Ադրբեջանի կառավարությունը չի վճարում ՄԻԵԴ-ի սահմանած տույժերը




Ադրբեջանի կառավարությունը չի վճարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով սահմանված տույժերը, որոնցով պետք է փոխհատուցվեն Ադրբեջանի քաղաքացիները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի կառավարության դեմ ՄԻԵԴ ներկայացվող հայցերը տարեցտարի ավելանում են: Ադրբեջանը գտնվում է այն 7 երկրների շարքում, որոնցից Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվում ամենաշատ բողոքները:
2017թ. կտրվածքով ՄԻԵԴ ներկայացվող հայցերի 4 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին:
2017թ. Ադրբեջանից ՄԻԵԴ է ուղարկվել 679 հայց, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է 2016թ. ներկայացված հայցերի թիվը:
ՄԻԵԴ ներկայացված բողոքները հիմնականում վերաբերում են ադրբեջանական իշխանությունների կողմից լրագրողների, բլոգերների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ պարբերաբար կիրառվող ճնշումներին, ինչպես նաև ընտրողի ազատ ընտրության իրավունքին խոչընդոտելու դեպքերին: