Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Խաղաղ ցույցերի ոչ խաղաղ հետևանքները. Human Rights Watch-ը գնահատել է 2016 թ. հուլիսյան դեպքերը. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Օրեր առաջ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը հրապարակեց իր «Համաշխարհային զեկույց 2018» ամենամյա հետազոտությունը, որն ամփոփում է մարդու իրավունքների հիմնահարցերը աշխարհի 90-ից ավելի երկրներում և տարածքներում, 2016թ․ վերջից մինչև 2017թ․ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում։ Զեկույցում ընդգրկված երկրների շարքում է նաև Հայաստանը։ Մասնավորապես, զեկույցում անդրադարձ է եղել 2016 թվականի հուլիսին Երևանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ցուցարարների և լրագրողների դեմ իրավապահ մարմինների իրականացրած բռնության դեպքերին:

Ըստ զեկույցի՝ բռնությունների դիմած պաշտոնյաները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության, մինչդեռ խաղաղ ցույցերի մասնակիցներն ու դրանց ղեկավարները ենթարկվել են խիստ քրեական պատիժների։ Դատապարտվել է 22 մարդ, որոնցից 11-ը՝ մեկից երեք ու կես տարվա ազատազրկման, 7-ը ստացել է պայմանական պատիժ, 3-ը՝ տուգանվել, իսկ 1-ը՝ պայմանական պատիժ և տուգանք:

Զեկույցի ու խաղաղ ցույցերի ժամանակ իրավապահ մարմինների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին է «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկումը:

- Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ:  FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում է Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Իրազեկ քաղաքացիների միավորման անդամ Աննա Փամբուխչյանն   է: Ողջո՜ւյն:

- Բարեւ Ձեզ:

- Հարգելի ունկնդիրներ, այսօր քննարկելու ենք Human Rights Watch կազմակերպության «Անպատժելի իրավապահներ» վերնագրով տարեկան զեկույցը, որն առնչվում էր Հայաստանին: Փորձելու ենք Աննայի հետ քննարկել, թե մեր իրավապահները հատկապես որ ոլորտներում են լինում անպատժելի: Բազմաթիվ ցույցերի, ընտրությունների արդյունքում ունենում ենք տարբեր քաղաքացիներ, որոնք ձերբակալվում են, կալանավորվում: Ես հիշում եմ «Սասնա Ծռեր»-ի ժամանակ ձերբակալված  մի ուսուցչի, ում աշխատանքից ազատեցին, եւ չի կարողանում  որեւէ տեղ աշխատանքի ընդունվել: Ինչպե՞ս է դասավորվում այն մարդկանց ճակատագիրը, ովքեր խնդիրներ ունեն իրավապահների հետ: Կա՞ ինչ-որ ուսումնասիրություն այս առումով:

- Ընդհանրապես քաղաքական ցույցերին մասնակցության դեպքում բնակչության «ամենահեշտ պատժվող» հատվածը ուսումնական հաստատություններում աշխատողներն են: Խնդիրը միայն ցույցերին մասնակցելուն չի վերաբերում: Ես հիշում եմ դեռ իմ ուսանողական տարիներին  էլ  էր բավականին տարածված քաղաքական հայացքների համար դասախոսներին աշխատանքից հեռացնելը: Այսինքն, Հայաստանի ուսումնական հաստատություններում քաղաքական հայացքները պատժելի են:

- Իսկ առհասարակ ընտրական գործընթացներն ինչպես են պատժվում, եւ, Ձեր կարծիքով, այս զեկույցը որքանո՞վ է արտացոլում իրականությունը: Հաճախ տեսնում ենք, որ նույն ընտրությունների ոլորտում տարբեր միջազգային կազմակերպություններ շատ դրական արձագանք են տալիս: Ինչպե՞ս եք Դուք գնահատում այս զեկույցը:

- Զեկույցը բավականին խիստ էր: Այս տարի, եթե հիշում եք, ԵԱՀԿ-ի ընտրությունների վերաբերյալ զեկույցն էլ զգալիորեն ավելի խիստ էր, քան՝ նախորդ տարիներին, թեեւ Հայաստանում տարածված տեսակետ է, որ բոլոր զեկույցները Հայաստանում դրական են ներկայացնում: Սա ավելի շատ կախված է նրանից, թե ինչպես են մեր պաշտոնական լրատվամիջոցները լուսաբանում այդ զեկույցները, որովհետեւ նրանք սովորաբար շեշտադրում են թե՛ դրական եւ թե՛ բացասական կողմերը. եթե մանրամասն կարդում ենք զեկույցները, հիմնականում բացասականն ավելի շատ է: Նույն  ԵԱՀԿ-ի նախորդ տարիների զեկույցներն էլ այնպես չէ, որ Հայաստանին «սուրբ» են ներկայացնում, բայց այս տարվանը կոնկրետ խիստ էր, եւ թե՛ Human Rights Watch-ը եւ թե՛ ԵԱՀԿ-ն շեշտում են ընտրախախտումները, ճնշումները պետական եւ մասնավոր կազմակերպությունների աշխատակիցների վրա: Օրինակ, ԵԱՀԿ-ն ունի կոնկրետ քաղաքականություն՝ չշեշտելու քաղաքական կուսակցությունների անուններ, բայց Human Rights Watch-ը տվել էր իշխող ՀՀԿ-ի անունը՝ որպես ընտրակաշառքների ֆոնին իշխանությունը վերստանձնած կուսակցություն (մոտավորապես այսպիսի ձեւակերպում էր):

- Առանձին անդրադարձ կա նաեւ  լրագրողների իրավունքների խախտումներին, կանանց եւ երեխաների իրավունքների ոտնահարմանը: Ձեր կարծիքով ճի՞շտ է այս մարդկանց իրավունքներն առանձնացնել մարդու իրավունքների ոլորտից:

- Ընդհանուր մարդու իրավունքների ոլորտի տարբեր ենթակետեր են, Human Rights Watch-ը կանանց իրավունքների խախտմանն այնքան մանրամասն չի անդրադառնում, ինչքան մենք կցանկանայինք, բայց դրանց տարանջատումը կարեւոր է նրանով, որ խնդիրները, որոնց առնչվում է մարդու իրավունքների ցանկացած ենթաճյուղ, տարբեր են: Օրինակ, լրագրողների դեպքում դա ցույցերի ժամանակ նրանց տեխնիկայի ոչնչացումն է, բռնությունների ենթարկվելը, ճնշումները, դատական գործընթացները, մինչդեռ կանանց իրավունքների դեպքում անցած տարի տեսանք Հայաստանում, որ բռնությունների մասին օրենքն էր հիմնական խնդիրը, որը հաճախ դառնում է քաղաքական պրոպագանդայի ալիքի եւ շահարկումների առիթ Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Նկատի ունեմ, որ տարբեր ենթախմբեր տարբեր պատճառներով են առանձնացվում, ամեն մեկն ունի իր որոշակի խնդիրները, եւ ճիշտ է տարանջատել ըստ ենթախմբերի:

- Մենք անընդհատ տարբեր զեկույցներ ենք լսում, սակայն խոսում ենք, որ մեր լրագրողների տեսախցիկները կոտրվեցին, կանանց իրավունքները ոտնահարվեցին: Ես բազմաթիվ ցույցերի կադրեր եմ տեսել Անգլիայում, տարբեր երկրներում, որտեղ մոտավորապես նույն բանն է տեղի ունենում: Կարելի է ասել, որ պետությունն ունի բռնության մենաշնորհ: Դուք Հայաստանում այդ բռնության մենաշնորհի կիրառումն արդյոք այդքան խի՞ստ եք դատապարտում եւ, եթե չեմ սխալվում, այս նույն հարցի շուրջ համեմատական էր տարվում Ադրբեջանի հետ:

- Բնականաբար բոլոր երկրներում էլ իրավապաշտպանների կողմից լինում են օրենքի խախտման դեպքեր, դա նորմալ երեւույթ է. ցանկացած պարագայում ոստիկանը կարող է զգացմունքների ազդեցության տակ ծեծել ցուցարարներին եւ այլն, բայց ի տարբերություն Հայաստանի՝ զարգացած երկրները, միգուցե Անգլիան կան Ամերիկան լավագույն օրինակները չեն համեմատվելու համար, բայց Գերմանիայի դեպքում քաղաքական ցույցի ժամանակ մասնակիցների դեմ բռնություն գործած անձին հետագայում կպատժեն, ոստիկանին կհեռացնեն աշխատանքից, դատական պատժի կենթարկեն: Հայաստանում նման պրակտիկա գոյություն չունի, այսինքն՝ բռնության ուժն օրենքով չի կիրառվում: Կա  բացարձակ թողտվության մթնոլորտ. ոստիկանը հնարավորություն ունի քաղաքացիական հագուստով եւ մահակով (որի կիրառման իրավունքը չունի) պարզապես ծեծել ինչ-որի մեկին, դա տեսագրվի, իսկ դատական համակարգը պարզապես լռի, որեւէ պատժի չենթարկի, եւ ոստիկանը շարունակի կատարել նույն պարտականությունը հաջորդ ցույցի ընթացքում: Սա է Հայաստանի եւ զարգացած երկրների տարբերությունը:

- Մենք միշտ խոսում ենք ընտրակաշառքի մասին, որ իշխող այս կամ այն կուսակցությունը, անհատը, քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչը կաշառք է բաժանում, եւ իրավապահների, միջազգային կառույցների ողջ քննադատությունն ուղղվում է այդ կուսակցությանը կամ քաղաքական ուժին (անհատին): Սակայն շատ քիչ է խոսվում երկրորդ կողմի՝ կաշառք վերցնողի մասին, այսինքն, մենք հանցագործ դիտարկում ենք միայն կաշառք տվողին, իսկ կաշառք վերցնողին բոլորը, անգամ քաղաքական ուժերն արդարացնում են, ասում. «Դե ինչ անի այդ խեղճ մարդը, այն օրն են դրել, որ...»: Բայց դա եւս պատժելի արարք է: Արդյոք հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների բացթողումը չի, որ այն հետեւողականությամբ, որ փորձում են դատի տալ կամ նկարահանել կաշառք տվողին, նույնը չեն փորձում անել կաշառք վերցնողի հետ, ուշադրության կենտրոնում միշտ կաշառք տվողն է:

- Երկուսն էլ քրեորեն պատժելի են, ուղղակի ընտրակաշառք բաժանելն ավելի խիստ պատժելի գործողություն է, քան՝ վերցնելը: Կոնկրետ Հայաստանի դեպքում ընտրակաշառք վերցնելու պատճառն ավելի շատ քաղաքական ապատիան է, դրա համար են ավելի կենտրոնանում ընտրակաշառք բաժանողների, քան՝ վերցնողների վրա: Նկատի ունեմ, որ այս պահին չկա քաղաքացիական ինքնագիտակցություն, հավատ, որ դու, որպես քաղաքացի, կարող ես ինչ-որ բան փոխել: Ի վերջո բոլորս գիտենք, որ 10.000 դրամ (նախկինում՝ 5.000) կաշառք վերցնողները շատ լավ գիտակցում են, որ դա իրենց կյանքում ոչինչ չի փոխելու:

- Սակայն արդյունքում դա ծնում է քաղաքական ուժ, որի պատճառով էլ իրենք ստիպված են լինում վերցնել կաշառք: Այսինքն՝ այդ կաշառքն այդքան մեծ ազդեցություն ունի, եթե իրեն բաժանում են: Պետք է խստացնել  օրենսդրությունը, ձեւավորել մթնոլորտ, որպեսզի կաշառք վերցնողը վախենա այն վերցնելուց:  Որովհետեւ այդ 10.000 դրամ կաշառք վերցնողը  սովորում է, հետագայում հայտնվում է որեւէ պաշտոնում եւ կաշառք է վերցնում արդեն իր աշակերտից, ուսանողից, հիվանդից. ինչո՞ւ այդ հարցը խիստ դրված չէ՝ վատ վերաբերվել, ամոթ համարել, պատիժներ կիրառել կաշառք վերցնողների նկատմամբ:

- Որովհետեւ եթե պատժենք կաշառք վերցնողներին, պետք է պատժենք նաեւ բաժանողներին: Կրկնում եմ՝ կաշառք վերցնելը քրեորեն ավելի քիչ պատասխանատվություն է ենթարկում, քան՝ բաժանելը: Եթե սկսենք վերցնողներին կանգնեցնել դատարանի առաջ, ապա դուրս են գալու նաեւ բաժանողների անունները, հետեւաբար մեր դատական համակարգը չի պատժելու ընտրակաշառք վերցնողներին: Վախի մթնոլորտով ոչինչ չի փոխվելու, ավելի շուտ պետք է ստիպել քաղաքացիներին հավատալ, որ իրենց ձայնն իրոք կարեւորություն ունի, որովհետեւ 10.000 դրամն այն գինը չէ, որով մարդիկ իրենց ձայնը վաճառում են: Խնդիրը նրանում է, որ համապարփակ քաղաքական ապատիա է բոլորի մոտ. կարծում են, որ ում էլ ընտրեն, միեւնույն է, խնդիր չի լինելու: Կա նաեւ մեկ այլ պատճառ, որը ստիպում է շատերին արդարացնել. եթե նկատել եք, ընտրություններին հիմնականում օգնությամբ քվեարկողները թոշակառուներն են, եւ ընտրություններին մասնակցում են հիմնականում տարիքավոր, ֆինանսական խնդիրներ ունեցող մարդիկ: Հետեւաբար եթե մենք խոսում ենք այն մասին, որ որեւէ թոշակառուի, միայնակ տատիկի, որը լույսի վարձ վճարելու խնդիր ունի, կաշառք վերցնելու համար պետք է քրեորեն պատժել, ապա պետք է պատժել նաեւ ողջ համակարգը, որը մեր թոշակառուներին վճարում է 35.000 դրամ, եւ նրանց համար այդ 10.000 դրամն ինչ-որ բան է փոխում: Սա բազմակողմանիորեն բարդ հարց է, եւ դրան կոնկրետ պատասխան չկա, բայց կաշառք վերցնողը միանշանակ պետք է պատժվի:

- Մթնոլորտն է այդպիսին, անգամ ընդդիմադիր ուժերն  ասում են. «Դե, մարդկանց այդ օրին են հասցրել»:

- Հասկանալ պատճառները չի նշանակում արդարացնել: Ես կարող եմ հասկանալ դրդապատճառները, որը մղում է մարդկանց վերցնել այդ գումարը. որոշ մարդիկ չեն հավատում, որ իրենց ձայնը կարող ինչ-որ փոփոխություն բերել, ոմանք իրոք ունեն դրա կարիքը, բայց դա չի նշանակում, որ այդ քայլը չենք դատապարտում: Ես դա համարում եմ իմ եւ ուրիշների ապագան վաճառել: Նկատի ունեմ, որ որեւէ մեկը չի համարում, որ դա չպետք է լինի քրեորեն պատժելի: Ուղղակի ինչ-որ տեղ հասկանում ենք, թե ինչպես է այդ ամբողջ համակարգը գործում, եւ մարդիկ հարցը քննարկում են տարբեր կողմերից:

- Նաեւ համեմատականներ էիք անցկացրել Ադրբեջանի հետ. արդյոք կարելի՞ է համեմատել: Ինչքան էլ մենք չենք խոսում իրավապահների կատարած խախտումներից, լրագրողների հանդեպ վերաբերմունքից, իմ տպավորությամբ անհամեմատելի է Հայաստանի եւ Ադրբեջանի վիճակը:

- Հայաստանի եւ Ադրբեջանի վիճակն անհամեմատելի է, եւ առհասարակ Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների իրավիճակն էլ բավական տարբեր է: Հիմնականում չենք համեմատում, ուղղակի խոսելիս՝ բերում ենք ամբողջ տարածաշրջանի տվյալները: Օրինակ, եթե հրապարակվում է ժողովրդավարության վերաբերյալ «Freedom House»-ի զեկույցը, սովորաբար նշում ենք, որ Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան ոչ ազատ երկրներ են, մինչդեռ Հայաստանը եւ Վրաստանը կիսաազատ, բայց տարբեր կիսաազատության մակարդակներով են. Վրաստանը, ցավոք սրտի (կամ բարեբախտաբար), ավելի լավ վիճակում է, քան՝ Հայաստանը: Խնդիրը նրանում չէ, որ պետք է համեմատվել ավելի վատի հետ, ուղղակի տվյալներ են, որը, կարծում եմ, ճիշտ է իմանալ: Ադրբեջանի հետ համեմատվելուն ընդհանրապես դեմ եմ, որովհետեւ դա հաճախ արդարացում է հանդիսանում Հայաստանում, որ այնտեղ ավելի վատ է, նախագահը 15 տարի չի փոխվել, ուրեմն մեզ մոտ էլ պետք է նույնը լինի: Ո՛չ, բնականաբար, ճիշտ է համեմատվել ավելի լավ հարեւանի հետ եւ վերցնել ոչ թե բացասական պրակտիկան եւ արդարանալ սեփական սխալների համար, այլ պետք է աշխատել ինքդ քեզ վրա: Այդպիսի տարածված մոտեցում կա, որ Ադրբեջանին քարկոծելով մենք ավելի լավն ենք դառնում: Ոչ, բնականաբար չենք դառնում, մանավանդ վերջին 2-3 տարվա ընթացքում մենք ավելի լավ երկրի նմանվելու փոխարեն գնալով նմանվում ենք Ադրբեջանին:

- Իսկ այս զեկույցները, առհասարակ, ո՞ւմ վրա եւ ի՞նչ ազդեցություն են թողնում, ո՞րն է զեկույցների իմաստը: Սա իրենց համար վիճակագրություն է, իրենք սա ստանում են, իմանում են այս երկրների վիճակը,  թե ինչպես վարվել  նրանց հետ: Հրապարակվելու դեպքում ի՞նչ է շահում կամ կորցնում այս կամ այն երկիրը:

- Այս զեկույցների հրապարակման մի քանի պատճառ կա: Մեկը եվրոպական եւ արեւմտյան երկրների (եւ ընդհանրապես այլ երկրների) ներկայացուցիչների համար որոշակի տեսակետ կազմելու նպատակն է: Կան նաեւ փակ զեկույցներ, որոնք վճարովի են հասանելի, եւ կազմվում են հիմնականում ներդրումներ կատարողների համար: Օրինակ, եթե երկիրը զարգացած է եւ ունի կայուն ժողովրդավարական ինստիտուտներ, ներդրողներն ավելի հակված են ներդրումներ կատարել, իսկ եթե զեկույցներում երկիրն ավելի վատ պատկեր է ունենում, ավելի քիչ է հավանականությունը, որ միջազգային ինչ-որ ընկերություն կցանկանա քո երկրում տնտեսություն զարգացնել, որովհետեւ ներդրում կատարողի համար ռիսկի գործոնը բավականին բարձր է: Մյուսը պատճառը տվյալ պետությանը որոշակիորեն սաստելն է՝ ցույց տալով, որ  միջազգային հանրությունը հետեւում է: Մենք բոլորս, իհարկե, թերահավատորեն ենք վերաբերվում միջազգային հանրությանը՝ որպես սաստող գործիքի, սակայն կան միջազգային օղակներ, ճնշումներ, որոնք ազդում են երկրների վրա: Գուցե լավ օրինակ չէ, բայց սանկցիաները որոշակի վատ տնտեսական հետեւանքներ են ունենում երկրների վրա, եւ կա գիծ, որը հատել խորհուրդ չի տրվում: Իսկ այս զեկույցները նախազգուշացնում են երկրներին, որ որոշակի գիծ են խախտում: Եւ երրորդ կարեւոր գործոնը մեզ իրազեկելն է այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, որովհետեւ հաճախ տեղական կազմակերպություններն ունեն որոշակի քաղաքական առնչություններ եւ գուցե ոչ այնքան օբյեկտիվ են կամ չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ (նույն ընտրությունների մոնիտորինգի ժամանակ), իսկ միջազգային կառույցները, բնականաբար, ավելի շատ ֆինանսական միջոցներ ունեն՝ ընտրություններին դիտորդական առաքելություները կազմակերպելու եւ ավելի ազատ են որոշակի ճնշումներից: Չեմ ուզում թերագնահատել տեղական դիտորդների աշխատանքը, միգուցե լավ օրինակ չէր, բայց քանի որ նրանք չունեն ներքին հետաքրքրություն, հաճախ շատ ավելի ազնիվ գնահատական են տալիս: Մեզ համար կարեւոր է, որպեսզի տեսնենք, թե ինչպես են գնահատում մեզ դրսից: Իհարկե, պետք է հաշվի առնել նաեւ, թե ինչ զեկույց է, որովհետեւ երբեմն լինում են ԵԽԽՎ-ի զեկույցներ, որոնք Ադրբեջանի կողմից են ֆինանսավորվում, բայց Human Rights Watch-ի դեպքում, որը մենք այսօր քննարկում ենք, նման խնդիր չկա: Ուզում եմ ասել, որ արտասահմանյան զեկույցներին էլ պետք է վերապահումով վերաբերվել, բայց հիմնականում  այս երեք խնդիրներն են, որ նմանօրինակ զեկույցները լուծում են: Խոսքը միայն Հայաստանի մասին չէ, այլ նաեւ մնացած երկրների:

- Որքա՞ն վատ է մեր վիճակը քաղկալանավորների եւ, առհասարակ, հավաքների, ցույցերի ազատության տեսանկյունից:

- Անցած մի քանի տարվա ընթացքում հավաքների եւ ցույցերի ազատության, մասնավորապես՝ հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ մենք բացասական զարգացում ենք գրանցել: 2016 թ. հուլիսին հստակ երեւաց, որ ինչ-որ կարմիր գիծ ենք հատել եւ գնում ենք դեպի Բելառուս, Ռուսաստան եւ Ղազախստան, ոչ թե ավելի լավ եւ տաք երկրներ: Սա իրականում խնդիր է, որովհետեւ տարեցտարի աճում է ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների թիվը: Կուլմինացիան դարձավ ՊՊԾ-ի դեպքերը, երբ մարդկանց փողոցից, տանից տանում էին ինչ-որ տեղ, նրանք չունեին բժշկական օգնության կամ ընտանիքի անդամներին տեղյակ պահելու հնարավորություն, ժամերով ջուր չէին խմել, հաճախ տարվել էին ոչ թե ոստիկանական բաժանմունքներ, այլ ուրիշ կառույցներ, որտեղ գտնվելու իրավունք ընդհանրապես չունեին: Մի խոսքով, ձերբակալման ժամանակ հնարավորինս խախտվել էին մարդու իրավունքները, այդ թվում՝ ձեռնաշղթաների, մահակների եւ բռնության անհարկի կիրառում եւ այլն: Վիճակն ավելի վատանում է, եւ դա նկատելի է նույնիսկ անզեն աչքով, պարտադիր չէ միջազգային զեկույցներ կարդալ դա հասկանալու համար:

- Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, փաստորեն, բռնության ուժի կիրառման մեթոդներն էլ են զարգացել:

- Իրականում տեխնոլոգիաները վատ չեն, որպեսզի տեսնենք այդ ամենը գրանցված եւ նկարահանված, բայց, ցավոք սրտի, վերջին մի քանի տարիների ընթացքում ցույցերի ժամանակ բռնությունների բոլոր դեպքերը նկարահանվել են, բայց երբեք պատժելի չեն եղել: Human Rights Watch-ի զեկույցն էլ մատնանշում է, որ իրավապահները չեն պատժվել, մինչդեռ խաղաղ ցույցի մասնակիցներն ու դրանց կազմակերպիչները քրեական պատիժների են ենթարկվել. եթե չեմ սխալվում 22 հոգու դեմ քրեական պատիժ, տուգանք եւ պայմանական պատիժ է կիրառվել:

- Այո, նրանցից 11-ը ենթարկվել է 1-3.5 տարվա ազատազրկման, 7-ը ստացել է պայմանական պատիժ, 3-ը՝ տուգանվել, իսկ 1-ն էլ ստացել է պայմանական պատիժ եւ, միաժամանակ, տուգանվել:

- Տեսանկարահանումները նայելիս հստակ երեւում է, որ ոստիկանները նաեւ ֆիզիկական բռնություն են կիրառում, երեւում են մարդկանց դեմքերը, կան տուժողների վկայություններ: Դատական գործեր հարուցվեցին, բայց իրավիճակը որեւէ կերպ չի տանում արդար լուծման: Կոնկրետ 2016թ. հուլիսի ցույցերի դեպքում կային նաեւ մարդիկ, ովքեր ուղղակի ապրում էին այդ թաղամասերում եւ ենթարկվել էին բռնության, կար նորածին երեխա, որը հատուկ  միջոցներից տուժել էր, բայց որեւէ մեկը չի պատժվել, չի հետաքննվել, թե ինչու են հատուկ  միջոցներ կիրառվել առանց համապատասխան օրենքի, առանց նախազգուշացման:

- Որքան անպատժելի են իրավապահները, այնքան էլ անօգնական են, փաստորեն, իրավապաշտպանները: Այսինքն, ցանկացած ոլորտում՝ բժշկություն, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, գոյություն ունի դրական պրոգրես, երբ այս կամ այն ոլորտում լինում է դրանով զբաղվող որեւէ գիտակ մարդ, նվիրյալ կամ ինչ-որ մեկը: Արդյոք մեր իրավապաշտպան համակարգն այդքան թո՞ւյլ է, որ մեր իրավապահները դառնում են անպատժելի, ո՞ւմն  է մեղքի ամենամեծ բաժինը:

- Խնդիրը նրանում է, որ մեր դատական համակարգն անկախ չէ, հետեւաբար որեւէ մեկի իրավունքները պաշտպանված չեն, այսինքն՝ շատ հեշտ է դատական գործ հարուցել ինչ-որ մեկի դեմ: Նույն մեր կազմակերպության դեմ դատական գործ էր հարուցվել, Human Rights Watch-ն էլ նշում է այդ մասին: Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների  կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպքի բացահայտման համար մեր կազմակերպության դեմ դատական գործ էր հարուցվել, ուղղակի մեր բախտը  մի փոքր բերել էր, որովհետեւ կոնկրետ այդ հոդվածով բավական դժվար է որեւէ մեկի դեմ երկարաժամկետ ճնշումներ կիրառել: Բացի այդ, մենք օրենքի շրջանակում էինք գործել, հետեւաբար հնարավոր չէր ինչ-որ կերպ ապացուցել, որ օրենքի խախտում ենք կատարել: Բայց Հայաստանում այդպիսի խնդիր կա, որ դատական համակարգը կիրառվում է իրավապաշտպանների դեմ, եւ սա, ցավոք սրտի, բավականին տարածված է: Կարծում եմ, որ իրականում ամբողջ խնդիրը հենց դատական համակարգի ոչ անկախ լինելն է: Պատահական չէ, որ ԵՄ-ի հետ պայմանագրում հսկայական տեղ է զբաղեցնում Հայաստանում դատական համակարգի բարեփոխումները, որովհետեւ առանց անկախ դատական համակարգի մենք չենք ունենալու նորմալ զարգացող պետություն: Այնպիսի տպավորություն էր, որ այդ պայմանագրի հիմնական հատվածը վիզաների ազատականացումն էր, բայց, իմ կարծիքով, Հայաստանի եւ ԵՄ համաձայնագրի կարեւորագույն մասը հենց դատական բարեփոխումներն են: ՀՀ ցանկացած քաղաքացու առաջնային խնդիրը պետք է լինի փորձել դատական համակարգը բարեփոխել: Մենք, օրինակ, փորձում ենք, թեեւ  այնքան էլ լավ չի ստացվում, ցավոք սրտի:

- Շնորհակալ եմ շատ: Իմ կարծիքով Ձեր աշխատանքն իր արդյունքները կտա, որովհետեւ եթե մեկը վաղը զբաղվի գազանի, կատուների կամ առնետների իրավունքների պաշտպանությամբ, ապա այդ տեսակները շատ ավելի լավ կապրեն: Հարգելի ունկնդիրներ, մեր եթերում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարն էր: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Իրազեկ քաղաքացիների միավորման անդամ Աննա Փամբուխչյանն  էր: Շնորհակալություն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
21Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan