Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հնարավո՞ր է ունենալ անկախ դատական համակարգ` երկար տարիներ ցուցումով աշխատող դատավորներով. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Հայաստանի դատական համակարգը երկար ժամանակ աշխատել է «հեռախոսային արդարադատություն»  հոգեբանությամբ: Եվ շատ դժվար է նրանց ցուցումով ասել, որ դուք արդեն անկախ եք. նրանք դա չեն պատկերացնում: Արդյոք հնարավո՞ր է լինելու առկա դատավորներով փոխել դատական համակարգը, և ինչ փոփոխություններ է պետք անել դատավորների ընտրման կարգի մեջ: Հաղորդաշարի այսօրվա հյուրը Հայաստանի հելսինկյան կոմիտեի տնօրեն Ավետիք Իշխանյանն է:

 

- Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ: FM 106.5  հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում է Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն է: Ողջո՛ւյն:

- Բարեւ Ձեզ:

- Այսօր խոսենք կամայական վճիռների մասին, քանի որ վերջին շրջանում եւ, հատկապես, իշխանափոխությունից հետո տեղի ունեցած ազատ արձակումները, ձերբակալություններն ու նորից ազատ արձակումները, դատավորների վճիռները շատ հաճախ որակվեցին որպես կամայականություններ: Կա՞,  արդյոք, իրավունքի մեջ կամայական վճռի հստակ չափորոշիչ, այսինքն՝ ինչպե՞ս ենք որոշում կամայական էր, թե՝ ոչ այս կամ այն դատավորի վճիռը, եւ հնարավո՞ր է օրենսդրական դաշտն այնպես կարգավորել, որ խուսափենք կամայականություններից:

- Անկեղծ ասած ես իրավաբան չեմ, բայց որքան ինձ հայտնի է, «կամայական որոշում» իրավական ձեւակերպում գոյություն չունի, դա շատ սուբյեկտիվ մոտեցում է: Այլ խնդիր է, եթե մենք այդ հարցին անդրադառնանք դատարանների եւ դատավորների անկախության տեսակետից, այսինքն՝  որքանով են  նրանք անկախ գործում օրենքի եւ իրավունքի շրջանակներում: Քանի որ Հայաստանում, մեղմ ասած, լուրջ եւ հիմնավոր անվստահություն կա դատական համակարգի նկատմամբ, ապա այդպիսի որոշումները որակվում են որպես կամայական՝ ելնելով նաեւ քաղաքական իրավիճակից: Ընդհանրապես Հայաստանում դեռեւս 1990-ականներից կազմավորվեց այնպիսի քաղաքական համակարգ, որտեղ դատարանը, որպես իշխանություն, չձեւավորվեց: Ձեւավորվեց դատական համակարգ՝ որպես ինստիտուտ, բայց իրականում այն աշխատում  էր գործադիր իշխանության (ժամանակին՝ նախագահի) վերահսկողությամբ եւ ցուցումներով: Եւ այսօրվա սպասելիքները, որ հեղափոխությունից հետո դատական համակարգը մեկ վայրկյանում պետք է փոխվի, ընդամենը ցանկություն է, որովհետեւ հաշվի առնենք մի կարեւոր հանգամանք. նախ, որ այդ դատավորների հիմնական մասը, եթե ոչ բոլորը, հոգեբանորեն սպասում են ցուցումների: Երկրորդ՝ եթե ցուցումներ չկան, ապա գործում է իրենց հին մտածողությունը, եւ երրորդ՝ հայտնի չէ, թե ում ցուցումներով են գործում: Այստեղից էլ գալիս է կամայական, ես կասեի՝ ցուցումներով որոշումների այդ կարծիքը: Եթե մենք այդ սուբյեկտիվ եզրույթն օգտագործենք Հայաստանի պատմության մեջ՝ ցուցումներով եւ շահով որոշումներ, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ  նկատի ունեմ:

- Այժմ անդրադառնանք Մասիսի քաղաքապետի դեպքին: Բացի նրանից, թե ճիշտ արեցին, որ ձերբակալեցին, հետո ազատ թողեցին, որքանով էր սա կամայական, մի այսպիսի հարց եմ ուզում տալ. արդյոք, առհասարակ, օրենսդրությունը եւ իրավունքն ի վիճակի՞ են սպասարկելու հասարակության ակնկալիքները, եթե բացարձակ անաչառ ու արդար լինեն: Ասեմ ինչու եմ հարցնում, որովհետեւ, օրինակ, եթե «Սասնա ծռեր»-ից կամ «Քայլ արա» շարժման ընթացքում ինչ-ոչ մի ցուցարար ծեծեր ոստիկանին, եւ այդ ցուցարարին ազատ արձակեին, ամբողջ հասարակությունը մեծ ոգեւորություն կապրեր: Եթե «Սասնա ծռեր»-ից ինչ-որ մեկը մարդկանց աչքի առաջ ծեծած լիներ մի քանի մարդկանց, եւ նրան ձերբակալած լինեին, ապա ազատ արձակեին, հասարակությունը գոհ կմնար, սակայն Մասիսի քաղաքապետի ազատ արձակումից դժգոհ է: Որքանո՞վ է դատավորը կարողացել իրավունքը կիրառել, որպեսզի նրան դուրս հանի, ազատ արձակի: Միգուցե իրոք ճի՞շտ որոշում է կայացվել:

- Հետաքրքիր հարց բարձրացրեցիք: Ես չեմ ուզում անդրադառնալ դատական համակարգի նկատմամբ արտահայտածս անվստահությանը, բայց այսպիսի մի հարց կա. երբ մարդկանց մեջ չի գործում արդարադատությունը, հասարակության մեջ առաջանում է արդարության զգացողություն: Իսկ արդարությունը շատ սուբյեկտիվ հասկացություն է, որովհետեւ ամեն մարդ ունի իր արդարությունը, դրա համար ես այդ բառը չեմ օգտագործում, «արդարադատություն» բառն եմ օգտագործում: Եւ քանի որ հասարակությունն արդարացիորեն չի վստահում Հայաստանի դատական համակարգին, ապա նա փնտրում է հերոսներ եւ նրանց ցանկացած արարք արդարացնում է: Ես անցյալ տարի մի այսպիսի հոդված գրեցի (կներեք ինքս ինձ մեջբերման համար), որտեղ «Սասնա ծռեր»-ին համեմատեցի Ռոբին Հուդի հետ, ով միջնադարյան այդ ֆեոդալական համակարգի ժամանակ անօրինական գործողություններ էր անում, բայց հասարակության  այդ միապետական համակարգում նա հերոս էր: Մոտավորապես նույն վիճակը ստեղծվեց մեզ մոտ «Սասնա ծռեր»-ի նկատմամբ, որ այդ համատարած անարդարության, արդարադատության զրոյականության միջեւ նրան ք հերոսներ եղան, եւ նրանց ցանկացած արարք արդարացվում էր հասարակության կողմից: Սա միապետական եւ իշխանությունների տարանջատում չունեցող համակարգում հասարակության մտածողությունն է: Մարդիկ մեծ մասամբ իրենց այդ հպատակությունը մի կերպ տանելով սպասում են հերոսների: Եւ եթե Դուք օրենքներից խոսեցիք, կարող են շատ գեղեցիկ օրենքներ գրված լինել, բայց եթե չունես գործադիրից դուրս, անկախ դատարան, ապա այդ օրենքները մնում են թղթի վրա գրված: Հայաստանը Եւրոպայի Խորհրդի անդամ է, նաեւ պարտավորված է շատ օրենքներ ընդունել Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի հատուկ մասնագետների առաջարկներով, եւ մեր շատ օրենքներ (չասեմ բոլորը) բավականին լավն են, մասնավորապես  «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը Եւրոպայում լավագույններից մեկն է: Բայց ինչպե՞ս է այն իրականացվում: Եթե իրավական պետություն չես, օրենքները մնում են թղթի վրա գրված. գործում է միապետի կամքը, եւ նրա ցուցումով են աշխատում իրավապահ մարմինները, այդ թվում՝ դատարանները: Հիմա անդրադառնանք Մասիսի քաղաքապետի ձերբակալմանն ու ազատ արձակմանը: Եթե այդ խափանման միջոցի հարցը քններ ցանկացած այլ դատավոր (ոչ Տաթեւիկ Գրիգորյանը), եւ Հայաստանում այդպիսի մեծ աղմուկ բարձրանար, թե ինչու են որպես խափանման միջոց կալանք չկիրառել, ես առաջիններից մեկը կլինեի, որ կասեի. «Բա մինչեւ հիմա մենք դրա դեմ էինք պայքարում»: Որովհետեւ, ըստ չափանիշների, կասկածվող հանցագործության ծանրությունը չպետք է լինի պատճառ խափանման միջոցը կալանք կիրառելու համար, դրա համար պետք է գործեն այլ չափանիշներ՝ ինչքանով նա կարող է ազդել քննության վրա, ինչպես կարող է խուսափել եւ այլն: Դա շատ հետաքրքիր, բայց բավականին բարդ հարց է դատարանի կողմից որոշելու, իսկ Հայաստանում ընդհանրապես պրակտիկա էր խափանման միջոցը ցանկացած հարցով կալանք կիրառելը: Հասարակության գիտակցությունը մոռացկոտ է, եւ նա իր «թշնամիների» նկատմամբ միանգամից դաժան պատիժ է ուզում, եւ ցանկանում էր անպայման կալանք: Ես առաջիններից մեկը կլինեի, որ կասեի. «Բայց ինչ կապ ունի: Ես ինքս անմեղության կանխավարկածը խախտելով կարող եմ ասել՝ այո, նա հանցագործություն է կատարել, բայց ինչ կա, դատավորը խափանման միջոցը չի կիրառում, դա քննությունը ցույց կտա, դատավարությունը»: Բայց խնդիրն այն է, թե այդ նույն դատավորն ինչ դաժան կերպով վարվեց Գեւորգ Սաֆարյանի հետ, լրիվ անհիմն մեղադրանքով նրա խափանման  միջոցը չփոխեց եւ չարդարացրեց (նույնը կարելի է ասել եւ Ժիրայր Սեֆիլյանի դեպքում): Հանկարծ այդ նույն դատավորն օրենքի շրջանակներո՞ւմ է գործում: Ես շատ կասկածում եմ, որովհետեւ  նոր Հայաստանում շարունակվում է Գեւորգ Սաֆարյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունը: Եթե նա նոր Հայաստանում է գործում եւ զգում էր իր սխալները, առնվազն պետք է ինքնաբացարկ հայտարարեր այդ գործից, բայց նա նույն ձեւով շարունակում է այդ դատավարությունը: Եթե մենք Մասիսի քաղաքապետի կազմակերպած այդ ծեծկռտուքը համեմատենք կոնկրետ Գեւորգ Սաֆարյանի արարքի հետ, ապա Գեւորգ Սաֆարյանը ոչ միայն քաղաքական բանտարկյալ է, բայց պայմանական ասենք,  ինչ-որ բան արել է: Սրանք բացարձակապես իրար հետ համեմատելի գործեր չեն: Անկախ այս խտրական վերաբերմունքից եւ հասարակության կարծիքից, իմ վերաբերմունքն այսպիսին է. «Դատավորի կողմից սա խտրական վերաբերմունք է՝  նրա գործունեության այդ երկու դատավարությունները համեմատելիս»:

- Այսինքն՝ հնարավոր է հստակ չափորոշիչներ սահմանել, թե որ դեպքում պետք է խափանման միջոց կալանքն ընդունվի, որ դեպքում՝ գրավի դիմաց մարդն ազատ արձակվի:

- Այդ չափորոշիչները կան: Այլ բան է, որ նրանք չէին գործում Հայաստանում:

- Իսկ չե՞ն կարող լինել ինչ-որ պարտադիր չափորոշիչներ, որոնց դեպքում չի կարելի կամայական որոշումներ կայացնել:

- Հաշվի առեք, որ նույնիսկ ամենակայացած իրավական պետություններում կայացած դատական համակարգով դատարանները, դատավորները, ի վերջո,  մարդիկ են եւ սխալվելու իրավունք ունեն: Այսինքն՝ չես կարող հատուկ աղյուսակ սահմանել, որ դատավորը նայի եւ համեմատի, թե որը որի հետ է «բռնում»: Այստեղ գործում է նաեւ նրա ներքին համոզմունքը, եւ  դատավորը կարող է սխալվել: Դրա համար էլ գոյություն ունեն տարբեր ատյանների դատարաններ, որ հնարավորինս կրճատեն դատական սխալը: Ընդհանուր չափանիշները տրված են, որոնցից ելնելով էլ դատարանը պետք է գործի եւ ծայրահեղ դեպքերում կիրառի խափանման միջոցը որպես կալանք:

- Քանի որ այս գործերը նաեւ քաղաքական էին, միշտ ասում էինք, որ Հայաստանում գոյություն ունի «հեռախոսային արդարադատություն»: Չե՞ք նկատում, որ դատարաններն էլ երկու մասի են բաժանվել,  դեռ չեն կողմնորոշվում՝ որ կողմը գնալ: Ես միշտ այդ հարցը տալիս էի, որովհետեւ երբ հաճախ խոսում ես այս կամ այն համակարգում երկար տարիներ կաշառքով աշխատած մարդու հետ, չես պատկերացնում, որ նա մի օրում փոխելու է իր ամբողջ աշխարհայացքը: Նույնը ուզում եմ հարցնել Ձեզ. որքան էլ այս համակարգը դառնա արդար, արդյոք այս առկա դատավորներով հնարավո՞ր է լինելու դատական համակարգը փոխել:

- Իսկապես շատ բարդ եւ լուրջ հարց է: Ես չգիտեմ, թե քանի դատավոր կա Հայաստանում, բայց կարծում եմ, որ նրանց մի մասը (իմ կարծիքով՝ փոքրամասնությունը) պատրաստ կլինի աշխատել նոր համակարգում: Եւ, իմ կարծիքով, բացի դե յուրե դատարաններին անկախություն տալուց, պետք է հսկայական բարեփոխումներ անցկացնել դատավորների ընտրման եւ նշանակման կարգի մեջ, նոր մտածողությամբ (գուցե նաեւ լավ կրթություն ստացած, բայց դեռեւս այնքան էլ փորձ չունեցող) իրավաբաններ նշանակել դատավոր: Այս հոգեբանությամբ, որ միշտ աշխատել է Հայաստանի դատական համակարգը (անկախության շուրջ 28 տարիների ընթացքում), շատ դժվար է նրանց ցուցումով ասել, որ դուք արդեն անկախ եք. նրանք դա  չեն պատկերացնում: Եւ այդ ոչ անկախությունը գալիս է ոչ միայն զանգից, ինչպես Դուք ասեցիք: Մի քանի տարի առաջ նախկին ՄԻՊ Կարեն Անդրիասյանը մի հաշվետվություն հրապարակեց, թե ինչպես Վճռաբեկ դատարանում գոյություն ունեն «զոնալ դատավորներ», որոնք վերահսկում են 1-ին ատյանից մինչեւ վերջ եկող գործերը: Նույնիսկ 1-ին ատյանի դատավորների համար շատ հեշտ է. իրենք որոշում չեն կայացնում, ընդամենն այնտեղ նստած «դակում են» որոշումները, որոշ դեպքերում էլ կաշառք են վերցնում (թույլատրելի սահմաններում): Շատ բարդ է այդ ամբողջ համակարգը փոխել, մտածողություն փոխել եւ նոր մարդկանց բերել: Դա ժամանակի հարց է, բայց ամենակարեւորը՝ պետք է կամք ունենալ այդ բարեփոխումներն իրականացնելու համար:

- Խորհրդարանում ձայների մեծամասնությունը դեռ ՀՀԿ-ինն  է, եւ կարելի է ասել, որ իշխանության մի մասն իրենց ձեռքն է: Արդյոք այս իշխանությունը տարածվո՞ւմ է դատական համակարգի վրա եւս, եւ դատավորները, դատարանները դեռ «երկու տիրոջ են պատկանում»:

- Դատարաններն ընդհանրապես պետք է որեւէ տիրոջ չպատկանեն: Որքան էլ նոր իշխանությունները, վարչապետը հայտարարեն, որ դատարաններին ցուցումներ չեն տալու, ես կարծում եմ (փաստեր չունեմ, ենթադրում եմ), որ դատավորները չեն հավատում այդ հայտարարությանը եւ սպասում են ցուցումների: Նրանց մեծ մասը, ովքեր ազգակցական, կոռուպցիոն կապերով կապված չեն նախկին իշխանությունների հետ եւ իմանալով, որ հին իշխանությունն արդեն գնացել է, հոգեբանորեն պատրաստ են ծառայելու նոր իշխանություններին: Բայց նրանցից շատերը չեն պատկերացնում, թե ինչպես պետք է անկախ լինեն: Սա լուրջ հարց է:

- Արդյոք այդ ազատ արձակումները, որ մենք տեսանք,  եւս ցուցումներ չէին, արդարադատություն էր, եթե զուտ իրավական տեսանկյունից նայենք:

- Ո՞ւմ ի նկատի ունեք, Կարո Եղնուկյանի՞ն, որ գրավի դիմաց ազատ արձակվեց, Անդրիաս Ղուկասյանի՞ն:

- Եթե իշխանափոխություն չլիներ, այս մարդիկ միանշանակ շարունակելու էին մնա՞լ բանտում, թե՞ արդարադատություն հաստատվեց պարզապես:

- Ես որեւէ փաստ չունեմ, համենայն դեպս հույս ունեմ, հավատում եմ, որ դա չի եղել (ինչպես միշտ ասում էին) Բաղրամյան 26-ի ցուցումով: Կարծում եմ, որ տվյալ դեպքում այդ դատարանները, դատավորները երեւի (ռուսերեն ասում են՝ спинной мозг-ով) զգացել են այդ փոփոխությունների քամին: Նրանց համար, հավանաբար, ցուցումը եղել է (թող ինձ ներեն, եթե այդպես չի եղել, եղել է նրանց կամքով) ոչ ուղղակի, այսինքն՝ ընդհանուր հասարակական կարծիքի եւ նաեւ իշխանության կողմից հնչեցված հրապարակային հարցերով, եւ նրանք ընկալել են, որ իրավիճակ է փոխվել եւ պետք է այսպես անել: Ես այսպես եմ ենթադրում:

- Հայաստանում շատ բաներ փոխվեցին մթնոլորտի հաշվին: Ի՞նչ եք կարծում, ինչ ժամկետներում եւ ինչ առաջնահերթ քայլեր պետք է արվեն արդարադատության, դատական համակարգն ամբողջությամբ առանձնացնելու, կարգի բերելու համար: Եթե Դուք լծակներ ունենայիք՝ ինչի՞ց կսկսեիք, այսքան տարիների Ձեր պայքարի ընթացքում ամենից շատ ինչն է Ձեզ զայրացրել:

- Նախ այստեղ որոշ իմաստով շատ կարեւոր խնդիր է սահմանադրական փոփոխությունները, թեեւ այս գործող Սահմանադրությունն ինչ-որ լուծումներ տվել է՝ ի տարբերություն նախորդ Սահմանադրության: Այդ ամբողջ դատաիրավական համակարգի ձեւավորումն այսօրվա  Սահմանադրությամբ տրված է 60 տոկոսին՝ 3/5-ին, եւ քանի որ այդ 3/5-ը անցած տարվա ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ի ձեռքին էր, փաստորեն այդ նույն բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվեցին նրանց կողմից: Դա ինչպե՞ս կարելի է հետ բերել՝ շատ բարդ խնդիր է: Համենայն դեպս օրենսդրական փոփոխությունների մասով ես ավելի կբարձրացնեի այդ ցենզը, կհասցնեի ավելի որակյալ մեծամասնության, որ ավելի անկախ ընտրվեին այդ մարդիկ, նաեւ Վճռաբեկ դատարանի անդամները: Նախ, ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր թեկնածու իսկապես անցներ հանձնաժողովներով՝ հրապարակային կենսագրությամբ, չունենար «արատավոր անցյալ» (պայմանական այս բառն օգտագործենք): Երկրորդ. ռոտացիայով փոփոխություններ կատարվեն դատավորների միջեւ: Առաջին հերթին ազատվել այն դատավորներից, որոնք հստակ հայտնի են պատվեր կատարելու եւ քաղաքական դատավարություններ իրականացնելու մեջ: Կարելի է երկար խոսել այս մասին, բայց ինչպես արդեն ասացի, դատարաններն էլ մարդիկ են, կայացած երկրներում էլ լինում են դատական սխալներ: Եւ պատահական չէ, որ եւրոպական համեմատաբար կայացած իրավական պետություններում ստեղծվեց պետական ատյան՝ ԵԽ եւ ՄԻԵԴ: Նույնիսկ այդ կայացած երկրների դատարաններն են ընդունում, որ կարող է լինել դատական սխալ: Եւ նույնիսկ բազմաթիվ մահապատժի  (Ամերիկայում) կամ ցմահ (եւրոպական երկրներում) դատապարտված  մարդիկ կարող են նոր երեւան եկած հանգամանքներով արդարացվել: Մարդիկ են, սեփական սխալները պետք է կարողանան ընդունել: Հայաստանում այդպիսի բան գոյություն չունի, կարծես Հայաստանի դատական համակարգը որեւէ սխալ չի գործել: Ավելին ասեմ. ԵԴ որոշումներն ընդդեմ Հայաստանի պետք է ունենա երեք բաղադրիչ, որից ամենակարեւորը դատական սխալի ուղղումն է, երկրորդը՝ փոխհատուցումը, եւ, եթե պետք է, օրենքի փոփոխությունը: Մեզ մոտ հիմնականում փոխհատուցումը տրվում է, բայց որեւէ մեկի դատական սխալը չի ուղղվում. այսինքն՝ սխալ չի եղել, փողը տալիս ենք՝ վերջացավ: Այս ամբողջ մտածողության փոփոխությունն է պետք: Եթե ստեղծվի դատական իշխանություն, որ իշխանություն է, ոչ թե դատական համակարգ, կարող է դառնալ պետության ողնաշարը, որը ոչ միայն մարդու իրավունքներն է պաշտպանում, այլեւ տնտեսությունն է զարգացնում, տնտեսական մրցակցությունն  է ապահովում:

- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ, Դուք լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էր: Շնորհակալություն:

 

 

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan