Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բանտերը դարձել են մարդկային «պահեստներ». ինչու Հայաստանում կալանավայրեր չեն փակվում. «Մարդու իրա վունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

 

Միջնադարում հանցագործին «ուղղելու» համար այրում էին, խորհրդային բանտերում` ստիպում տաժանակիր աշխատել, Մեծ Բրիտանիայում ստիպում էին կրթվել, Արևելքի երկրներում Ղուրանն են ստիպում անգիր անել, իսկ Հայաստանի Հանրապետությունում ուղղելու հարցը կարծես օրակարգից դուրս է, այստեղ հանցագործներին պարզապես «պահեստավորում» են: Ուղղվելու փոխարեն հաճախ բանտից դուրս են գալիս մարգինալացված խմբեր, որոնք բանտում նոր հմտություններ են ձեռք բերում: Քրեածին միջավայրի ստեղծման պատճառների ու կալանավայրերում առկա խնդիրների մասին զրուցել ենք իրավաբան լրագրող Զարուհի Մեջլումյանի հետ:

- Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք կալանավայրերի եւ կալանավայրերում գտնվող անձանց խնդիրների մասին: Քանի որ այսօր եթերը տոնական է, կցանկանայի հաղորդումը սկսեինք խոսելով այն մասին, թե ինչ դրական բաներ կան կալանավայրերում. մենք շատ ենք քննադատում ու բարձրաձայնում խնդիրների մասին, արդյոք չենք կարող նշել մի քանի դրական բան:

- Նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ օգտվելով առիթից, ինձ ընձեռված հնարավորությունից շնորհավորում եմ Ձեր եւ մեր քաղաքացիների, ինչպես նաեւ կալանավայրերում գտնվող մեր համաքաղաքացիների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը: Քանի որ եթերն ամանորյա է, եւ թեման ինքնին շատ ծանր է, մշտապես քննադատությունների թիրախում, տեղական եւ միջազգային իրավապաշտպան կառույցներն իրենց զեկույցներում հաճախ անդրադառնում են ոլորտի խնդրահարույց թեմաներին, (դատաիրավական եւ քրեակատարողական համակարգն ամենախոցելի ոլորտներից մեկն է), բայց եկեք այսօր այդ ծանր թեման մի փոքր հումորով համեմենք: Մի քանի օր առաջ բանտարկյալներից մեկը զանգահարեց (այդ զանգերը պարբերաբար են լինում, որովհետեւ իրենք տաքսոֆոններից զանգելու հնարավորություն են ունենում հարազատների տրամադրած քարտերով, ինչը քննադատության եւս մեկ նյութ է, բայց այսօր շրջանցենք այն) եւ ասաց. «Գիտե՛ս, բանտապահներից մեկը մոտեցավ ինձ եւ ասաց, որ մենք երանելի պայմաններում ենք ապրում. այստեղ տաք է, իսկ դրսում թանկացումներ են, մենք  լույսի, գազի գումար չենք տալիս, ուտելիք բերում են  հարազատները, տալիս է կալանավայրը, մենք տաք ապրում ենք: Իրոք այդպե՞ս է, Զարուհի՛, թանկացումնե՞ր են դրսում»: Սա, իհարկե, զավեշտ է, որովհետեւ այն թանկը, որով վճարում են այդ մարդիկ, ազատության կորուստն է, եւ պատկերացրեք, որ երբ հանիրավի է ազատազրկված մարդը, սա կրկնակի ողբերգություն է հասարակության համար: Լավ բաների մասին խոսեմ. կալանավայրերում տաք է, արդեն երկրորդ ձմեռն է արեւային էներգիայով տաքացնում են, բանտարկյալները լույսի, գազի գումար չեն տալիս, ուտելիքի համար վճարում են հարկատուների եւ իրենց հարազատների միջոցներից, բայց նրանք զրկված են ամենաթանկից եւ պատրաստ են այդ ամենը նվիրել բոլորիս, միայն թե ունենան իրենց ազատությունը:

- Հոգեբաններն ասում են, որ պատիժը կրելիս յոթ տարին բավարար է, որպեսզի մարդը ուղղվի կամ ոչ: Միեւնույն ժամանակ մենք խոսում ենք այն մասին, որ տարբեր ոլորտներում կան խնդիրներ, պետբյուջեն չի բավարարում (եթե չեմ սխալվում, մեկ բանտարկյալի՝ գերատեսչությունների, պահակապետերի, լույսի, գազի եւ այլնի համար օրական ծախսվում է մոտ 4.000 դրամ): Հայաստանի Հանրապետությանն ինչո՞վ է ձեռնտու ունենալ այսչափ ազատազրկված մարդիկ, մանավանդ՝ բոլորն են նշում, որ նրանց մեծ մասը ոչ այնքան իրենց վտանգավոր լինելու հանգամանքից ելնելով են հայտնվում ճաղերի հետեւում, այլ՝ կամայական վճիռների հետեւանքով:

- Ինչպես տեսնում եք, չի ստացվում այս թեման պահել հումորային տիրույթում, որովհետեւ իսկապես շատ խնդրահարույց է, շատ մեծ կոշտուկի վրա կանգնեցիք: Վերջին տվյալներով պետությունը ամեն կալանավորի համար վճարում է 6250 դրամ: «Հետք»-ի իմ գործընկեր Գրիշա Բալասանյանի հետ իրականացրեցինք հետաքննություն բանտային սննդի վերաբերյալ. ինչքան է ծախսվում, ինչքան՝ մուտք արվում, բանտապահների գումարը, աշխատավարձեր, շենքեր, շինություններ, հիգիենայի եւ անկողնային պարագաներ, ատամի մածուկ, ածելի եւ այլն: Եվ երբ այդքանը հանում ենք, ուտելիքի համար օրական ծախսվող գումարը կազմում է 600 դրամ: Շատ բանտարկյալներ նշում են, որ իրենք կարող են լավ սահմանապահներ լինել դատարկվող սահմանային գոտիներում, որտեղ ընդամենը 1 երեխա է դպրոց ավարտում, եւ ունենք դեմոգրաֆիկ մեծ խնդիր: Այսօր տեսահսկող սարքերը հնարավորություն են տալիս ապահովելու անվտանգության ռեժիմը, օրինակ՝ գյուղերում ունենալ տեսահսկող սարքեր, հատուկ թևնոցներ, մարդիկ ընտանիքներով գնան, ապրեն դատարկ տներում, շենացնեն գյուղերը: Մենք ունենք շուրջ 5000 կալանավոր եւ դատապարտյալ, բազմապատկեք այս թիվը, եթե գնան ապրելու ընտանիքներով, երեխաներով: Ընտանիքը կորցնում է միակ կերակրողին, զրկվում է սոցիալական մեծ աջակցությունից: Սա իսկապես ձեռնտու չէ, եւ պետությունը չի լուծում այդ մարդկանց ուղղման, վերասոցիալականացման խնդիր, ընդհակառակը, ստեղծում ենք մարգինալ խմբեր, անընդհատ բաժանարար գծեր ենք դնում՝ դու բանտարկյալ ես, դու այս կամ այն փոքրամասնություն ես: Մենք պետք է աշխատենք այդ խմբերի հետ, բայց միայն լուծում ենք անվտանգության հարցը. փակում ենք նրանց վրա դուռը եւ համարում, որ պետությունը կատարեց իր գործառույթը: Ո՛չ, դա չէ պետության գործառույթը, այսպիսով պետությունն իր անզորությունն է ցույց տալիս. մեկուսացրեց անձին, հետեւանքը վերացրեց, բայց պատճառը չբուժեց: Այստեղ կա հանցագործությունների կանխարգելման մեծագույն խնդիր: Բոսնիացի պրոֆեսոր Գորան Շիմիչը, ով քրեական իրավունքի շատ լավ մասնագետ է եւ փիլիսոփայական դիտանկյունից է նայում սրան, եկել էր Հայաստան, եւ ես հարցազրույց էի անցկացնում նրա հետ, ասաց, որ հանցագործությունների կանխարգելման երեք տարբերակ գիտի, եւ անգլերենով 3 անգամ կիրառեց «prevention»՝ «կանխարգելում», որը մենք չունենք. մեր հանցագործությունների 80 տոկոսը սոցիալական ծագում ունի: Երբ մենք սոցիալական հենքը լավացնենք, բնականաբար, բանտերում գտնվող անձանց թիվն անհամեմատ քիչ կլինի: Մենք լսում ենք, որ եվրոպական երկրներում բանտ փակվեց, 12 բանտ փակվեց Նիդեռլանդներում, եւ զարմանում ենք: Սրանք իսկապես խոսուն թվեր են, այսինքն՝ մարդու մտքով չի անցնում գողություն անել, ավազակային հարձակում կատարել, կարծում եմ՝ պետք է առողջացնել սոցիալական ոլորտը:

- Շատ հաճախ կալանավայրերի մասին խոսելիս  նշում են կոռուպցիայի մեծ ռիսկերի մասին, որ դրանք փող աշխատելու միջոց են որոշ պաշտոնյաների համար: Սակայն մյուս կողմից, օրինակ առողջապահության կամ զինհաշմանդամների խնդիրների հետ կապված շատ հաճախ սոցիալական ապահովության ոլորտում էլ տեսնում ենք, որ այդ խնդրով զբաղվող մասնագետները կոմպետենտ չեն, այսինքն՝ «պլյուս» դնելու քաղաքականություն են վարում. միգուցե ինքը կոռուպցիոն որեւէ գործարքի մեջ չի մտնում, բայց այդ ոլորտը բարեփոխելու համար համապատասխան կրթություն էլ չունի: Մեզ մոտ ո՞ր մասն է կազմում ոչ պրոֆեսիոնալիզմը: Որքանո՞վ է «մենեջմենթի խնդիր» ասվածն այսօր վատ վիճակ ստեղծում մեր բանտերի համար, թե՞ կան համապատասխան բոլոր մասնագետները,  ուղղակի կոռուպցիոն գործարքներ են անում:

- Իսկապես խնդիր է նաեւ կադրերի պակասը, ՔԿՀ-ներում շատ քիչ բժիշկներ ունենք: Օրինակ, դատապարտյալների հիվանդանոցում հերթապահ բժիշկ, բուժքույր, անձնակազմ գոյություն չունի, շատ քիչ են մարդիկ, ովքեր համաձայնում են գնալ ՔԿՀ-ներ եւ աշխատել այդ փոքրիկ աշխատավարձով. մարդիկ ունեն սոցիալական խնդիր, իրենց ընտանիքի հացը վաստակելու խնդիր: Մենք հաճախ խոսում ենք կալանավորների իրավունքներից, եւ բժիշկներն արդարացիորեն նեղսրտում են. «Ինչո՞ւ եք խոսում միայն կալանավորների մասին, իսկ մեր իրավունքների մասին մտածե՞լ եք, բարձրաձայնե՞լ եք»: ՄԻՊ-ը «Հետք»-ին տված վերջին հարցազրույցում բարձրաձայնեց հենց բանտապահների իրավունքների եւ աշխատավարձերի մասին:

- 6250 դրամից առյուծի բաժինն ո՞ւմ է հասնում:

- Առյուծի բաժինն աշխատավարձային ֆոնդինն է, իհարկե, բայց ներքին օղակում աշխատավարձերը բավականին ցածր են: Սովորական հսկիչը, որն ամենառիսկային գոտում է (կալանավայրերում մարդիկ են, որոնք հաճախ զրկված են հույսից. պայմանական վաղաժամկետը քիչ է կիրառվում, մարդիկ սպասում են ներումների, համաներումների, լրատվամիջոցներում փորձնական փուչիկի պես պարբերաբար գնում է այդ ինֆորմացիան, բայց այդպես էլ իրականություն չի դառնում, եւ բանտերը գերծանրաբեռնված են), ունի կյանքի անվտանգության ապահովման տարրական խնդիր. նա պետք է բավականին բարձր աշխատավարձ ստանա: Բայց մենք ունենք այս խնդիրը, ունենք նաեւ կադրերի պակաս, որովհետեւ հաճախ այնտեղ մարդիկ են, որոնք ուղղակի հացի խնդիր լուծելու համար են գնում եւ չունեն տարրական հմտություններ, հոգեբանություն, պետք է լավ ուսումնասիրած լինեն կրիմինալոգիա/քրեաբանություն: Ընդամենը 2-3 տարի առաջ է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում բացվել կրիմինալոգիա/քրեաբանություն ուղղվածություն, որը սոցոլոգիայի, փիլիսոփայության եւ հոգեբանության միասնությունն է եւ ուսումնասիրում է  անձի հոգեբանությունը, հանցածին միջավայրը, հակումները, դրա առաջացման պատճառները,  ինչպես վարվել, ուղղում կատարել: Քիչ են այն մասնագետները, որոնք ունեն տարրական հմտություներ, վարվեցողություն բանտարկյալի, ազատությունից զրկված մարդկանց հետ: Նրանք շատ խոցելի խավ են, զրկված են ամենակենսականից՝ ֆիզիկական ազատությունից. նրանց վրա դուռը փակում են, եւ իրենք դուռը ինքնուրույն բացելու հնարավորություն չունեն: Սա արդեն ծնում է բավականին մեծ ագրեսիա եւ նեղացածություն հասարակությունից, եւ հետո մենք ո՞ւմ ենք դուրս բերում հասարակություն: Ես միշտ ասում եմ՝ ամենաբարի կենդանուն էլ մենք փակենք, անեն օր ասեղով ծակենք, նա կդառնա գազան: Բայց մենք ուզում ենք, որ հասարակություն վերադառնա հոգով, մտքով, մարմնով առողջ քաղաքացի, ով պատրաստ չի լինի իր ամեն օրվա կրած զրկանքի համար այստեղ մեկին վնաս տալ: Մենք ուզում ենք, որ այդ մարդիկ հասարակության վրա բեռ չդառնան, այլ այս արագ փոփոխվող տեխնոլոգիաների դարաշրջանում ունենանք համընթաց քայլող մարդիկ: Մենք չունենք վերականգնողական կենտրոն, որտեղ պետք է հոգեբաններ աշխատեն այդ դուրս եկած մարդկանց, անգամ նրանց ընտանիքների եւ երեխաների հետ: Եթե զինհաշմանդամների ոլորտում ես զուգահեռներ տանեմ, էլի խոցելի խումբ է համարվում, փորձում ենք նաեւ Ձեր ջանքերով կառուցել առաջին վերականգնողական կենտրոնը: Նմանատիպ կենտրոնների կարիք կա նաեւ այն մարդկանց համար, ովքեր զրկված են ազատությունից: Բայց եթե զինհաշմանդամների նկատմամբ կա դրական վերաբերմունք, ապա այս մարդկանց նկատմամբ կա նաեւ հասարակական խիստ որոշակի արտահայտված վերաբերմունք՝ «դե հո հարեւանի հավերը գողանալու համար չեն բանտում նստած»: Արդեն սկսել են գոնե մի քիչ ընկալել, որ մարդիկ կարող են նաեւ հանիրավի դատապարտվել՝ իրենց քաղաքական մտքերի, մտածողության համար եւ, վերջապես, ապօրինի դատապարտվել, որովհետեւ խտրականություն կա. սոցիալական առումով խոցելի խավը, որը, այսպես ասած, տեր չունի, հեշտությամբ կարող է մեկ ցուցմունքով հայտնվել ճաղերի ետեւում, եւ հակառակը. հանցագործություն կատարած անձը, ում դեմ նույնիսկ 100 ապացույց կա, հովանավորչություն ունենալու դեպքում կմնա ազատության մեջ:

- Այստեղ օրենսդրական բացթողումների՞, թե՞ իրավակիրառ պրակտիկայի խնդիրն է, կա՞ համապատասխան օրենսդրությունը, որպեսզի մարդուն հետ բերի:

- Այո՛, մենք ունենք բազմաթիվ իրավական մեխանիզմներ, միջազգային լավագույն փորձը ներդրված է Հայաստանում: Ես ինքս ուսումնասիրել եմ, որպես երկրորդ կրթությամբ իրավաբան եւ ապագա փաստաբան.  նայում  ենք, սովորում, տեսնում, որ մեր պայմանական վաղաժամկետի մեխանիզմն էլ շատ լավն է, մենք ունենք ներումը, համաներումը, վերջապես, այլընտրանքային խափանման միջոցներ, որ կալանքը չկիրառվի: Մարդուն տանում, մեկ տարի փակում ենք, հետո պարզվում է, որ նա ընդհանրապես պետք է կալանքի տակ չլիներ: Այսօր ես ցավով եմ հիշում Հաց բերողի օրինակը. անցյալ տարի այս օրերին այդ մարդն ազատության մեջ էր, բայց ընդգծված վերաբերմունքը նրա նկատմամբ բերեց նրան, որ այսօր այդ քաղաքացին չկա մեր հասարակությունում: Իհարկե, իր գործով, աշխատանքով նա ներկա է, բայց ֆիզիկապես գոյություն չունի: Այդ մարդը պետք է ընդհանրապես չկալանավորվեր, եւ նրա նման հազարավորները: Ըստ վիճակագրության, որպես խափանման միջոց գրեթե 93 տոկոսով ընտրում են կալանքը, բայց մենք ունենք նաեւ այլ խափանման միջոցներ, օրինակ, գրավը, ստորագրություն չհեռանալու մասին, որն ավելի հաճախ պետք է կիրառվի: Մենք իրավակիրառ պրակտիկայի խնդիր ունենք: Մի անգամ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այդ օրենսդրական մեխանիզմները եւ իրավակիրառ պրակտիկան պետք է գնան իրար զուգահեռ, ներդաշնակ: Բայց ասաց, որ դա մկրատի է նման, եւ մկրատի բերանը գնալով բացվում է, նրանք հեռանում են իրարից. օրենսդրությունն իր համար՝ գեղեցիկ գրված խոսքեր՝ մարդասիրության, որոշակիության սկզբունքի վրա հիմնված, բայց իրավակիրառ պրակտիկան կախված է անձանցից: Եվ այստեղ է, որ գալիս է ազնիվ, սկզբունքային, իրենց համոզմունքներին հավատարիմ կադրերի խնդիր:

- Ազատ Արշակյանը, ով նստած է եղել ե՛ւ Խորհրդային, ե՛ւ անկախ Հայաստանի բանտերում, ասում էր. «Ժաննա դ’Արկի ժամանակ ծեծում էին, որ դեւը դուրս գա, նոր էին մարդկանց հրկիզում: Խորհրդային Միությունն էլ գտնում էր, որ ծեծին պետք է զուգորդի նաեւ տաժանակիր աշխատանքը»: Ըստ խորհրդային մասնագետների՝ տաժանակիր աշխատանքն էր փոխում մարդուն: Անկախ Հայաստանը, արդյոք, ինչ-որ վերաբերմունք ունի՞ իրական հանցագործներին ուղղելու համար, ի՞նչ կոնցեպտ եւ աշխարհայացք կա այսօր իրավական համակարգում այս հարցի շուրջ, անո՞ւմ են ինչ-որ բան, որ հանցագործը բանտից դուրս չգա որպես հանցագործ:
- Ես կարծում եմ, որ ոչինչ էլ չի արվում: Կարող է ռադիկալ հնչել, հիմա ինձ կարող են լսել ՔԿ ոլորտի պաշտոնյաներ եւ ասեն. «Զարուհի, ինչպե՞ս ոչինչ չի արվում: Մենք ամեն ինչ անում ենք»: Ես, շուրջ ութ տարի առնչվելով այդ ոլորտին, տեսնում եմ, որ ամեն ինչ թողնված է մարդկանց անհատական որակների վրա, այսինքն, ինչքանո՞վ անձը կամային է, կարող է ողնաշարը ձիգ պահել, չկոտրվել, ուսում ստանալ: Եվ օգտվելով առիթից, ես ճաղերից այն կողմ գտնվող մարդկանց կասեմ (մի քիչ էլ հումորային գիծը պահելով)՝ օգտվեք առիթից, ձեզ եզակի ազատ ժամանակ է տրված (ազատության մեջ հաստատ այդ ժամանակը չեք ունենա), ինքնակրթվեք, զարգացեք, սովորեք, ամեն օր կարդացեք օրենսդրություն, այդտեղից ընդունվեք բուհեր, գտեք ինքնակրթվելու միջոցներ: Այսօր զարգացած մարդը կարող է գրագետ իրավագիտությամբ  պաշտպանել իր շահերը, հասնել հաջողությունների: Սա, իհարկե, համառ պայքարի արդյունք է, որն իրենց փոխարեն պետք է աներ համակարգը՝ բանտի իրավաբանը, աշխատակիցը, կրիմինոլոգը/քրեաբանը, հոգեբանը, իրավաբանը: Բայց քանի որ այնտեղ ոչինչ չի արվում, որպեսզի հասարակություն վերադառնա ադեկվատ քաղաքացի, պետք է հույսն իրենց վրա դնեն: Այնտեղ համակարգը լուծում է միայն մեկուսացման խնդիր՝ որպես մարդկային պահեստ (թող ներեն ինձ, ովքեր հիմա լսում են եւ ազատազրկված են). ինչ-որ ժամանակ է տրված եւ նրանց ուղղակի պահում են այնտեղ՝ երկաթե դռների հետեւում: Ժամանակը կլրանա, նրանք դուրս կգան հասարակություն, եւ չգիտես ինչ որակներով՝ չարացած կլինեն, նեղացած, որովհետեւ այնտեղ, կրկնում եմ, պետք է գնա վերասոցիալականացման մեծ աշխատանք: Երբ նայում ես Մեծ Բրիտանիայի փորձը, Չապլինների ինստիտուտը, թե 1700-ականներից ինչպիսի մեխանիզմ է մշակվել.  մտար բանտ՝ պետք է սովորես, աշխատես: Այնտեղ հանիրավի դատապարտված եւ 11 տարի անց իր ազատությունը վերագտած, արդարացման դատավճռով դուրս եկած  Մայքլ Օ' Բրայնն ասում է. «Ես առաջին օրվանից աշխատել եմ»: Նա լվացքատանը լվացք է արել: Դա ամենախիստ ռեժիմի բանտն էր, որովհետեւ նրան մեղադրել էին սպանության մեջ եւ դատապարտել էին ցմահ ազատազրկման:  Նա այնտեղ սովորել է, ինքնակրթվել, դարձել իրավաբան եւ իր արդարացման դատավճռի հիմքերն էր դուրս բերել Նա ասում է. «Բայց այն, ինչ կատարվում է անգլիական բանտում, դա նշանակում է վերասոցիալականացում. դու մտնես որպես ամենավերջին գազանը, դուրս կգաս ամենասոցիալականացված էակը»: Եթե գնաք Կոշի ՔԿՀ, կտեսնեք սեւազգեստ առողջ տղամարդկանց պատերի տակ, թզբեհը ձեռքին, եւ նրանք առողջ աշխատուժ են, կարող են ստեղծել բարիք: Պետք է օգտագործել այդ աշխատուժը. 5000 մարդ պատրաստ է ոսկերչություն անել, կահույք պատրաստել: Տեսեք այնտեղ ինչ արվեստ է ստեղծվում՝ «բանտային արվեստ» հասկացողությունը կա. իմ տանը բազմաթիվ նմուշներ կան հացի խմորից սկսած մինչեւ ծաղիկներ: Պետությունը պետք է օգտագործի այդ ներուժը: Եվ միայն աշխատանքով եւ ուսմամբ է հնարավոր գրագետ, լուսավոր մարդկանց դուրս բերել հասարակություն:
 - Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը լրագրող Զարուհի Մեժլումյանն էր: Շնորհակալություն:

 

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan