուց խոսում ենք այն մասին, որ մեր երկրում չկա հաշմանդամային սպորտի ոլորտը կարգավորող օրենք: Երկար տարիներ ասում ենք, որ անգամ հայեցակարգ չկա, թե ինչպես պիտի զարգանա, ինչ ուղիով, ինչ քաղաքականություն ենք որդեգրում, ուր ենք գնում: Սրան զուգահեռ 2010թ. Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների  մասին կոնվենցիան, որի 30-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե երկիրն ինչ պիտի անի սպորտի ոլորտում, ինչպես պիտի խթանի, ինչ հնարավորություններ պիտի ստեղծի: Այս կոնվենցիան վավերացնելով՝ երկիրը շատ պարտավորություններ է ստանձնել, բայց քանի որ ոլորտային կառույցները հետամուտ են կոնվենցիայի իրականացմանը, երկիրն էլ 3 տարին մեկ հաշվետվություն է ուղարկում ՄԱԿ-ի հանձնաժողովին, հասարակական կառույցները համադրելու նպատակով կառավարության զեկույցին զուգահեռ այլընտրանքային ստվերային զեկույց են ուղարկում: Այս տարի լսումներ են եղել ՄԱԿ-ի կոմիտեում, որն այլ առաջարկություններ է ուղարկել երկրին: Կարճ ասած՝ այս կոնվենցիայի ֆոնին մեր  երկիրը ստիպված որոշակի օրենքների փոփոխություններ է անում: Այդ համատեքստում մեծ ուրախությամբ պիտի ասեմ, որ վերջապես մեր Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը ձեռնամուխ է եղել մշակելու հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը: Հայեցակարգի նախնական տարբերակը շրջանառվում է: Հանրային քննարկման ժամանակ Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան դիտողությունների ու առաջարկների մեծ փաթեթ էր ներկայացրել: Ի ուրախություն մեզ պետք է ասեմ, որ գրեթե բոլոր առաջարկներն ընդունվել են, ուղղակի ոչինչ չունեցած դատարկ դաշտում մենք փորձել ենք ինչ-որ մակարդակի հասնել: Իհարկե, դա այն փաստաթուղթը չէ, որ մենք կուզեինք ունենալ, որը, կարծում ենք, առաջ կտանի, որովհետեւ դեռեւս չունենք գործողությունների ծրագիրը. ընդամենը դեկլարացիոն հայեցակարգ է: Գործողություններից պարզ կլինի, թե ինչի է պատրաստ գնալ երկիրը: Հասկանում ենք, որ այդ գործողությունները ֆինանսական հենք են պահանջում, իսկ ֆինանս գտնելը, հատկապես այսօր, նախարարության համար խնդիր է: Հայեցակարգը, ամեն դեպքում, կառավարության կողմից ընդունվել է, անգամ մեկնաբանություն կա, որ մշակվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից:

Տեսնենք, թե ինչ գործողություններ կկարողանանք իրականացնել՝ հիմք ունենալով այս նախնական հայեցակարգը,  որը, այս տարի՝ սեպտեմբեր ամսին, կառավարությունը վերջապես հաստատեց:

- Որքանով հասկացա՝ այս ոլորտում ամեն ինչ թողնված է հասարակական սեկտորի ուսերին:

-Միանշանակ կարելի է ասել՝ այո: Քանի որ դաշտում ոչ  մի ուսումնասիրություն  ու հետազոտություն չկա, դաշտը լրիվ բաց է,  մեր կազմակերպությունը 2014թ. «Հաշմանդամ երիտասարդները սպորտում» թեմայով ուսումնասիրություն իրականացրեց: Փորձագետների որակական խորը հարցազրույցներից մեկի ժամանակ խոսում էինք նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցչի հետ, որը հստակ ներկայացնելով երկրի դիրքորոշումը, այսինքն՝ լիազոր մարմնի դիրքորոշումը, հստակորեն ասում էր, որ պետությունն ընդամենն աջակցում է հասարակական կառույցներին, որպեսզի նրանք զարգացնեն հաշմանդամային սպորտը: Այս «աջակցություն» ասվածն էլ շատ ծիծաղելի է, որովհետեւ ընդամենի մի քանի միլիոն դրամի մասին է, որը բաժանվում է երեք կազմակերպությունների միջեւ՝ փառատոնի, կույր մարդկանց շախմատի առաջնության  եւ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց հատուկ օլիմպիադաների, ֆուտբոլային շաբաթների անցկացման համար: Սրանց զուգահեռ որոշակի գումարներ են տրամադրվում նաեւ խուլերի սպորտային կոմիտեին, որը, կարող եմ ասել, ամենալավ աշխատող հաշմանդամային սպորտային կառույցն է երկրում, որովհետեւ հայ խուլ մարզիկները շատ մեծ ձեռքբերումներ ունեն միջազգային սպորտային ասպարեզում: Նրանց մրցումները կոչվում են սուրդլիմպիկ խաղեր, որտեղ հայկական ներկայացուցչությունը շատ լավ է հանդես գալիս, անգամ աշխարհի չեմպիոններ ունենք:

- Առանց պետական աջակցությա՞ն:

- Այս հաջողություններից հետո, ի վերջո, կարողացել են լրացուցիչ ֆինանսավորում վերցնել: Հայաստանում մեծ առաջնություններ են անցկացվել, ինչի մասին  քիչ մարդիկ  գիտեն. ո՞վ է տեղյակ, որ Հայաստանում խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնություն է տեղի ունեցել: Այս որոշակի մեծ հաջողություններից հետո կարողացել են գումարներ վերցնել: Բայց պետք է կարողանալ հասկանալ եւ տարանջատել «հաշմանդամային սպորտ» ասածն ըստ իր տարբեր բաղադրիչների. եթե մենք ուզում ենք զարգացնել պարալիմպիկ շարժումը՝ պետք է գնանք դեպի պարալիմպիկ մարզաձեւեր, եթե մեզ հետաքրքրում է զուտ մասսայականացումը, ինչի մակարդակին դեռեւս մնացել ենք՝ իրականացնել  մասսայական միջոցառումներ, հասկանալ, թե որ խմբի համար ինչ միջոցառումներ ենք անում եւ նպատակակետին հասնելու համար՝ ինչ գործողություններ:

- Երբ ասացիք, որ նախարարությունը խոստացել է աջակցել, ես, ինչ մեղքս թաքցնեմ, մտածեցի, որ նկատի են ունեցել բարոյական աջակցությունը:

- Այո, այդպիսի աջակցությունների էլ ենք ականատես լինում.  նախարարը գալիս է ինչ-որ միջոցառման եւ բացման արարողությանը որոշում է գեղեցիկ ելույթ ունենալ, այստեղ արդեն ընտրության հարց է: Իրականում հիմնական աշխատանքները մնում են հասարակական կառույցների ուսերին. նրանք տարբեր միջոցներով, հիմնականում՝ գրանտային, փորձում են ինչ-որ բաներ անել: Բայց պետք է հասկանալ, որ մինչեւ խնդրին համակարգային մոտեցում չլինի, մենք երբեք զարգացում չենք ունենա:

- Քանի որ աշխատանքներն արվում են հասարակական սեկտորում, խոսենք Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի արածի եւ անելիքների մասին: Ես կայքում կարդում էի ձեր հիմնական անելիքները. աջակցել հաշմանդամ մարզիկների կայացմանը միջազգային արենաներում,  առաջին դիրքերի նվաճմանը, երկրում հիմք դնել հաշմանդամային սպորտաձեւերի զարգացմանը եւ այլն: Ինչի՞ց եք Դուք սկսում:

- Ֆեդերացիան ստեղծվել է 2009թ., եւ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, ԵՄ գրանտով, եւ կար գումար: Իր ստեղծման օրից ֆեդերացիան սկսեց ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի համակարգը՝ հաջողությունների հասնելու համար: Պետք է սկսել ստորին օղակից, ինչպես Դուք սկզբում ասացիք՝ մարզադպրոցներ, մասսայականություն, որը հետո կբերի ընտրյալ մարզիկներ, բանակցություններ երկրի ներսում, հետո նաեւ՝ միջազգային ասպարեզում, որից հետո կկարողանանք խոսել հաջողությունների մասին՝ 4 տարի անընդմեջ, պարբերաբար պարապելու արդյունքում: Այսօր խնդիրն այն է, որ մենք որեւէ մարզաձեւից հստակ, պարբերաբար մարզումներ անցկացնող խմբեր ու թիմեր չունենք, իսկ եթե կան, ապա դրանք շատ հատ ու կենտ են եւ ՀԿ-ների անհատական ջանքերի միջոցով, որոնք, գուցե, մի օր սպառվեն: Մենք սկսեցինք վեց մարզաձեւի պարբերաբար մարզումները, որի արդյունքում մեկ տարի հետո կարողացանք իրականացնել Հայաստանի առաջին առաջնությունները 6 հաշմանդամային  մարզաձեւից: Առաջինը լողն է, եւ պատկերացրեք, որ այդ տարիներին ոչ մի լողավազանում թույլ չէին տալիս, որ հաշմանդամություն ունեցող երեխաները ընդհանուր խմբերով մասնակցեին լողի պարապմունքների: Մոտ մեկ տարի անց մենք արդեն 5 լողավազանում խումբ ունեինք, որտեղ երեխաները մարզվում էին, եւ Հայաստանի առաջնություն անցկացվեց: Մյուսը սեղանի թենիսն էր՝ սեղանի թենիս, մարզիկների դասակարգում: Փորձ արվեց էլի Հայաստանի առաջին առաջնություն անցկացնել ու նորմալ դասակարգման համակարգով փորձել, որովհետեւ «հաշմանդամային  սպորտ» ասածը շատ բարդ է իր կառուցվածքով, կազմակերպման ձեւով, տարատեսակների պատճառով: Հաջորդը լեռնադահուկային սպորտն էր. ապշելու բան էր, երբ Ծաղկաձորում սարի վրա առանձին խմբերով մրցում էին կույրերը եւ տեղաշարժման խնդիր ունեցող մարդիկ: Այդպիսի բան Ծաղկաձորը չէր տեսել: Չորրորդը Սեւանա լճում անցկացվող առագաստանավային  մրցաշարն էր. մարդիկ մրցում էին ոչ սովորական նավերով, բայց սա էլի մոտեցում էր, ծանոթացում այդ մարզաձեւին: Մյուս երկուսը զուտ հաշմանդամային մարզաձեւեր էին: Հինգերորդը գոլ-բոլն էր՝ շատ ինտենսիվ, ինտերակտիվ, թիմային մարզաձեւ կույր մարդկանց համար, երբ խաղում են դաշտում, մեծ դարպասներով,  երեքը երեքի դեմ: Մենք կարողացանք ունենալ 6 թիմ՝ Հայաստանից ու Արցախից, առաջնություններ են անցկացվել 3 տարի շարունակ: Անցկացնել հանրապետական առաջնություն՝ պետական մարմինների միայն բարոյական աջակցությամբ, բավականին բարդ է: Մյուս սպորտաձեւը բոչան է. գնդերով խաղ՝ նախատեսված շատ ծանր ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Վերջիններս  չորս վերջույթի ախտահարում ունեն, բայց իրենք մարզիկներ են, լուրջ խաղում են: Մեր ամենամեծ հաջողությունը երեւի այստեղ գրանցվեց, որ բոչան «մեծ» տարածում գտավ. կազմակերպություններ եղան, որ վերցրեցին մեր այս նորամուծությունը, տարածեցին: 2010 թվից սկսած Արցախի իշխանությունը ֆինանսավորում է բոչայի առաջնության ամենամյա անցկացումը, որին մասնակցում են թիմեր նաեւ Հայաստանից: Հիմա էլ մենք աշխատում ենք դրա մասսայականացման ուղղությամբ: Եվ ամենավերջին նորույթը. ընդամենը օրեր առաջ Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան Հայաստան է բերել մի մարզագույք, որով ցանկացած խնդիր ունեցող մարդ, պարտադիր չէ մարզիկ լինի, կկարողանա զբաղվել դահուկասահքով, այսինքն՝ անկախ խնդրից, մեր փորձառու հրահանգչի ուղեկցությամբ այդ գույքը հնարավորություն կտա բարձրանալ սարն ի վեր ու սահել, այսինքն՝ ետ չմնալ ոչ մեկից            եւ հավասար մասնակցություն ունենալ:

- Ձեր հայեցակարգի վերջին կետն էի նայում՝ հասնել այն բանին, որ հաշմանդամ մարզիկները սպորտային բուհերում մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն ունենան. սա թերեւս, ամփոփում է այն ամենն, ինչ պատրաստվում եք անել, ինչ տրամաբանության մեջ տեղավորվում է: Հիմա, փաստորեն, կրթություն ստանալու հնարավորություն էլ չկա:

- Ցավով պետք է ասեմ, որ մեր սպորտային միակ բուհը՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, մեր գործընկերը հանդիսանալով, տարիներ շարունակ պատճառ բերելով իր ընդունելության կանոնակարգը, ասում է, որ կոնկրետ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց, հատկապես՝ սպորտսմենների, ընդունելություն կատարել չեն կարող: Տարիներ շարունակ խոսում ենք այս մասին: 2014թ. վերջապես մեր ձայնը հասավ ՄԻՊ-ին, որն այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանին գրություն ուղարկեց, որ սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, եւ անհրաժեշտ է վերանայել բուհի կանոնակարգը: Այս գրությունը գնաց բուհ, եւ ի՞նչ փոխվեց դրանից հետո. մենք ունենք ընդամենը մեկ չլսող սպորտսմեն, ով ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: Նորից թարմացրել ենք կապը ՄԻՊ-ի հետ, ունենք տեղեկություն, որ իրենք կշարունակեն զբաղվել այս հարցով: Բուհն ուներ ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոն, որտեղ, ըստ իս, պետք է սովորեին նաեւ հաշմանդամություն ունեցող մարզիկները: Այդ ամբիոնը, որը լուրջ ձեռքբերում էր, արդեն բաժին է դարձել, եւ մի օր դա էլ կկորցնենք: Այդ ամբիոններից են դուրս գալիս այն մարդիկ, ովքեր առաջ են տանում հաշմանդամային սպորտի զարգացումը: Հույս ունեմ, որ ՄԻՊ-ի ներկայիս գրասենյակն այդ ուղղությամբ էլի կաշխատի, եւ բուհն իսկապես կնայի իր մոտեցումներն ու միջոցառումների ժամանակ ասվող այդ «գեղեցիկ» խոսքերն իրականություն  կդառնան, եւ բոլոր մարդիկ, անկախ իրենց հաշմանդամությունից, անհրաժեշտ նորմերի դեպքում հնարավորություն կունենան ընդունվել բուհ: Մենք ունենք դեպքեր, երբ մարզիկը միջազգային սպորտի կարգ ունի, բայց մեր բուհում սովորելու իրավունք չունի: Այս հակասությունների մեջ ենք, եւ այստեղ հստակեցում մտցնելու անհրաժեշտություն կա, իհարկե, հօգուտ հաշմանդամություն ունեցող մարզիկների:

- Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ 2010-ից, երբ կոնվենցիան վավերացրել ենք, հաշվետվությունների մեջ ի՞նչ ենք գրել, եթե մինչեւ հիմա այսպիսի տարրական հարցեր չենք կարողացել լուծել: Դուք ասացիք, որ 3 տարին մեկ պետությունը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների մասին:

- Իրականում հաշվետվությունների մեջ գրելու շատ բան ունենք: Հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների եւ իրավունքների պաշտպանության ոլորտն այսօր շատ արդիական է: Դուք ասում եք, որ 2010-ից կոնվենցիա ենք վավերացրել, բայց  մինչեւ օրս մենք դեռ չունենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու ներառման մասին օրենքը: Այսինքն՝ մենք հիմա այս երկրում ապրում ենք 1993 թվականի՝ «Հաշմանդամների սոցիալական ապահովության մասին» շատ տգեղ վերնագրով ինչ-որ օրենքով: Իսկ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության եւ ներառման օրենքն արդեն երրորդ անգամ խորհրդարան է մտնում եւ հետ ուղարկվում: Հիմա մենք մասնակցում ենք այդ գործընթացին, եւ  պետք է աշխատենք, որ այս օրենքն ընդունվի գոնե այն տեսքով, որը կա:  Հիմա օրենքը խորհրդարանում է, հուսանք՝ կընդունվի: Այսինքն՝ խոսել մի փոքր ոլորտի մասին, որը սպորտն է, բայց երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնարար իրավունքներ են ոտնահարվում, պետք է ջատագովը լինենք օրենքի ընդունման: Բայց մեզ շատ դժվար ճանապարհ է սպասվում, որովհետեւ մեր խորհրդարանում պատգամավորներ են, ովքեր ասում են, որ լավագույն լուծումը կլինի այն, որ հաշմանդամներ ուղղակի չլինեն:

- Չլինե՞ն, ես այդ ձեւակերպումն ուղղակի չեմ լսել, չգիտեմ ինչ կոնտեքստում է ասվել:

- Ես ուղղակի մեջբերում եմ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի բառերը:

- Ես հասկացա, որ այս թեման ընդամենը մեկ հաղորդաշարով՝ 20 րոպեում, ամբողջովին հասկանալ ու ամփոփել հնարավոր չէ, հետեւաբար պայմանավորվենք, որ եւս մեկ անգամ կհանդիպենք, գուցե ինչ-որ բաներ էլ փոխված կլինեն՝ արդեն դրական իմաստով:

- Ես էլ չէի ուզենա բացասական մտքերով ավարտել: Իրականում երկրում կա ակտիվ շարժ կա, առաջընթաց, ուղղակի բոլորս անելիք ունենք՝ ամենքս մեր տեղում: Եւ ես վստահ եմ, որ փոքր-փոքր քայլերով մենք մեծ հաջողությունների ենք հասնելու:

- Շնորհակալություն հրավերն ընդունելու, նաեւ՝ արված գործի համար:

- Շնորհակալություն:

- Այսքանն էր այս հաղորդմանը, բայց  իսկապես պայմանավորվենք, որ թեման բաց ենք թողնում ու մեկ անգամ եւս անպայման կհանդիպենք: Այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը: Հիշեցնեմ, որ այսօր տաղավարում հյուրընկալել էի Հաշմանդամային սպորտի հայկական  ազգային ֆեդերացիայի քարտուղար Վարդուհի Արամյանին: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan