Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Շնորհավորում ենք. ձեր բժշկական տվյալները հասանելի են ձեր հարևանին, բարեկամին, պոլիկլինիկայի պահակին, КГБ-ին ու մասոններին... «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

- Ողջույն: Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Ես Սաթեն Միքայելյանն եմ:   Տաղավարում այսօր հյուրընկալել եմ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանին: Բարեւ Ձեզ:

- Ողջույն:

-Այսօր խոսելու ենք պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքի, մասնավորապես՝ նոր ներդրվող էլէկտրոնային առողջապահական համակարգի մասին: Արդյոք մեր օրենքներում առանձնացվա՞ծ է «բժշկական գաղտնիք» եզրույթը:

- Մենք մեր օրենսդրական կարգավորումներում որպես առանձին հասկացություն չունենք առանձնացված հենց «բժշկական գաղտնիք» եզրույթը, բայց մենք ունենք բուժաշխատողների եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների պարտավորությունը՝ ապահովելու պացիենտի գաղտնիության իրավունքը: «Բնակչության բուժօգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում նշված է, որ այս իրավունքն իր մեջ ներառում է պացիենտի բժշկական հաստատություն դիմելու փաստի, առողջական վիճակի, ախտորոշման, բուժման մեթոդների վերաբերյալ տեղեկատվությունը, եւ բավականին լայն ընդգրկված է գաղտնիության իրավունքը: Այստեղ պացիենտների համար կարեւոր է նաեւ այն, որ այս իրավունքների խախտման համար ՔՕ 145-րդ հոդվածով նախատեսված է ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն:

- Բայց գիտենք, որ գործնականում այնքան էլ այդպես չէ: Առնվազն՝ հանրային դեմքերի մասով, եթե մարդն առողջական ինչ-որ խնդիր է ունենում եւ  հիվանդանոց է դիմում, լրատվամիջոցներով միանգամից իմանում ենք: Չեմ կարծում, թե տվյալ անձն այդ վիճակով տալիս է լուսաբանելու համաձայնություն: Ինչպե՞ս է դա ստացվում:

- Այս իրավունքի խախտման բազում օրինակներ կարող ենք նշել, սկսած Ձեր կողմից նշված ե՛ւ մեդիայում, ե՛ւ  ցանկացած վայրում: Նույնիսկ կարող եք հեռախոսով զանգահարել որեւ բուժհաստատություն եւ շատ հնարավոր է, որ Ձեզ տվյալներ կհայտնեն հիվանդներից  որեւէ մեկի առողջական վիճակի մասին: Բացի այդ կան նաեւ որոշակի հիվանդություններ, օրինակ՝ քաղցկեղը, երբ նույնիսկ պացիենտն էլ տեղյակ չի լինում իր հիվանդության մասին, այլ հարազատներն են իմանում: Նման խախտումների դեպքում շատ կարեւոր է նախ եւ առաջ արձագանքել. սա շատ բնական է, քանի որ երբ որեւէ պատժելիության, սանկցիաների մեխանիզմ չի աշխատում, այդ խախտումը շարունակում է կրկնվել: Մենք ունենք նախատեսված սանկցիաներ՝ գնալ նրան, որպեսզի պատասխանատվություն կրեն այն մարդիկ, կառույցները (նաեւ մեդիայի), ովքեր առանց պացիենտի համաձայնության հրապարակում են վերջինիս առողջական վիճակի եւ, առհասարակ, բժշկական գաղտնիության հետ կապված որեւէ տեղեկատվություն:

- Ունե՞նք գոնե մեկ նախադեպ:

- Բազմաթիվ գործերով, դրվագներով ընթացք են տրվել, բայց, ցավոք սրտի, նախադեպերը չեն հասել ամենավերջին կետին: Ես կարող եմ դրանցից մեկը նշել, քանի որ իրականում գաղտնիության իրավունքի խախտման սպեկտրը շատ լայն է. օրինակ, պոլիկլինիկայում քաղցկեղով հիվանդ անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ ստացած դեղաչափի (քանի որ ներառվում են նաեւ թմրամիջոցներ պարունակող դեղամիջոցներ) մասին տեղեկատվությունը փոխանցում են ոստիկանություն: Մենք «Human Rights Watch» կազմակերպության հետ միասին ընթացք տվեցինք այս գործին,  եւ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն անդրադարձավ այս խնդրին. վարույթ եղավ, որոշում կայացվեց, դիտարկվեց ու ընդունվեց որպես խախտում: Ուզում եմ ասել, որ արձագանքն այսպես փոքրիկ հաղթանակների տեսքով էպիզոդիկ բնույթ է կրում, սակայն նախկինում դատական դեպարտամենտ մեր արած հարցումներով (վերջին երկու տարում չունենք տվյալներ) չունեինք որեւէ գործ, երբ որեւէ մեկը պատասխանատվություն կրեր իմ  նշած 145-րդ հոդվածի շրջանակներում: Կան նաեւ որոշ ներքին սանկցիաների կիրառման մեխանիզմներ, օրինակ, մասնավոր բուժհաստատություններում հենց աշխատակազմի աշխատանքային պայմանագրերում կամ, եթե դրանք  քաղաքացիաիրավական պայմանագրեր են, կարգավորվում են դրանց շրջանակներում: Եթե  մենք խոսում ենք բժշկական գաղտնիքի մասին, սա պետք է կարգավորվի ոչ միայն բժշկական հաստատությունից դուրս, այլ նաեւ՝ հաստատության ներսում: Այստեղ այդ գաղտնիքի պահպանումը հաճախ կարգավորվում է այն սանկցիաներով, որոնք կիրառվում են անձնակազմի նկատմամբ. օրինակ, եթե բուժքույրը տվյալ տեղեկատվությունը անզգուշությամբ կամ դիտավորությամբ հայտնել է այլ անձի, ապա նախատեսվում է աշխատավարձից բռնագանձում կամ նյութական պատասխանատվության ենթարկում:

- Փաստորեն օրենքն արգելում է տվյալներ տալ նաեւ ոստիկանությանը:

- Սա շատ վիճելի հարց է, որի շուրջ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, եւ իրենք անընդմեջ պնդում են, որ ոստիկանական համակարգում կան ներքին կարգավորումներ, հրահանգներ, եւ պոլիկլինիկան ու բուժանձնակազմը պարտավորված է տեղեկատվությունը հանձնել: Կառավարության որոշմամբ նախատեսված է Առողջապահության նախարարություն ներկայացվող հաշվետվության ձեւ, որտեղ կա այն ինֆորմացիան, թե ինչ դեղ, ինչ քանակով եւ ում է նշանակվել: Բացի այդ նաեւ պոլիկլինիկան ինքը հաշվառում է իր պացիենտներին, եւ ամեն ինչ գրանցում, այնպես որ բուժհաստատության ներսում խնդիր եւ շրջանցման որեւէ հնարավորություն չի թողնվում: Բայց այստեղ շատ կարեւոր հանգամանք է, որ բուժաշխատողը չպետք է հոգ տանի, թե արդեն հաստատությունից դուրս ինչպես պետք է կիրառվի այդ ինֆորմացիան: Այսինքն, եթե ոստիկանությունն այստեղ տեսնում է ապօրինի շրջանառության որեւէ միտում կամ վտանգ, արդեն բուժաշխատողի խնդիրը չէ. բուժաշխատողը պետք է հոգ տանի պացիենտի, նրա առողջական վիճակի եւ տեղեկատվության գաղտնիության  մասին, եւ այն հասանելի դարձնի որեւէ անձի բացառապես այն դեպքում, եթե պացիենտը տվել է իր համաձայնությունը:  Օրենքով ամրագրված է պացիենտի գրավոր համաձայնությունը, որովհետեւ եթե խոսում ենք պացիենտին հանձնված տեղեկատվության եւ դրա հիման վրա նրա կայացրած համաձայնության մասին, սա պետք է նաեւ գրավոր արտացոլված լինի, մասնավորապես՝ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների դեպքում, որովհետեւ այդ ծառայությունների համար կա նաեւ նախատեսված պայմանագրի օրինակ, որ պարտադիր պետք է կնքվի պացիենտի հետ:

- Ծանոթներիցս մեկը պատմում էր, թե ինչպես են պոլիկլինիկայում կորցրել այդ «անկետա» կոչվածը եւ մի քանի օր հետո ինչ-որ մեկի կաբինետից են գտել: Ինքն այդտեղ մեծ խնդիր չէր տեսնում, բացի ժամանակի վատնումից ու քաշքշուկից: Բայց իրականում մեծ խնդիր կար, որովհետեւ չգիտես, թե ում ձեռքում էր հայտնվել, ով էր տիրապետում այդ ինֆորմացիային. սա խոսում է անփույթ աշխատանքի մասին: Այս նոր համակարգի ներդրմամբ, փաստորեն, մեզ խոստանում են, որ բոլոր խնդիրները կլուծվեն: Որքանո՞վ կլուծվի անձնական տվյալների գաղտնիության խախտման խնդիրը:

- Իրականում առողջապահական էլեկտրոնային միասնական համակարգն ունի նաեւ շատ դրական կողմեր. նույն Ձեր կողմից նշված ամբուլատոր քարտի կորցնելն այլեւս հնարավոր չի լինի, որովհետեւ ամբողջը կլինի մեկ միասնական բազայում, եւ զերծ կմնանք այդ թղթաբանությունից, թղթային գրառումներից, որի վրա բուժաշխատողները մեծ ժամանակ են ծախսում: Սակայն այս համակարգի ներդրումն իր հետ առաջացնում է նաեւ բազմաթիվ բացասական կողմեր, որովհետեւ այստեղ բացակայում է հենց գաղտնիության իրավունքը, մեր բոլորի կողմից տրված համաձայնությունը եւ դրա պաշտպանության մեխանիզմները: Այս պահի դրությամբ բուժհաստատություներում, մասնավորապես՝ պոլիկլինիկաներում, արդեն իսկ ներդրված է այս ծրագիրը, եւ տեղեկատվությունը (ամբուլատոր քարտերում եղած) ներառված է նաեւ համակարգ: Հիմա այստեղ հարց եմ ուզում ուղղել՝ արդյոք Ձեզնից, ինձնից հարցրե՞լ են այդ մասին, որեւէ պացիենտի տեղեկացրե՞լ են, որ համակարգը ներդրվում է եւ արդեն իսկ այն տեղեկանքը, որը կա թղթային տեսքով, անցկացվում է համակարգ: Այսինքն՝ մենք ի սկզբանե  որեւէ իրավական հիմք կամ պացիենտի կողմից տրված համաձայնություն, ըստ էության, չունենք: Իսկ պրոցեսը բավականին վաղուց է սկսվել. համակարգի ծրագրային մշակումը, ներդրումը, պիլոտային ծրագրերը, բուժաշխատողների համար կազմակերպված դասընթացները: Համակարգից օգտվող եւ տեղեկատվությունը լրացնող օպերատորներն արդեն անցել են աշխատանքի, բայց երաշխիքները եւ մեխանիզմը, թե ինչպես է համակարգն աշխատելու, այս պահին բացակայում է: Այն նախ եւ առաջ բացակայում է իրավական տեսանկյունից, որովհետեւ մենք չունենք որեւէ փաստաթուղթ, որը հստակ կերպով կնշի, թե ծրագիրն ինչպես պետք է շրջանառվի բուժհաստատության ներսում, ով ինչ չափով հասանելիություն ունի տվյալ ծրագրին: ՀՀ կառավարության թիվ 867 որոշմամբ նախատեսվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կառույցների, այդ թվում՝ դեղատների լիցենզավորման պայմանները, եւ արդեն իսկ պարտադիր է համակարգին միանալն ու օպերատորի հետ պայմանագիր կնքելը: Ստացվում է, որ մենք մի կողմից բոլոր իրավաբանական անձանց, բժշկական ծառայություններ մատուցող կառույցներին  պարտադրում ենք, որ պետք է անպայման միացած լինեն համակարգին, մյուս կողմից չենք ապահովում այն բոլոր մեխանիզմները եւ իրավական հիմքերը, որը թույլ կտա վերջիններիս հասկանալու, թե ինչպես պետք է աշխատել այս համակարգի հետ, ինչպես պետք է պացիենտի վերաբերյալ տեղեկատվությունը շրջանառել բուժհաստատության ներսում եւ դրանից դուրս, ով պետք է լրացնի, ինչ չափով, որքան պետք է լինի պացիենտի հասանելիությունը տվյալ համակարգին: Հետ գնանք եւ սկսենք այս ծրագրի ու համակարգի ակունքներից: Մենք խոսում ենք խայտառակ մեծ տեղեկատվություն պարունակող համակարգի մասին, նույնիսկ ազգային անվտանգության հարց կարող է առաջանալ, որովհետեւ ամբողջ բնակչության անձնական, առողջական վիճակի մասին տեղեկատվություն է պարունակում: Եկեք խոստովանենք, որ այս համակարգը տեխնիկապես բավականին լուրջ ապահովման մեթոդներ ու երաշխիքներ պետք է ունենա, այլապես վատ հետեւանքներ կունենա, եթե լավ չաշխատի:

-Էլ չենք ասում, որ տեղական ընկերության չեն վստահել, դրսից է ընկերությունը, ինչպես Պետեկան եկամուտների կոմիտեի բազան ապահովող ընկերությունը:

- Նմանատիպ հարցերը շատ են: Նախեւառաջ կարեւոր է ունենալ իրավական բոլոր հիմքերը:

- Ինչպես դեղատոմսերով դեղեր բաց թողնելու պարագայում սկզբում գործողությունն էր, հետո նոր դա ապահովող իրավական ակտը: Սա՞ էլ է այդ տարբերակով՝ գործողությունը կա, բայց դա ապահովող իրավական որոշումը չկա:

- Ըստ էության՝ այո: Այստեղ մենք ունենք այդ խնդիրը: Եթե հետ գնանք ու սկսենք ակունքներից, համակարգը մշակելիս պետք է հանրային քննարկումներ կազմակերպեին, տեղեկացնեին հանրությանը, նաեւ՝ մասնագետների, ովքեր այս ոլորտում որոշակի գիտելիքներ ունեն, կարող են կիսվել դրանով, ներկայացնել հնարավոր խնդիրները, որ հնարավոր է առաջանան համակարգի հետագա աշխատանքների ժամանակ: Կարծում եմ, որ սա այն ծրագրերից է, որ պետք է առանձին լիցենզավորում ստանար: Համակարգը պետք է նախեւառաջ լիցենզավորվեր, ինչպես Վինդոուզը եւ նմանատիպ այլ ծրագրեր, որտեղ գործ ունեն տվյալների բազայի հետ: Շատ կարեւոր է նախեւառաջ հասկանալ ու նշել ծրագրի համար անհրաժեշտ բոլոր չափանիշները, հետո նոր ներդնել: Իսկ այս դեպքում մենք արդեն ունենք բուժհաստատություններում ներդրված ծրագիր:  Դժվար է ասել, թե այս պահին ամբողջովին աշխատում է, որովհետեւ դեռեւս շարունակվում է զարգացման եւ մշակման փուլը, ու որոշ տեխնիկական խնդիրներ առաջանալու դեպքում դիմում են համապատասխան մասնագետներին, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տրված է բուժհաստատություննեում: Այստեղ ստացվում է եւս մի օղակ, որտեղ հասանելի է լինում տեղեկատվությունը. տեխնիկական աշխատողը, օգնելով բժշկին կամ օպերատորին,  ակամայից անուղղակի կերպով ինքն էլ է դառնում մեկը, ով կարողանում է համակարգից տեղեկատվություն ստանալ եւ դա չտարածելու պարտավորություն չունի: Սա իսկապես շատ կարեւոր եւ լուրջ խնդիր է, ինչը նախեւառաջ անհրաժեշտ է բարձրաձայնել, երկրորդը՝  այս պահին գոնե որոշ չափով պետք է սահմանափակել, եւ հիմնավորումներն ունենան իրավաբանական կարգավորումներ: Ես տեղյակ եմ, որ այդ պրոցեսը սկսվել է, որովհետեւ մենք նախորդ տարի հետազոտություն արեցինք այս ոլորտում եւ հետո քննարկում ունեցանք այս հարցին առնչվող բոլոր մարմինների ներկայացուցիչների հետ. մեզ խոստացան, որ անպայման բոլոր իրավական կարգավորումները կլինեն: Արդեն 6 ամսից ավել է անցել, իսկ որեւէ լուրջ փոփոխություններ չունենք: Սակայն հույս կա, որ գոնե ինչ-որ փուլում մենք դա կունենանք: Բայց արդեն իսկ ուշ է, որովհետեւ խնդիրները բազմաթիվ են, որոնք առաջացել են նաեւ բուժաշխատողների համար: Պատկերացրեք, օրինակ, մարզերում, հատկապես մի տարիքային մեծ խմբի մեջ մտնող մասնագետների, ովքեր հմակարգչից դժվարությամբ են օգտվում, իրենց համար բավականին խնդրահարույց է օգտագործել համակարգիչը, ծրագիրը, որովհետեւ դասընթացներ անցկացվել են 1-2 անգամ, եւ դա բավարար չէ  նման ծրագրեր կիրառելու համար: Բուժհաստատությունները լրացուցիչ մասնագետներ պահելու հնարավորություն չունեն, էլ չեմ խոսում այն մասին, որ որոշ տեղերում նաեւ համակարգչի առկայության խնդիր կա, այսինքն՝ 1-2 համակարգչով անհնար է լրացնել ամբողջ բազան:  Եվ այս ամենին գումարած անընդհատ առաջացող բազմաթիվ տեխնիկական խնդիրներ: Բուժհաստատությունների դեպքում, որոնք համապատասխան տեղեկատվության հիման վրա (հաշվետվության ձեւեր եւ այլն) պետք է ստանան իրենց գումարը, ստացվում է, որ իրենք կախված են լինում: Ըստ էության, դեռեւս չեն դադարեցվում թղթային գրանցումները, ընդ որում շտապ օգնության պարագայում կարծեմ իրենք երեք տեղ են լրացնում, որովհետեւ շտապ օգնության եւս մի առանձին ծրագիր էլ ունեն: Մենք այստեղ նաեւ բժշկական ծառայությունների որակի մասին  ենք խոսում, որովհետեւ անհնար է, որ դա չնվազի, որովհետեւ բժիշկը հիվանդի պատմությունը պետք է մի հատ լրացնի թղթային տեսքով, մի հատ նոր ծրագրի միջոցով, եւ հետո նոր ժամանակ տրամադրի իր բուն աշխատանքին: Ուզում եմ այս համակարգից մի շատ կարեւոր դրական հատկանիշ էլ նշել. մենք ունենք համատարած խնդիր ստանդարտների, մասնավորապես կլինիկական ստանդարտների վերաբերյալ, այսինքն՝ սա նաեւ որոշ չափով լուծելու է այդ հարցը, քանի որ երեւալու է, թե բուժաշխատողն ինչ ախտանշանների դեպքում ինչ  միջամտություն է արել, եւ այնտեղ նաեւ համապատասխան գործելակարգերն են լինելու բուժաշխատողների համար: Սա, իհարկե, շատ լավ մեթոդ է, որը լավ աշխատելու դեպքում կարող է նաեւ դրական ազդեցություն թողնել: Օրինակ՝ Էստոնիայում, որը, կարելի է ասել, «ամենաէլեկտրոնային» երկրներից է, որտեղ նույն e-health-ի գաղափարը վաղուց ներդրված է եւ բավականին լավ է աշխատում:

- Ծրագիրը ներդրողները մեզ բացատրում, որ  մեր տվյալներն ապահով են լինելու մեկ նախադասությամբ. պացիենտն ունի նույնականացման քարտ (ID), բժիշկն էլ, երկուսով համատեղ մուտք են գործում համակարգ, պացիենտը թույլ չի տալիս ինչ-որ ինֆորմացիայի տիրապետել. գործնականում ինչպե՞ս է լինելու:

- Արդեն կան կայքերը, որոնց միջոցով կարելի է մուտք գործել այդ ընթացակարգը, բայց ամեն ինչ կիսատ է, այս պահի դրությամբ չենք կարող ասել, թե ինչպես է աշխատում: Նախ՝ ծրագիրն այս պահի դրությամբ վերջնական տեսք չունի, նրա շուրջ տեխնիկական շատ խնդիրներ կան առաջացած: Երկրորդ՝ ընդունո՞ւմ եք, որ ինչ-որ ճանապարհով Ձեր ID քարտը կարող է ինձ մոտ լինել:

- Հանգիստ:

- Կարծում եմ՝ այն մեխնիզմները, որոնք կապահովեն ինֆորմացիայի հնարավոր արտահոսքը, այս փուլում շատ-շատ թույլ են. զարգացման, մշակման, շատ ավելի ճիշտ մեխանիզմներ ամրապնդելու կարիք կա: Նախարարության կողմից մշակված են կարճ տեսահոլովակների տեսքով ինֆորմատիվ նյութեր, որոնք, կարծում եմ, բավարար չեն հանրութանը տեղեկացնելու համար:

- Ոչ միայն բավարար չեն, այլեւ ես անձամբ չեմ էլ հանդիպել, չնայած թեմայով հետաքրքրվել եմ: Նշանակում է տեղեկացնելու ուղղությամբ լավ չեն աշխատել:

- Այն կարող եք գտնել նախարարության պաշտոնական կայքէջում, բայց դրանք այդքան շատ չեն շրջանառում եւ գուցե որոշ չափով էլ արդիական չեն, որովհետեւ ծրագիրը առավել կատարելագործվելու նպատակներով պարբերաբար փոփոխվում է: Ես նույնիսկ չեմ կարող այս փուլում ասել, թե ինչպիսին է այն իդեալական տարբերակը, որ ծրագիրը գործի, որովհետեւ այս պահին մենք չունենք դրա վերջնական պատկերը, մոդելը: Պետք է ներառել նաեւ այն սահմանափակումները, որը պետք է ունենա պացիենտը, որը՝ բուժաշխատողը (բուժքույրեր եւ այլք) կամ բուժանձնակազմը: Չմոռանանք նաեւ, որ բուժաշխատողն ինքը, ըստ էության, ունենալու է երկու մուտքի հնարավորություն՝ ե՛ւ որպես պացիենտ, ե՛ւ բուժհաստատության ներկայացուցիչ: Այստեղ պետք է նաեւ դա տարբերակել, որովհետեւ եթե մենք խոսում ենք բժշկական (եւ յուրաքանչյուր) ծառայության համար տրվող լիցենզավորման մասին, սա տրվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին, իսկ վերջին օրենսդրական փոփոխությունների հիման վրա դա բժշկական հաստատությունն է, ոչ թե բժիշկը.  արդեն  այդ տարանջատումը կա: Այս պահին ռիսկերը բազմաթիվ են:

- Ես մտածում էի, որ կա օրենսդրական բազա, որը մի քիչ թերի է, լրացման կարիք ունի, եւ հետո դրա հիման վրա համակարգն աշխատում է, որը մի քիչ թերություններ ունի, բայց կարելի է շտկել: Ես, օրինակ, կարո՞ղ եմ որպես պացիենտ գնալ եւ դատի տալ համակարգը ներդնողին, որովհետեւ իմ տվյալները մուտքագրելիս ինձ չեն հարցրել:

- Կարող եք, եւ ես կարծում եմ, որ շատ կարեւոր է մեր բոլորի միասնական մոտեցումը: Բազմաթիվ հնարավորությունների դեպքում, երբ ես առիթ եմ ունենում խոսել այդ  խնդրի մասին, զարմանում եմ, թե ինչպես սա շատերին չի հետաքրքրում: Որպես կանոն հետաքրքրում է պացիենտների խոցելի խմբերին, ում համար շատ ավելի կարեւոր եւ զգայուն է այն, թե ինչպես է շրջանառվում իրենց առողջական վիճակի վերաբերյալ տվյալները: Ես միշտ զարմանում եմ, թե ինչպես հասարակությունը այս խնդրի մասին եւ այս փոփոխությունն իմանալով, որեւէ արձագանք չի տալիս, որովհետեւ մենք գործ ունենք բոլորիս առողջական վիճակի հետ կապված տվյալների մասին, եւ այս պահին ունենք ընդամենը երեք իրավական ակտ, որտեղ այդ մասին առհասարակ նշվում է, բայց առանց մանրամասն կարգավորումների, թե ինչպես է շրջանառվելու տեղեկատվությունը: Իսկ սա այս համակարգի ներդրման ամենակարեւոր հատվածն է, որը պետք է ապահովի, որ  հանգիստ նստած լինենք եւ մտածենք, որ առանց մեր իմացության եւ համաձայնության որեւէ տվյալ որեւէ կերպ չի շրջանառվելու: Իսկ այս տարբերակով մենք չունենք այդ վստահությունը եւ նույնիսկ վստահ ենք, որ այդ ինֆորմացիան արդեն իսկ շրջանառվում է առանց մեր համաձայնության:

- Մեզ հատկացված եթերաժամանակը սպառվեց: Թեման լայն է, անպայման  կանդրադառնանք, որովհետեւ, առանց չափազանցության եմ ասում, իրականում Ձեր ասած՝ ազգային անվտանգության խնդիր է, որովհետեւ չես հասկանում՝ ո՞ւմ, ի՞նչ ընկերության ես վստահում տվյալներդ, ինչո՞վ ես նրանց սահմանափակում կամ սահմանափակո՞ւմ ես, թե ոչ: Մի խոսքով՝ հսկայական տվյալների բազա է, որ անցնում է մեկի ձեռքը, ում չենք էլ ճանաչում: Շնորհակալություն հերթական անգամ ժամանակ գտնելու եւ մեզ հյուրընկալվելու համար:  Այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը: Հիշեցնեմ, որ այսօր տաղավարում հյուրընկալել էի «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանին: Իսկ ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
10Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan