Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փոխհատուցումը հնարավոր է. դիմե՛ք դատարան, պահանջե՛ք պետությունից հարգել ձեր սահմանադրական իրավունքը. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

«Ոստիկանները դատարանում ասում էին, թե ինձ բերման են ենթարկել ռասիստական պաստառների համար, իսկ պաստառների վրա գրված էր երկու բան՝ «Ազատ, անկախ Հայաստան» և «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ»: Ասում էին, թե վերևներում խելացի մարդիկ կան, որոնք որոշել են, որ չպետք է երթ իրականացնեք: Դատարանում ստում էին, թե ինձ չեն բռնել, ավտոմեքենա չեն նստացրել, բայց երբ տեսագրությունը հակառակն էր ապացուցում, ասում էին՝ պետն է հրամայել, որ այդպես պատասխանենք»: Սա միայն մի դրվագ է Լևոն Բարսեղյանի մասնակցությամբ դատական նիստերից, որոնց ժամանակ Գյումրու ասպարեզ ակումբի խորհրդի նախագահը փորձել է վերականգնել իր ոտնահարված սահմանադրական իրավունքները՝ խոսքի ազատության, ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքների ազատության: Լևոն Բարսեղյանը ապացուցել է, որ ոստիկաններն ապօրինի են իրեն բերման ենթարկել ու ստացել է փոխհատուցում, հասել է նրան, որ Սահմանադրական դատարանը ճանաչել է պետության կողմից իրեն հասցված բարոյական վնասը: Սա իրականում բացառիկ նախադեպ է, որը ճանապարհ է բացել բոլոր այն քաղաքացիների համար, որոնց սահմանադրական իրավունքը ևս խախտվել է: Իսկ այդպիսիք քիչ չեն՝ հատկապես վերջին երեք տարվա հաշվարկով՝ «Էլեկտրիկ Երևան», «Խորենացի փողոց»... Ի՞նչ անել, երբ պետությունն է խախտում քո սահմանադրական իրավունքը:

- Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Բարև ձեզ, ես Սաթեն Միքայելյանն եմ:  Տաղավարում այսօր հյուրընկալել եմ Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Բարեւ Ձեզ:

- Բարեւ Ձեզ:

- Այսօր խոսելու ենք խոսքի ազատության, տեղաշարժման, հավաքների մասնակցության իրավունքի մասին: Ինչո՞ւ է հենց պրն. Բարսեղյանը մեր տաղավարում, որովհետեւ մասնավոր շատ լավ օրինակ կա: Սա, թերեւս, այն բացառիկ դեպքերից է, երբ փաստորեն դատարանով վերականգնել եք Ձեր իրավունքները, դատարանը ճանաչել է, որ խախտվել է Ձեր ազատ տեղաշարժի, խոսքի, հավաքներին մասնակցելու իրավունքը: Դա, իհարկե, նոր դեպք չէ (2011թ), շատերս գիտենք, փորձելու ենք հասկանալ, թե ինչու այս նախադեպը գործնականում այդպես էլ նախադեպ չդարձավ շատ այլ դեպքերի համար, հատկապես վերջին 3 տարվա ընթացքում գիտենք, թե ինչ մեծ թվով մարդկանց սահմանադրական իրավունքը խախտվեց: Խնդրում եմ փոքր-ինչ հիշենք դեպքի մասին, թե ինչպես կարողացաք, ի վերջո, դատարանի միջոցով հասնել դրան եւ նախադեպ ստեղծել:

- Իսկապես շահագրգիռ եմ, որ այս նախադեպը կիրառելի դառնա շատերի համար, ովքեր համարում են, որ իրենց արտահայտման, հավաքների, երթերի կամ ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակվում է ապօրինի կերպով: 2011թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի միջոցառումների օրը, Ֆեյսբուքում մի խումբ ստեղծվեց, որը նախաձեռնեց բողոքի մի ակցիա իրականացնել ընդդեմ օտար, այդ դեպքում՝ ռուսական, զորքերի, դրոշների ներկայության այդ ռազմաշքերթի, որը պետք է լիներ Հանրապետության հրապարակում: Մոտ 300 հոգի համախոհ էին այն մտքին, թե անկախության շքերթը չի կարող օտարերկրյա զորքերի մասնակցությամբ լինել, որովհետեւ դա հակասում է անկախության գաղափարախոսությանը: Լուրջ կասկածներ ունեինք (որոնք հետագայում հաստատվեցին),  որ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն զիջում են այն հարաբերական անկախությունը կամ ինքնիշխանությունը, որը ձեռք էր բերվել 90-ականների սկզբին: Այդ 300 հոգուց Սարյանի արձանի մոտ հավաքվեցին 13 հոգի. մեծ հակաքարոզչական արշավ գնաց նախորդ օրվա հետ կապված, տարբեր բալիկներ գրում էին. «Վայ, պարոն Բարսեղյան, ինչո՞ւ եք ուզում փչացնել մեր տոնը, ախր այնքան գեղեցիկ տոն է»: Մի խոսքով ֆեյքեր, տարբեր ուղարկված մարդիկ: Մինչեւ ես Գյումրիից հասա արձանի մոտ (ժամանակին հասա), 30-ից ավելի ոստիկաններ տեսա, ծպտվածներին չեմ կարող ասել, հավաքվեցինք 13 հոգի, 3 վատմանի թղթի վրա մարկերով ուղղակի գրեցինք  մի քանի կոչ. «Հայաստանն անկախ երկիր է», «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ», «Ո՛չ օտար դրոշներին»: Առավոտյան 9:30-ի կողմերը Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պողոսյանը, եթե չեմ սխալվում, եկավ, մի կողմ հրավիրեց, սկսեց երկար-բարակ բացատրել, որ չարժե նման բան անել: Ես չեմ ծուլանում  ոստիկանների համար մանրամասն կարդալ ՀՀ Սահմանադրությունը, իրեն եւս հետեւողականորեն բացատրում էի. նա չկարողացավ ինձ համոզել, ոչ էլ ես՝ նրան: Լավ հիշում եմ մի դրվագ, ասաց. «Գիտեք, վերեւներում ահագին խելացի մարդիկ կան, որոշել են, որ չարժե այս բողոքի ցույցն անցկացնել: Եթե սկսեք՝ ձերբակալելու ենք»: Ասացի. «Դուք, Ձեր վերեւները, մեզ հետ ինչ գործ ունեք: Մենք մերն ենք անելու, դուք ինչ կարող եք՝ արե՛ք»: Մի դրոշ ունեմ՝ հայտնի դրոշ է, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին էի տարել, Թուրքիայում մեծ աղմուկ-կռիվ եղավ, թե  ինչո՞ւ են այդքան մեծ  դրոշ բերել, մի խոսքով, միշտ հետս է:  Այդ պաստառները նկարելիս ոստիկանները սկսեցին խլել, ուղղակի ձեռքներիս տակից տանել այդ պաստառները, մենք իրենց նկատմամբ բռնության չդիմեցինք: Բարեբախտաբար տեսագրվել էր, «Ազատություն» ռադիոկայանի կողմից, Epress-ն էր բավականին հաջող ռեպորտաժ սարքել՝ փաստավավերագրի իմաստով, նյութն էլ արժեքավոր էր: Այս երկու տեսաձայնագրություններն ընկան մեր պնդումների ապացուցման հիմքում, առանց որի շատ դժվար կլիներ ինչ-որ բան ապացուցել, թեպետ շատ ուրիշ լրատվամիջոցներ էլ լուսաբանեցին: Հենց Սարյանի արձանի մոտից «ազատ, անկախ Հայաստան» վանկարկելով եւ դրոշով շարժվեցինք դեպի «Տղամադիկ» արձանը: Այդ պահին որոշվեց երթով գնալ Հանրապետության հրապարակ, բողոք հայտնել: Այս մարդկանց երեւի թվում էր, թե մենք տանկերի տակ ենք ընկնելու, վառելու ենք մեզ. անհեթեթ պատմություն: Առավելագույնը 25 մետր քայլեցինք մինչեւ «Տղամադիկ» արձանը, Առնո Կուռն էր դրոշի ծայրից բռնել ու եւս 11 հոգի: Եկան, ինձ ու Առնոյին բռնեցին, դրոշը խլեցին, զոռով մտցրեցին իրենց ոստիկանական մեքենան, որը շատ խորհրդանշական էր՝  ռուսական «պատրուլ» էր, սեւ գույնի, «Վիլիս»-ի նման. չեմ ասում, թե ռուսական արտադրության մեքենայով տանելն ինչ-որ դիտավորություն էր: Մեզ երկուսիս տարան Կենտրոնի ոստիկանության հին շենք, տեղավորեցին առաջին հարկում, ոչ մի արձանագրություն, գրառում մատյանում, ոչ մի հարցաքննություն, հարց ու պատասխան: Առնոն հեռուստացույց խնդրեց, որ շքերթը նայեր (դրան զուգահեռ ընթանում էր անկախության 20-ամյակի շքերթը): Սուրճ առաջարկեցին: Ես ընդհանրապես չէի խմում, ուր մնաց՝ ոստիկանի հետ ինչ-որ բան խմեի: Իմ արժեհամակարգը թույլ չի տալիս հանցագործների հետ սեղան նստել կամ ինչ-որ բանից օգտվել: Հեռախոսները չէին խլել մեզնից, եւ ես կարողացա Իշխանյանին, Միքայել Դանիելյանին, Արթուր Սաքունցին տեղյակ պահել, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Տոն օրով այս մարդիկ սկսեցին փաստաբան որոնել, որ կարողանա մուտք գործել ոստիկանություն: Լուսահոգի Միքայել Դանիելյանին հաջողվեց գտնել մի փաստաբանի, կարծեմ Վահան էր անունը: Նա եկավ 1 ժամ 10 րոպեից (ժամերը շատ կարեւոր են այս համատեքստում), եւ մոտ մեկ ու կես ժամ չէին թողնում, որ ներս մտնի ու մեզ հետ զրուցի: Երբ  շքերթն ավարտվեց, այդ ժամանակ միայն ներս թողեցին փստաբանին: Նա եկավ, նստեց եւ ոստիկանության պետի տեղակալը, օպերատիվ գծով պետի տեղակալ եւ կարծեմ մեկն էլ կար, եւ երբ բերման ենթարկելու արձանագրության մասին հարցրեցինք, ասացին՝ մենք բերման չենք ենթարկել, մարդիկ իրենք են ցանկացել գալ: Հետո այս ամբողջ կրկեսը տեղի ունեցավ դատարանում, որը մի զարհուրելի զվարճալիք էր. ես դրա սղագրությունը Ֆեյսբուքում հրապարակել եմ, նաեւ ձայնագրություններ կան: Ի վերջո ասեցին. «Ոչ մի թուղթ չենք տալիս ձեզ, գնացեք»: Առանց որեւէ բան արձանագրելու դուրս եկանք: Մեր ընկերներից շատերն էին եկել, շամպայն էին բերել, հենց մայթի վրա՝ ոստիկանության դիմաց, Անկախության տոնը նշեցինք եւ որոշեցինք անպայման դատարան դիմել, վիճարկել,  ճանաչել տալ արժանապատվության նկատմամբ ոտնձգությունը, որն արտահայտվել էր կոնկրետ մարդու հիմնարար այդ երեք իրավունքների խախտմամբ՝ խոսքի, հավաքների եւ տեղաշարժման ազատության:  Այդ դատը տեւեց 1,5-2  տարի: Իմ ներկայացուցիչն էր իմ ընկերը՝ Զեյնալյան Արտակը: Պահանջը մեկն էր՝ ճանաչել այդ իրավունքների խախտման փաստը: Դատավորը կին էր,  մենք վկա կանչեցինք բոլոր ոստիկաններին, ովքեր ներգրավված են եղել դրա մեջ, երեւի մոտ 10 հոգի հարցաքննվեց: Իսկապես զվարճալիք էր, եթե հնարավոր լիներ այդ ամբողջը նկարել.... Ես մեկ-երկու դրվագ պատմեմ, Դուք պատկերացրեք, թե պետության զավթման այս այլանդակությունն ինչ մակարդակի կարող է հասնել: Որպես ապացույց՝ սկավառակով ներկայացրել էինք այդ երկու հեռուստառեպորտաժները: Դրանք ներկայացրել էինք նաեւ պատասխանող կողմին: Դատավորը հարցնում է վկաներից մեկին՝ մի կապիտանի (ամբողջը սղագրված կա). «Դուք Լեւոնին կպե՞լ եք այդ օրը»: Ասում է՝ չէ: «Թեւից չե՞ք բռնել»: «Չէ՛»: «Մեքենա չե՞ք նստեցրել»: «Չէ, նման բան չի եղել»: Դատավորը միացնում է տեսագրությունն ու հարցնում՝ «Դո՞ւք եք»: Ասում է՝ հա: «Լեւոնի թեւից քաշողը Դո՞ւք եք»: «Հա, հարգելի դատարան»: «Դո՞ւք եք մեքենայի մեջ հրողը»: «Հա»: Դատավորն ասում է. «Պարոն, ես Ձեզ քիչ առաջ հարցեր տվեցի, Դուք հակառակը պատասխանեցիք»: Ասում է՝ «Պետն էր ասել»: «Դուք այս տեսագրությունը տեսե՞լ էիք»: «Այո»: «Ե՞րբ»: «Դե մի քանի օր առաջ ոստիկանությունում տղերքով նստած նայում էինք»: «Ինչո՞ւ»: «Դե որ իմանայինք՝ ինչ է տեղի ունեցել, որ այստեղ պատմեինք»: «Բա որ տեսել էիք ու գիտեիք, որ դատարանում սա պետք է ուսումնասիրենք, ինչո՞ւ եք ստում, հարցերին սխալ պատասխանում»: «Որովհետեւ պետն էր այդպես ասել»: «Պաստառները խլե՞լ եք»: «Այո»: «Ինչո՞ւ»: «Վրան ռասիստական բաներ էին գրված»: Այդ բառերն է օգտագործում, մենք էլ զարմացած լսում ենք: Դատավորը հարցնում է, թե ինչ իմացան, որ դրանք ռասիստական են: Ասում է. «Դե պետն ասաց, որ ռասիստական են, մենք էլ խլեցինք»: Դատավորն ասում է. «Իսկ գուցե ուշադիր չե՞ք եղել, գուցե էնտեղ գրված էր «ազատ, անկախ Հայաստա՞ն»: Ասում է. «Հարգելի դատարան, եթե «ազատ, անկախ Հայաստա» լիներ, մենք էլ կմիանայինք ցուցարարներին»: Կապիտանը, որը 10 տարուց ավելի աշխատում է ոստիկանությունում,  «լեզվին է տալի»: Դատավորն ասում է. «լավ, տեսագրությունը նայենք»: Միացնում է տեսագրությունը, հարցնում է՝ «տեսե՞լ եք»: Ասում է՝ «Այո, բայց չեմ կարդացել՝ ինչ է գրված եղել պաստառին»: Դատավորն ասում է. «Բայց դուք եք, չէ՞, խլողը, կադրում երեւում է, շատ լավ նկարած է: Էս մյուս պաստառը կարդացեք»: Գրած է՝ «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ»: Հարցնում է. «Սա էլ եք, չէ՞, Դուք խլել: Ինչո՞ւ»: «Ռասիստական է»: Ինչքան տառապեցինք, հետո հասկացանք՝ քանի որ «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ» արտահայտությունը «Ռուսաստան» եւ իրենց լեզվամտածողությամբ «Ռոսիա» բառն է ներառում, այս մարդկանց գանգատուփում դա ըստ էության ընկալվել է որպես «ռոսիստական»: Ուրիշ բացատրություն չկա, առեղծված է մնում: Եւ վերջում պետերը սկսեցին պատմել, որ ես եմ խնդրել գալ ոստիկանություն: Ես հարցրեցի, թե ինչպես են պատկերացնում, Գյումրիում ոստիկանություն չկա՞ր, որ եթե շատ էի ուզում, կգնայի էնտեղ: Դատավորն ասում է. «Եթե ինքն է խնդրել գալ ոստիկանություն, ինչո՞ւ էիք հրմշտելով մտցնում մեքենան»: Բայց քանի որ տեսագրությունները կային, ապացուցված էր պաստառների խլելը, երթի խափանումը, ազատ արտահայտման իրավունքի խափանումը: Ճիշտն ասած՝ զարմացանք, որ դատարանը վճռեց ճանաչել իմ իրավունքների խափանման փաստը ոստիկանության կողմից: Այդ ժամանակ փոխհատուցեցին մեր պետական տուրքը՝ 8 հազար դրամ էինք վճարել դատական հայցի համար: Իրենք չվիճարկեցին այդ վճիռը, չբողոքարկեցին որեւէ կերպ: Մենք երկրորդ հայցը ներկայացրեցինք: Խոսքը երկու խոշոր եւ գրեթե նախադեպ չունեցող գործերի մասին է: Երկրորդն արդեն ինձ հասցված բարոյական եւ նյութական վնասի հատուցումն էր: Այնպես չէ, որ ես ոստիկանության տված փոխհատուցման հույսին եմ մնացել, բայց ոստիկաններից որեւէ մեկը հրապարակավ ներողություն չխնդրեց:  Եթե նման բան անեին, իմ վերաբերմունքը կփոխվեր, իհարկե: Փոխհատուցել բարոյական վնասը եւ դատական ծախսը, եթե չեմ սխալվում, մոտավորապես մեկական միլիոն դրամի հայց էր: ՄԻԵԴ համանման նախադեպերում այդ գումարները շատ ավելի մեծ են՝ մարդուն 3 ժամ ապօրինի կերպով փակ պահելու համար 5-7 հազար եվրոյի չափով: Զեյնալյանի առաջարկով կազմեցինք մոտավորապես այսպես. նախընթաց դատի ժամանակ Երեւանից Գյումրի գնալ-գալ, իրավաբանի վճար եւ բազմաթիվ այլ ծախսեր: Երկու տարուց ավել տեւեց այս մյուս գործը, եւ, երեւի թե 1,5 տարի առաջ, դատարանը վճռեց բավարարել հայցը, բայց՝ մասնակիորեն. դատական ծախսերի համար 300,000 դրամ՝ մեկ միլիոնի փոխարեն, եւ բարոյական վնասի հատուցում 200,000 դրամ՝ մեկ միլիոնի փոխարեն: Իրենք էլ վիճարկեցին վերաքննիչ դատարան, մենք էլ: Հետո գնաց Վճռաբեկ դատարան, ամբողջը մնաց ուժի մեջ: Ի վերջո դիմում գրեցինք, եւ այդ գումարները՝  իմ եւ փաստաբանի, փոխանցեցին մեզ: Ես իմ գումարով հրացան գնեցի. բավականին լուրջ հրացան է, հիմա մեր տանն է պահվում: Եթե ուրիշներին զենք կրելու թույլտվություն ոստիկանությունը տալիս էր 2-3 օրում, իմը տեւեց  8-9 օր. գուցե ուղղակի ձգձգվել է: Այսուհետ ես բոլոր նման փոխհատուցումները ծախսելու եմ զենք-զինամթերքի վրա, որովհետեւ կարող են հազար ու մի ոտնձգություն կատարել իմ նկատմամբ: Սա դեռ մի օրինակ է, բազմաթիվ նման դեպքեր են եղել: Մենք սրա հետ դիմեցինք նաեւ Սահմանադրական դատարան՝ բարոյական վնասի հանգամանքի հետ կապված, օրենսդրության մեջ դա չկա, նախատեսված չէ (իշխանության կողմից մարդուն հասցված բարոյական վնասի մասին է խոսքը): Քրեական օրենսգրքում անձի կողմից անձին հասցված զրպարտության եւ վիրավորանքի հանգամանքների մասով կա բարոյական վնասի հանգամանքը, բայց որ պետությունը կամ իշխանությունն է մարդուն հասցնում  բարոյական վնաս, եւ դա պետք է ճանաչվի. իրենք երեւի հասկացան, որ եթե մերժեն, մերժեն, այդ ամբողջը գնալու է ՄԻԵԴ: Մենք ՍԴ որոշումն էլ ունենք, որով ճանաչվում է բարոյական վնասը՝ որպես սահմանադրական իրավունք, եւ, եթե չեմ սխալվում, եռամսյա ժամկետում պետք  է օրենսդրական փոփոխություններ լինեն համանման դեպքերի համար, որպեսզի այդ բարոյական վնասն ամրագրվի: Սա բազմաթիվ դեպքերից մեկն է, առիթի դեպքում կխոսենք եւ մյուսներից:

- Հաղորդումը սկսեցինք նրանով, որ սա իսկապես լավ նախադեպ է, եւ, կարծես թե, բարոյական վնասի փոխհատուցման առաջին դեպքն է: Բայց համաձայնեք, որ երկու տարի առաջ՝ հուլիսյան դեպքերի ժամանակ, Խորենացի փողոցում բազմաթիվ էին նման օրինակները եւ հենց այս նախադեպն օգտագործելով կարելի էր գնալ դատարան: Ձեզ համար պա՞րզ էր, թե ինչու սա գործնականում չդարձավ նախադեպ:

- Մի քիչ ետ գնանք. 2015թ. «Էլեկտրիկ Հայաստան»-ի կռիվների ժամանակ մոտավորապես 400 հոգի է ապօրինի բերման ենթարկվել, բայց նրանք բացարձակ խաղաղ ցուցարարներ են եղել: Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել նաեւ մոտավորապես 25 լրագրողների եւ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ: Արդեն 2016-ին՝ «Սասնա Ծռեր»-ի ապստամբության օրերին, մոտավորապես 800 խաղաղ ցուցարար է ապօրինի բերման ենթարկվել, բռնություններ են կիրառվել նրանց, նաեւ՝ մոտավորապես 30 լրագրողների եւ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ. նյութական վնաս, մարմնական վնասվածքներ, ստորացում, մարդկային արժանապատվության նվաստացում (կոշիկս համբուրի եւ այլ նման բաներ). վկայություններ կան: Մեղմ ասած, ճանապարհը բացված էր, թունելը փորած, կամեցողները կարող էին օգտվել, եւ ես գիտեմ, որ հատ ու կենտ մարդիկ ընդամենը որոշեցին այդ ճանապարհից օգտվել. հույս չունենալ, որ կարող են հաղթել, արտագաղթել այստեղից եւ ազատվել այս այլանդականոցից (այս համակարգն ի նկատի ունեն), 3,4,5 տարի տանջվել, հետո ՄԻԵԴ դատարան դիմել. ուղղակի հույսի, գուցե նաեւ ֆինանսական միջոցների դեֆիցիտն է եղել պատճառը, փոփոխությունների ակնկալիք չունենալը: Եղել են մարդիկ, որոնք գուցե այս պատմությունից տեղյակ չեն եղել: 2013թ. Պուտինի՝ Երեւան այցելության օրը բերման ենթարկվեցին մոտ 150 հոգի՝ ցուցարարներ, բողոք արտահայտողներ, որոնց մեջ նաեւ ես էի: Այդ ժամանակ ոստիկանությունը սկսեց բերման ենթարկվածների դեմ վարչական պատասխանատվության հայցեր ներկայացնել, ընդ որում ինձ պահել էին մոտ 6 ժամ: Դատական պրոցեսը տեւեց 1,5 տարի եւ ավարտվեց 2015թ., եթե չեմ սխալվում, սեպտեմբեր-հոկտեմբերին: Ես դատարանում կարողացա ապացուցել, որ իրենք ապօրինություն են արել, ոստիկանությունը չկարողացավ ապացուցել, որ ես վարչական իրավախախտում եմ թույլ տվել: Բազմաթիվ այլ հետաքրքիր նրբություններ կան այդ գործի մեջ, եւ դատարանը վճռեց մերժել ոստիկանության հայցը: Սա նշանակում է, որ ոստիկանությունն ինձ ապօրինի է բերման ենթարկել: Համանման մի գործ էլ ունենք. 2008թ. մարտի 2-ին Գյումրիում ինձ, եւս 15 հոգու (նաեւ՝ անչափահաս որդուս) բերման ենթարկեցին (փաստորեն 10 տարի է անցել): Հասկանալի է, Երեւանում արտակարգ դրություն էր, լարվածություն, տեռորի հասնող ճնշումներ ԶԼՄ-ների եւ քաղաքացիների նկատմամբ: Այդ ժամանակ դատարանը գտավ, որ հայցը պետք է բավարարել. վճռեց, որ ես վարչական իրավախախտում եմ կատարել՝ փորձելով մտնել Գյումրու Թատերական հրապարակ, երբ հայտարարված էր արտակարգ դրություն: Դատարանում հեշտությամբ ապացուցեցինք, որ արտակարգ դրությունը հայտարարված էր Երեւանի վարչական տարածքի վրա, ոչ թե Գյումրու: Չկարողացան հիմքեր բերել, թե ինչո՞ւ է ոստիկանությունը փակել Գյումրու Թատերական հրապարակը, ի՞նչ հիմքով: Ես էլ ուղղակի ֆիզիկապես փորձել եմ մուտք գործել, ինձ բռնել, տարել են «մենթերը», եւ 50,000 դրամ վարչական տուգանքի վճիռ ներկայացվեց: Մենք դա բողոքարկեցինք Վճռաբեկ դատարան, ՄԻԵԴ, հիմա չգիտեմ ուր է հասել: Ես այդ 50,000-ը  չեմ վճարել եւ չեմ էլ վճարելու: Հիմա եթե 2015-16թթ. տուժածների թեկուզ 10 տոկոսը՝ 100 հոգի, դիմեր Վարչական դատարան,  Վարչական դատարաններն ուղղակի կաթվածահար էին լինելու: Հիմա, երբ որեւէ գործով, օրինակ՝ Պատմության թանգարանի դեմ մեր գործով, դիմել ենք դատարան, առաջին դատական նիստը նշանակվեց վարույթ ընդունվելուց հետո 4 ամիս անց, այսինքն՝ դատավորները չունեն ժամանակ: Երկրորդ նիստը նշանակվել է մեկ ամիս հետո, հաջորդը չգիտեմ երբ կնշանակվի: Ռեժիմը պետք է մտածի, թե ինչ անի. դատավորների՞ն ավելացնի, կաշառքներ վերցնի «դատավորացուներից»՝ նրանց համար աշխատատեղեր ստեղծի՞: Ինձ թվում է, որ ապօրինի նման բռնությունների  ենթարկվածներից (ովքեր հիմքեր ունեն) ոչ բոլորը, բայց նրանց մի մասը դա օգտագործում է, ներեցեք արտահայտությանս, արտագաղթի համար՝ քաղաքական ապաստանի հիմքով:

- Այո, այդ տարբերակներն էլ կան: Հիմա Դուք կարո՞ղ եք հաշվել, թե սահմանադրական իրավունքները խախտելու հիմքով քանի գործ ունեք դատարանում:

- Երեւի շատ են, մոտավորապես 10-ը: 2016թ. «Սասնա Ծռեր»-ի ապստամբության օրերին ինձ երկու անգամ բռնեցին. մեկն առաջին օրը, երբ Գյումրիից գալիս էի Երեւան (բարեբախտաբար այդ ամբողջը  նկարահանված է եւ պահվում է Ֆեյսբուքում), Ագարակի «պոստի» մոտ ուղղակի մեքենաս կանգնեցրին, չթողեցին շարունակեմ ընթացքս, ոչ  մի բացատրություն չտվեցին, մոտ 1 ժամ պահեցին, Շիրակի մարզային վարչության պետ Մարտիրոսյանի (հիմիկվա ձեր ոստիկանապետն է) կարգադրությամբ Գյումրիից հատուկ մեքենա եկավ, ոստիկաններն ապօրինի կերպով ինձ ուժով նստեցրին իմ մեքենան, զավթեցին իմ մեքենան, բերեցին Գյումրի: Հետո դատարանում, երբ դատի տվեցինք այս դրվագը վիճարկելու, ասում են. «զենք-զինամթերքի ահազանգ էինք ստացել»: Բացում  ենք դատական գործի մեջ կցված ոստիկանների ցուցմունքները, ովքեր ինձ բերման են ենթարկել (ես նրանց ասել եմ, որ «մենթեր» են. իմ ընկալման մեջ «մենթ»-ը ապօրինություն անող ոստիկանն է), ոստիկանության բաժնի պետը գրում է. «Լեւոն Բարսեղյանը զենք-զինամթերքով բեռնված ավտոյով շարժվում է Երեւան» (չի ասում՝ ահազանգ ունենք): Մյուս ոստիկանների բացատրությունների մեջ գրված է. «Ահազանգ ենք ստացել, որ.....»: Դատարանում ասում եմ. «Եղբայր, եթե դու նման ահազանգ ունես, մեքենան տանում ես, ինչո՞ւ տեղում չես զննում. կարող է մեջը զենք-զինամթերք կա, կարող է ես պայթեցնում եմ բոլորիդ: Պետք է ենթադրվի չէ՞, եթե նման ահազանգ ունես, որը գրված է գործի մեջ, եւ հիմա դատարանում ասում ես: Չես արել, 1 ժամ սպասել ես, մինչեւ Գյումրիից ոստիկանական մեքենա գա: Եկել են 5 հոգով, հետո հասկացել, որ եթե ինձ էլ վերցնեն, 6 հոգի մեքենայում չենք տեղավորվի: Այս «տավարական» մտածողությամբ որոշել են զավթել իմ մեքենան,      հետո «կսարքենք, էլի», որ մեքենայում զենք-զինամթերք է եղել: Ինձ զոռով մտցնում են իմ մեքենան, եկած մեքենայի վարորդը մնում է իր մեքենայում, 5 հոգով իմ մեքենան հասցնում են այնտեղ ու էլի չեն զննում իմ մեքենան: Տանում են վարչության պետի մոտ, պետն ուզում  է ինձ հետ զրուցել, երեւի մտածում է, թե իր կենսագրության մեջ ինձ պատահող «մենթերից» առաջինն է, ուզում է ինձ խելք-խրատ տալ՝ չարժի, չի կարելի, լավ էլի, պարոն Բարսեղյան: Այս տեսակ հիմարություններ են տեղի ունեցել: Դատարանում չեն կարողանում բացատրել, թե՝ այ ընկեր, դու ինչո՞ւ ես անգործություն դրսեւորել, ինչո՞ւ տեղում չես զննել, խուզարկել մեքենան, բա որ տեղում պայթե՞ր: Քննիչի հարցաքննության մեջ բոլոր ոստիկանների բացատրագրերում գրված է՝ զենք-զինամթերք, զենք-զինամթերք, այսինքն՝ իրականում դու եկել էիր պարզապես ինձ խափանելու, հետո ես «սարքել» զենք-զինամթերքը: Այդ գործը դեռ դատարանում է՝ վերաքննիչ, Վճռաբեկ: Մյուսն ինձ ձերբակալելու գործն է, երբ այն ստից դանակը գտան ինձ մոտ. ամեն անգամ (նախկինում էլ է եղել), երբ ոստիկանատներում ինձ խուզարկում են, միշտ մոտիցս հանում են այդ դանակը: Դրանից մեկ տարի առաջ, երբ Բաղրամյան պողոտայում ջրցանով ջրեցին մեր ցույցը, տարան Նորքի ոստիկանատուն, այնտեղ էլ քննիչը գտել է, հետո տեղում գնահատել է, որ սա սառը զենք չէ, վերադարձրել է, եւ այդ երեկոյան ինձ բաց են թողել: Այդ ամբողջն արձանագրված է: Եվ «Սասնա Ծռեր»-ի ապստամբության օրերին, երբ ինձ ձերբակալեցին, ես ասացի. «Նման բան կա, ժողովուրդ, անտեղի ժամանակ մի կորցրեք, ինձ էլ՝ փակեք, ինչ է թե ուղարկեք փորձաքննության»: Երեք օր պահեցին, ի վերջո հասկացան, որ սա սառը զենք չէ, եւ երեւի հանրային աղմուկը մեծ էր, նաեւ իմ փաստաբան Հայկուհի Հարությունյանը (որ փայլուն գիտե այս ոլորտը եւ փայլուն աշխատեց) հանել էր տվել Նորքի բաժանմունքի խուզարկության արձանագրությունը, ինձ ազատ արձակեցին: Սա մի ուրիշ դատական գործ է, Պուտինի ժամանակվա «կրկեսը» նույնպես մի առանձին շարունակություն կունենա:

- Մի խոսքով շատ մեծ փորձառություն ունեք:

- Այո, «նստել եմ սրա օրոք, նրա օրոք»: Գիտեք, ինձ թվում է, որ ես շատ խաղաղասեր մարդ եմ, ամենախաղաղասեր, խաղաղությունը գնահատող մարդը: Բայց հենց կպնում են ինձ, իմացեք՝ հրեշ է ձեր դիմաց, ինչո՞ւ ես անտեղի կպնում ինձ: Ես քո հագ ու կապը վճարեմ, հարգելի ոստիկան, ռոճիկը տամ, մեքենան դնեմ տակդ, բենզինը լցնեմ եւ այլն, ինչ է քո տերը՝ քեզ կերակուր  «գցողը», վրադ «ղժացողը» քեզ հրամայում է, դու գալիս ես....  Շատ է եղել, շատ ոստիկաններ ոստիկանատանը ասում են. «Հասկանում ենք, պարոն Բարսեղյան, Դուք չգիտեք մենք Ձեզ ոնց ենք հարգում, բայց հրաման ենք կատարում, տուն ենք պահում»: Նման իրավիճակը հենց պետության զավթման մետաստազներից է, սա ցուցիչ է այն բանի, որ իրավական պետություն չէ, ոստիկանին վերածում են «մենթի»: Մենք ունենք ոստիկաններ, որոնք բարեխիղճ մարդիկ են, իրենց գործն անում են, ու իրենց մասին չենք էլ իմանում:

- Մենք չենք ընդհանրացնում, իհարկե: Պարոն Բարսեղյան, եթե որպես ժամանակահատված վերցնենք վերջին 10 տարին, ի՞նչ է փոխվել: Ես հասկացա, որ 2011-ին Ձեզ հետ ավելի «նուրբ» են վարվել, բռնության կիրառումն այնպիսին չի եղել, ինչպես հիմա: Դուք ասում եք, որ Ձեր դատական գործում երկու տեսահոլովակ է շատ օգնել: Հիմա լրատվամիջոցներն էլ են շատ, ուղիղ եթերներն էլ, այսինքն՝ ապացուցողական բազան, ե՛ւ Բաղրամյան փողոցի, ե՛ւ Խորենացու դեպքերի ժամանակ: Բայց արդյո՞ք սրանք նպաստում են, որ ոստիկանների պահվածքը փոխվի՝ նվազեն մարդու սահմանադրական իրավունքի խախտումները:

- Կետային հաջողություններ կան եւ լինելու են, իսկ ընդհանուր միտումը նեգատիվ է: Դա իմ գնահատականն է, վիճակագրությամբ էլ է երեւում, եւ պատճառների մեջ ես տեսնում եմ պետության զավթման խորացումը՝ իշխանություն պահելու մոլուցքով: Կարող են հատ ու կենտ դեպքերով արդարադատություն կայացնել՝ շատ լավ իմանալով, որ հետո այդ գործը հասնելու է ավելի բարձր ատյան՝ ՄԻԵԴ, դատական կամ մնացած ծախսերի փոխհատուցումն ավելի մեծամասշտաբ է լինելու, ինձ նման մարդկանց (նկատի ունեմ, որ չեն խուսափի հրապարակավ խոսել, ներկայացնել խնդիրները) դեպքում էլ խնդիրն անհամեմատ անցանկալի է իրենց համար, եւ ջանում են գոնե ինչ-որ չափով գոհացնել գոնե տեղական դատական մակարդակով: Հիմա ես Ձեզ հարցազրույց եմ տալիս, իսկ համանման թեմաներով ինձ հազար մարդ է հարցնում  (որեւէ գաղտնի բան չկա) ե՛ւ տեղացիներից, ե՛ւ օտար երկրներից, ե՛ւ միջազգային կազմակերպություններից՝ կոնֆերանսներ, համաժողովներ, դեպքերի ուսումնասիրության դրվագներ, որտեղ ներկա են լինում նաեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ: Ես երեսներին ասել եմ եւ ասելու եմ, որ  դուք ուղղակի գործիք եք այս ռեժիմի ձեռքին: Ենթադրենք վաղը, մյուս օրը համանման մի բան լինի, ասենք, զանգվածային բողոքի ցույց, ինչպես եղավ «Էլեկտրիկ Երեւան»-ի կամ «Սասնա Ծռեր»-ի ժամանակ, ոստիկանությունը կսկսի ավելի օրինավո՞ր լինել, լրագրողներին չե՞ն ծեծի: Սո՛ւտ է, ես չեմ հավատում, թե ինչ-որ դրական տեղաշարժ է եղել: Այս տարիների ընթացքում անընդհատ բարեփոխում են խոստացել, ոստիկանությունը, արդարադատության, դատական համակարգը ինչ-որ ծրագրերի համար դրամաշնորհներ, վարկեր է ստացել, մեզ մոտ արդարադատության մակարդակը չի աճել. ունենք նորանոր շենքեր, բարձր աշխատավարձով դատավորներ, ոստիկանության, դատարանների ու հարակից կառույցների համար ոստիկանական մեքենաներ, բայց արդարադատության նկատմամբ հանրության վերաբերմունքն ավելի է վատացել, մարդկանց գնահատականը՝ մենք ունենք արդարադատություն, թե՝ ոչ, հետզհետե ավելի բացասական է դառնում:

- Իսկապես նախադեպային, շատ հետաքրքիր դեպք է: Իրականում որքան էլ ասենք, որ դատական համակարգն այսպես չէ, ոստիկանությունն այնպես չէ, պետք է նաեւ դրա պահանջարկը լինի, այսինքն, Ձեր ասած   այդ 10 տոկոսը պետք է գնար ու իր ազատ խոսքի,  տեղաշարժի իրավունքը պահանջեր:

- Ժողովրդական խոսքով ասեմ, որ բոլորին հասկանալի լինի, երբ «բանը բանից անցել է արդեն», ոչ  մի պահանջի զանգվածայնություն (դատական հայցերի) չի բերում համակարգային փոփոխությունների: Մի մեքենա ունեի՝ 20 տարվա, 2005-2009 թվականների ընթացքում յոթ անգամ շարժիչը նորոգել եմ, ու եթե այդքան շարժիչն եմ նորոգել, ապա մնացած մասերն ինչքան եմ փոխել: Եկավ մի պահ, երբ ես հասկացա, որ դրա վրա ծախսված ջանքը, ժամանակը, փողը անհամեմատ թանկ է, քան նոր մեքենա գնելը: Նոր մեքենա գնելը, իհարկե, թանկ է, նոր հանրապետություն ստեղծելը շատ թանկ է, շատ դժվար է զրոյից նոր պետություն կառուցելը, անհնար բան է: Բայց ինչ-որ մի սահման կա, երբ հասկանում ես, որ չի լինելու, քանի որ այս ռեժիմը պատասխանատվության չի ենթարկվել իր հանցագործությունների համար, ամբողջ իրավապահ եւ դատական համակարգն ուղղակի կատարել է Բաղրամյան 26-ի հրահանգը՝ անձամբ կամ միջնորդված, անհնար է սպասել համակարգային փոփոխությունների: Թող սա հուսահատեցնող չհնչի, ես այդ մարդկանցից չեմ, ուղղակի պետք է որոնել եւ գտնել: Գուցե այդտեղ իսկապես մորթապաշտական շահ կա, ես ուզում եմ իմ ես-ը կշտացնել, արդարորեն եմ ասում, այն ոստիկանը, ով ինձ վնաս է տվել, պիտի հատուցի: Ես պահանջկոտ չեմ, կրկնում եմ՝ մեկ անգամ հրապարակավ ներողությունը կարող է ամեն ինչ հարթել: Ես մեկին անտեղի մի թարս բան եմ անում՝ անպայման ներողություն եմ խնդրում, հրապարակավ է արվել՝ հրապարակավ եմ ներողություն խնդրում: Այս մարդիկ մարդկանց վնաս տալուց, նրանց նկատմամբ չարագործություն անելուց հետո շատ-շատ ասում են. «Գիտես, տուն եմ պահում»: Ի՞նչ է, մենք հավ ենք պահում, չհասկացա, գնա քո հաշվին տուն պահի, իմ հարկերի հաշվին ինչո՞ւ ես պահում:

- Համաձայն եմ: Շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը: Հիշեցնեմ, որ այսօր տաղավարում հյուրընկալել էի Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

 

 

 

 

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan