Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պատմական Հավավից մինչև Էքինօզու. թուրքագետ Գայանե Չոբանյան

Պատմական Հավավից մինչև Էքինօզու. թուրքագետ Գայանե Չոբանյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Արևմտյան Հայաստանի 6 նահանգներից մեկը՝ Խարբերդը, որը հին ժամանակներում ունեցել է տարբեր անվանումներ՝ Էլյազըգ, Էլյզըգ, Խարպուտ, Խարփութ, Հարբուտ, Կարբերդ, Հազնիզիատ, Մամուրեթ-ել-Ազիզ, Մամուրեթ-յուլ-Էազիզ և այլն, այժմ անվանվում է Էլազըղ և Թուրքիայի 81 նահանգներից (թուրք. իլ) մեկն է: Էլազըղ նահանգը արևելքում սահմանակից է Բինգյոլ (Բյուրակն), հարավում՝ Դիարբեքիր (Տիգրանակերտ), արևմուտքում՝ Մալաթիա, իսկ հյուսիսում՝ Թունջելի (Դերսիմ) նահանգներին: Ներկայում այս շրջանում բնակվում են քրդեր, զազաներ և թուրքեր, սակայն 20-րդ դարի սկզբին հայերը կազմել են նահանգի բնակչության 50 տոկոսից ավելին, քրդերը՝ 27, իսկ թուրքերը՝ 22:

Էլազըղ նահանգի Քովանջըլար գավառում (թուրք. իլչե) է գտնվում հայապահպանման և հայ հոգևոր ու գիտական մտքի զարգացման համար մեծ կարևորություն ունեցող մի գյուղ` էքինօզու (Ekinözü) գյուղը: Խոսքը հայկական Հավավ գյուղի մասին է, քրդերն այն անվանում են Հաբափ, իսկ թուրքական պաշտոնական անվանումն Էքինoզու է, որը քչերին է հայտնի, և նույնիսկ տեղացի քուրդ բնակչության մեծամասնությունը տեղյակ չէ գյուղի նոր անվանման մասին և չի օգտագործում այն: Մինչև վերջին ժամանակներն այս գյուղը մտնում էր Բալու գավառի մեջ, որը համապատասխանում է պատմական հայկական Բալահովիտի շրջանին, սակայն, երբ Բալուին շատ մոտ գտնվող Քովանջըլար գյուղը, որտեղ 1934թ. բնակություն էին հաստատել Ռումինիայից և Բուլղարիայից գաղթած մուսուլմաններ, աշխատասեր գյուղաբնակների շնորհիվ արագ տեմպերով զարգացավ և ընդարձակվեց, 1988թ.-ին, թիվ 3352 օրենքի համաձայն, դարձավ Էլազըղ նահանգի 11 գավառներից մեկը, հետևաբար Հավավ գյուղն էլ մտավ այս գավառի մեջ:

Գյուղը հիմնվել է դեռևս Քրիստոսից առաջ՝ Հայկ Ավան անունով, որը գտնվում էր Բալու քաղաքից 10 մղոն հեռավորության վրա և Բալահովիտի ամենամեծ և ամենահին զուտ հայաբնակ գյուղն էր: 1878թ. ունեցել է երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Կաթողիկե, 1436 բնակիչ (210 տուն), որոնք բացառապես հայեր էին: Իսկ այժմ գյուղի ժողովրդագրական պատկերը բոլորովին այլ է. գյուղն ունի երկու մզկիթ, 1036 բնակիչ (200 տուն 1), որոնք բացառապես քրդեր և զազաներ են, այսինքն՝ գյուղի 210 հայկական տներից չի մնացել գեթ մեկ ընտանիք:
Օսմանյան կառավարության տարիներին այս գյուղին բռնի ուժով տիրացած բեկերը չեն կարողացել հավավցիների նկատմամբ կիրառել ձուլման քաղաքականության մեթոդները, որովհետև հավավցիները, լինելով հմուտ և խիզախ մարտիկներ, զենքի ուժով միշտ պաշտպանել են իրենց հողը և չեն հանդուրժել ոչ մի մուսուլմանական տարրի ներթափանցում գյուղ՝ դա համարելով գյուղի սրբավայրերի նկատմամբ պղծում. «Հաւաւը վաղուց ճանչցւած էր հայ մշակոյթի կեդրոն: Զուտ հայաբնակ, լուսաւորչական, յեղափոխականի կեցուածք, բոլորին ծանօթ իր կատարած գործունԷությամբ…: Գիւղը այցելողներ կը հիանային Հաւաւի վայելած ազատութեան վրայ: Կարելի չէր գիւղը համարել Օսմ. կառավարութեան մասը: Բոլորովին ինքնիշխան, ուրախ, զւարթ, ազատ, համարձակ» 2:
Հավավցիներին պառակտելու համար մուսուլման կառավարիչները նույնիսկ փորձում էին միսիոներների միջոցով գյուղում տարածել կաթոլիկություն կամ բողոքականություն, սակայն, լինելով մոլեռանդ հավատացյալներ, գյուղացիներն ամեն միջոցներով պայքարել են նրանց դեմ և մինչև վերջ հավատարիմ են մնացել իրենց դավանանքին:
Այստեղ կցանկանայի հիշատակել մի դեպք, որը մեծ դեր խաղաց հավավցիների ինքնիշխան դրության հետագա շարունակության համար: Հավավցիներին սանձելու նպատակով 16-րդ դարի վերջերին Օսմանյան կառավարության կողմից գյուղի կառավարիչ է նշանակվում Ասլի անունով բարբարոս մի թուրք, որը պետք է ճնշեր գյուղացիների ազգային զգացումները և նրանց պահեր զսպողական օրենքի տակ: Օսմանյան կառավարությունը, որպեսզի տեր դառնա հավավցիների հողերին և գյուղացիներին պահի իրենից մշտական կախման մեջ, նրանց բոլոր վարելահողերը պետականացնում է, և հավավցին, իբրև գերի ազգ, հարկատու պիտի դառնար իր իսկ հողերը գործածելու համար:
Ասլի բեկը դառնում է գյուղացիների բոլոր հողերի տերը՝ դրանք չվաճառելու պայմանով, որպեսզի հավավցիները հնարավորություն չունենան իրենց տարածքները ետ գնելու: Սակայն բեկը, տեսնելով, որ ծանր հարկերի և ճնշումների միջոցով չի կարողանում կոտրել նրանց դիմադրությունը, իր մոտ է հրավիրում հայր Քալանթար անունով մի կաթոլիկ կղերականի՝ գյուղացիներին պառակտելու համար: Սակայն մելիք Նազարի և քահանա Տեր Սիմոնի գլխավորությամբ ամբողջ գյուղը ընդդիմանում է բեկին, այրում է նրա տունը և ամոթալի կերպով գյուղից վռնդում օտար քահանային:
Այս դեպքերից հետո, չանսալով գյուղացիների խնդրանքներին, իր ընտանիքով գյուղից հեռանում է Տեր Սիմոնը և ներկայիս Դերսիմի շրջակայքում հիմնում Չարշանջաքի Հալվորի վանքը: Շատ հավանական է, որ Դերսիմի հիմնադիրը հենց հավավցի Տեր Սիմոն քահանան է եղել, որի անունով էլ անվանվել է քաղաքը: Հետագայում Հավավի և Դերսիմի միջև ստեղծվել են սերտ հարաբերություններ, և մուսուլման բեկերի հետագա հարձակումների դեմ հանդես են եկել միասնական զինված ուժերով: Սակայն ներկայիս Դերսիմն ու Հավավը իրենցից ներկայացնում են ամբողջովին հակադիր պատկերներ: Հավավի քուրդ և զազա բնակչությունը, լինելով սուննի մուսուլման և հետևելով բոլոր կրոնական ավանդույթներին ու սովորույթներին, շատ պահպանողական է, գյուղի սոցիալական և կրթական մակարդակը ցածր է. այն, կարելի է ասել, ինչ-որ չափով կտրված է արտաքին աշխարհում տեղի ունեցող զարգացումներից: Իսկ Դերսիմը, որն այժմ համարվում է ալևիների համայնքի կենտրոն և հանդիսանում է ալևի զազաների, քրդերի և ցեղասպանության ժամանակ այստեղ ապաստանած կրոնափոխ հայերի հանգրվան, դեռ շարունակում է պահպանել իր կիսանկախ դրությունը:
Ալևիականության ազդեցության պատճառով, որը բազմաթիվ կրոնական տարրեր է վերցրել նաև քրիստոնեությունից, Դերսիմը իրենից ներկայացնում է Թուրքիայի արևելյան շրջաններից թե մշակույթով, թե ապրելակերպով և թե նիստուկացով ամբողջովին տարբեր մի շրջան. մարդիկ այնտեղ շատ ազատ են ինչպես հագուստի ու մտածելակերպի, այնպես էլ քաղաքական կողմնորոշման ու աշխարհայացքի առումով: Չնայած այն հանգամանքին, որ Դերսիմում չկան մուսուլման բնակիչներ, թուրքական կառավարությունը մեծ գումարներ է հատկացնում այնտեղ մզկիթների կառուցման համար, որոնց դատարկությունը երբեմն խախտվում է կառավարության կողմից նշանակված մեկ-երկու մուսուլման պաշտոնյաների կողմից:
Բեյերի գործած հետագա բռնությունների դեմ գյուղի ապահովությունը ավելի կազմակերպված ձևով իրականացնելու համար 1885թ. հավավցի Համբարձում Կարյանը գյուղում ստեղծում է առաջին հայկական միությունը, որը կոչվում է Ազգային ընկերություն. այն ակտիվ կապեր էր պահպանում նաև Վանում գործող հայկական կազմակերպությունների հետ: Այս դեպքերից հետո թուրք կառավարիչները հաշտվեցին հավավցիների ըմբոստ նկրտումների հետ և մինչև 1890-ական թվականները փորձում էին հնարավորինս չմիջամտել գյուղի ներքին գործերին:
Ավանդության համաձայն, երբ Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները քրիստոնեություն քարոզելու նպատակով գալիս են Հավավ գյուղ, տեղաբնիկ հայերը, հավատարիմ լինելով իրենց ավանդույթներին, սովորույթներին և լինելով կռապաշտ, սկզբնական շրջանում չեն ընդունում քրիստոնեությունը ու կոպիտ միջոցներով առաքյալներին դուրս են քշում գյուղից: Գյուղի անվանման առաջացման մասին ավանդություններից մեկն էլ այն է, որ գյուղի կռապաշտ մարդիկ առաքյալին ծաղրելու համար նմանակել են շան հաչոցը՝ «հավ, հավ» որի պատճառով սուրբ առաքյալը անիծել է նրանց, որ այդուհետ կորցնեն մարդկային բարբառը և ինչ-որ խոսեն, լինի միայն «հավ, հավ». «…ուստի գաւառացիք զիրենք անուաներ են հաւհաւցիք, աստի է մնացեր գեղին անունը, յետոյ զղջալով Ս. Առաքելոյն դիմեր են, որ գեղն եկեր, զիրենք օրհներ, մկրտեր, բժշկեր, եւ այս խաչ քարերն օծեր դրեր է գեղին շուրջը: Բայց մեր լեզուով Հավ կը նշանակէ նաեւ պապ: Ունեինք նաև Հավունիք»3:
Երբ հավավցիները ընդունում են քրիստոնեություն, Թադեոս առաքյալը նրանց ավանի շուրջ կանգնեցնում է 12 հսկայական խաչքար: Կանգուն են մնացել առաքյալի ձեռքով հաստատված այդ խաչքարներից մի քանիսը, որոնք բնակիչների համար սրբազան քարեր էին, և նրանց կողքով անցնելիս բոլորը խաչակնքում ու համբուրում էին, քանզի առաքյալի ձեռքի հպումով դրանք սրբացել էին:
Դրանից հետո Բարդուղիմեոս առաքյալը գյուղի հարավային կողմի անտառածածկ բլրի գագաթին կառուցում է Ս. Մարիամ Աստվածածին Քաղցրահայաց վանքը: Կառուցման օրվանից սկսած՝ այդ վանքը ամբողջ շրջանի համար դառնում է սրբավայր և ուխտատեղի: Տիգրան Ս. Փափազյանը, որը ծնունդով հավավցի է և ապրել է այնտեղ մինչև 1909թ., շատ պատկերավոր նկարագրում է, թե ինչպես էին Համբարձման և Վարդավառի տոների ժամանակ տարբեր շրջաններից հավատացյալների հսկա բազմությունը թմբուկներով և զուռնայով, մատաղներով և նվերներով հավաքվում Հավավում. «Կատարեալ ուխտատեղի, հսկայ բազմութիւն, ոչ Թուրք, ոչ Քիւրտ, ոչ կառավարական հսկողութիւն, կատարեալ Հայաստան: Կըլլային ձիարշավներ, վահանախաղ, հրաձգութիւն, գօտեմարտութիւն, ուտել, խմել, զուարճանալ, տեսակ տեսակ կանչերով օդը թնդացնել, ոչ կռիւ, ոչ իրարանցում, վերջին ծայր եռուզիռն ու կարգապահութիւն: Վանքին հիմնարկութենէն սկսեալ պահուած էր այդ խրախճանքի սովորութիւնը, որոնք կըլլային ամեն տարի, մինչեւ մեր օրերը: Սակայն 95-ի կոտորածին պատճառաւ չէր մնացած նախկին եռուզեռը»4:
Պողոս վարդապետ Նաթանյանը, որը 1877թ. նշանակվել էր Բալուի հոգևոր առաջնորդի տեղապահի պաշտոնին, Բալուի և շրջակա քաղաքների ու գյուղերի վերաբերյալ պատրաստած իր տեղեկագրի մեջ մանրամասն նկարագրում է Սուրբ Աստվածածին վանքի կառուցվածքը: Վանքի բավական լայն շրջակայքը շրջապատված էր քարե պարսպով, արևմտյան կողմում գտնվող պարիսպների վերևում պահակների համար կառուցված էր երկու աշտարակ, իսկ հարավային կողմում գտնվում էր երկաթապատ բավականին մեծ մի դուռ, որի փեղկերը պատրաստված էին սև փայտից: Այդ դռնով կարելի էր մտնել վանքի ներքնահարկը: Ներքնահարկում գտնվում էր քաղցրահամ ջուր ունեցող մի աղբյուր: Երբ մտնում էին աղբյուրի ձախ կողմում գտնվող հին փայտե դռնով, դիմացը բացվում էր փոքրիկ բակ, որտեղ կար թե ձմռանը, թե ամռանը միշտ հոսող քաղցրահամ մեկ այլ աղբյուր: Վանքն ուներ 23 սենյակ: Վանքի արևմտյան կողմում՝ այգիների մեջ՝ փոքրիկ բլուրի վրա, գտնվում էր Սուրբ Կարապետ անունը կրող մի ուխտատեղի: Տարեցները պատմում են, որ մի ժամանակ այդ վայրում գտնվել է հին վանք: Համբարձման տոնին տղամարդկանց և կանանց մեծ բազմություն էր այցելում այդ ուխտատեղին. մնում էին մինչև երեկո, այնուհետև վերադառնում իրենց տները5: Իսկ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, 1879թ. այցելելով Հավավի վանքը, գրում է. «Վանքին դուռը իջանք. սիրուն է վանքիս դիրքը և իր շուրջը եղած այգիք, ծառաստանք և ջուրք կաւելցնեն վայելչութիւնը. իր առջև կը տարածուի գեղեցիկն Հաւաւ կանաչագեղ այգեստանեոք, և քաղցր աչքով կը դիտէ հովտին մէջ սփռուած ու հանդիպող լեռնակողման վրայ եղած շէն ու վայելուչ գեղեր: Դռնէն դուրս մեծ աւազան մը ունի թթենյաց հովանեաց տակ և ի ներքոյ վանքին ջաղացն է: Վանքին ներսը ամենայն ինչ աւերակ էր, ապականութիւն և խառնակութիւն: Չորս շուն, չորս քուրդ, երկու տնտես կանայք, հինգ կով մէկ էշ և մէկ ձի, և մի կաղ վանահայր Մանուէլ վարդապետ: Ահա Հաւաւու վանք»6:
Քաղցրահայաց վանքն ուներ նաև մեծ կալվածքներ՝ վարելահողեր, այգիներ, պարտեզներ, ինքնաբուխ աղբյուրներ, ավազաններ, խաղողի հսկայական այգիներ և շրջապատված էր թթենիներով ու պտղատու ծառերով: Այսօր էլ այս ամենը դեռ մնացել է գյուղի տարեց քուրդ բնակչության հիշողության մեջ: Նրանք պատմում են, որ երբ 1915թ. հայերի կոտորածից հետո տեղափոխվել են գյուղ, վառ հիշում են, որ ամբողջ բլուրը ծածկված է եղել սաղարթախիտ անտառով, և հնարավոր չէր նույնիսկ բլրի գագաթից տեսնել գյուղը: Այժմ անտառախիտ բլուրը ամբողջովին լերկացել է, պտղատու այգիները վերածվել են քարքարոտ և անջրդի մի հողատարածքի, իսկ վեհաշուք եկեղեցուց կանգուն են մնացել միայն մի քանի պատերի ավերակներ և հսկա պարիսպի ուրվագիծը:
Սակայն եկեղեցու փլատակների շրջակայքում դեռ կարելի է գտնել խաչքարեր և քարաբեկորներ, որոնց վրա պահպանվել են հայերեն գրվածքներ և փորագրված խաչեր:
Եկեղեցին ուներ նաև դպրոց, որտեղ 150-ից ավելի աշակերտներ՝ և տղաներ, և աղջիկներ, ուսանում էին լեզվաբանություն, մաթեմատիկա, աշխարհագրություն, քրիստոնեության դասեր, սուրբ գրքի պատմություն, հայոց պատմություն, գեղագրություն7: Հավավ գյուղից դուրս են եկել շատ հայտնի ընտանիքներ և մտավորականներ, որոնք մեծ դեր են խաղացել Օսմանյան կայսրության բարգավաճման մեջ և բարձր պաշտոններ են զբաղեցրել Ստամբուլում: Պողոս Կատարիկյանը Հավավ գյուղի մասին գրած իր գրքում նշում է դրանցից մի քանիսին՝ Օտյան, Գյուրջյան, Փաշալյան, Նեմցեյան ընտանիքներ, ինչպես նաև Գասպար Գասպարյան, Բաղդասար Թըքնըքյան, Հ. Ջելալյան և Հարություն Այլայան8:
Բացի Ս.Աստվածածին Քաղցրահայաց եկեղեցուց՝ գյուղի մեջ կառուցվել է նաև մեկ այլ եկեղեցի՝ Սուրբ Կաթողիկեն (որոշ աղբյուրներում այն հիշատակվում է որպես Ս. Կաթողիկոս, Ս. Լուսավորիչ), որը հավանաբար կառուցվել է 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին: Այսօր գյուղից դեպի աղբյուր տանող ճանապարհի կողքին վեր են խոյանում «գլխաբաց» եկեղեցու «վիրավոր» պատերը, որոնք նկարներով «զարդարել են» գյուղի քուրդ երեխաները:
Հնում այս եկեղեցու շրջակայքում է գտնվել հին հայկական գերեզմանատունը, իսկ այժմ չի մնացել դա վկայող գեթ մեկ քար:
Թեև 1895թ. ջարդերից զերծ չմնաց նաև Հավավ գյուղը (բացի մարդկանցից՝ տուժել էին նաև գյուղի մշակութային և հոգևոր օրրանները. քանդվել էր գյուղի դպրոցը, եկեղեցիները ավերվել, կողոպտվել էին, սպանվել էին գյուղի երկու քահանաները), սակայն թշնամին կրկին չի կարողանում ընկճել խիզախ հավավցիներին:
Շրջակա գյուղերի թուրքերը և քրդերը զարմանում էին, որ գյուղի հայերը, իրենց հավասար, գիշեր-ցերեկ բացահայտորեն շրջում էին զենքով՝ հաշվի չառնելով, որ գյուղում զինվորներ կան, իսկ կառավարությունն էլ ուշադրություն չէր դարձնում այդ հանգամանքին: Սակայն հավավցիները, վերջ ի վերջո, չկարողացան դիմակայել 1915թ. թուրքական կառավարության կողմից հանգամանորեն ծրագրավորված անմարդկային կոտորածներին ու ավերածություններին: Թուրքական խուժանին է միանում նաև հարևան գյուղերի քրդերի մեծամասնությունը, որոնք, դարեր ի վեր չկարողանալով կոտրել հավավցիների դիմադրական ոգին, հարմար առիթի էին սպասում՝ վրեժ լուծելու և հավավցիներին ոչնչացնելու համար: Բոլոր տղամարդիկ սրի քաշվեցին, ողջ մնացած կանանց ու երեխաների մի մասը մահացավ աքսորի ճանապարհին, մի փոքր մասն էլ ապաստան գտավ Դերսիմում, Խարբերդում և հարակից շրջաններում՝ հետագայում սփռվելով աշխարհով մեկ՝ հիմնականում գաղթելով Լիբանան, Սիրիա, ԱՄՆ:
Պատմական մեծ արժեք է ներկայացնում 1915թ. Հավավի կոտորածները վերապրած Տիգրան Մեսրոպյանի բացառիկ վկայությունը, որը գրառել է Վարդան Կատարյանը. այն լույս է տեսել Թիֆլիսում հրատարակված «Հայաստան» թերթի երկու համարներում(1917թ. մայիսի 30 (N34) և մայիսի 31 (N35))՝ «Եղեռնի առաջին օրերը Հաւաւի մէջ» վերնագրով: Մեսրոպյանը մանրամասն նկարագրում է, թե թուրքական խուժանը ինչպես է հավավցի դավաճան Թեֆոյի օգնությամբ գտնում գյուղում պահված բոլոր զենքն ու զինամթերքը, որից հետո շարունակվում են խուզարկությունները, թալանը, ավերածությունները, և սկսվում է դաժան մեթոդներով խաղաղ բնակչության ոչնչացումը, այնուհետև անուն առ անուն նշում է կոտորածից Դերսիմում ապաստան գտած և փրկված ընտանիքների անդամներին. «Կը սկսի գանագոծութիւնը: Ի գործ կը դրւին այն ամեն զարհուրելի ու ամօթապարտ խժդժութիւններն ու ոճիրները, զորս կարող են կատարել միմիայն գերմանօ-տաճիկ ամենավայրագ ու ստորնաքարշ բարքերը: Դաշնակցական տղայքներէն Սիսակը հորը կը նետեն վրան լցնելով քարեր: Դուրս կը հանւի բոլորովին արիւնլւայ և ուշակորոյս վիճակի մէջ և դեղերով կը սթափեցւի: Նորէն գործի կսկսին դահիճները, կը քաշեն եղունգները, կը կտրեն ականջները, քիթը, շուրթները ու յետոյ ոտքերու մատներէն սկսեալ մանտոր-մանտոր կանեն: Նոյն ձևով կը մարտիրոսեն Պօղոս, Օննիկ և ուրիշներ»9:
Հայկական դատարկված գյուղ ներխուժած բազմաթիվ քրդեր և թուրքեր կնության առան հավավցի կանանց կամ իրենց մոտ վերցրեցին մանկահասակ աղջիկներին' որպես աղախին, որոնց հետագայում հաճախ ամուսնացնում էին իրենց որդիների հետ: Այս փրկված բեկորները, ապրելով և մեծանալով քրդական միջավայրում, դարձան մուսուլման քրդեր՝ կորցնելով իրենց ազգային ինքնությունը: Այս դեպքերի վառ օրինակ է Հրանտ Դինքի դատապաշտպան, գրող, իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան Ֆեթհիյե մորական տատիկի՝ Հերանուշի պատմությունը, որի հիման վրա էլ Ֆ. Չեթինը 2004թ. հրատարակեց Թուրքիայում մեծ արձագանք և ճանաչում գտած «Մեծ մայրս» (թուրք. “Anneannem”) վերնագրով ինքնակենսագրական վիպակը: Հավավցի Հերանուշը 1915թ. եղեռնից կարողանում է մի կերպ փրկվել՝ ապաստան գտնելով թուրք զինվորականի տանը և որպես խորթ դուստր ստանում է Սեհեր անունը՝ հայկական անվան հետ կորցնելով նաև հայ լինելու իրավունքը: Հետագայում կրելով տարբեր զրկանքներ ու դժվարություններ' նա ամուսնանում է թուրքի հետ և դառնում մահմեդական ընտանիքի հարգված մայր, բայց կյանքի վերջին տարիներին, չդիմանալով այդ գաղտնիքի ծանրությանը, թոռանը՝ Ֆեթհիյեին, խոստովանում է իր հայ լինելը:
Թե կյանքի ինչպիսի փորձությունների միջով է անցել Հավավ գյուղի այժմյան ամենատարեց բնակիչներից մեկը՝ Ֆաթման, դեռ հայտնի չէ ոչ ոքի: Միգուցե նրա կրած տառապանքների, ցավերի կամ կարոտի մասին են պատմում նրա աչքերից անդադար հոսող արցունքները, երբ իր հարազատ գյուղում, որն արդեն երկար տարիներ է՝ բնակեցված է քրդերով ու զազաներով, մի քրդական հարսանիքի ժամանակ հանդիպեց այս տարի կամավորական ծրագրով այդ գյուղում գտնվող մի քանի հայերի: Սկզբում մեծ եղավ բոլոր ներկաների զարմանքը, երբ ձեռնափայտով հազիվ քայլող տարեց քուրդ կինը, լսելով մայրենի լեզվով միմյանց հետ զրուցող հայերի խոսակցությունը, անմիջապես ճեղքելով ամբոխը, լացակումած աչքերով մոտենալով հայերի մեջ ամենատարեց կնոջը՝ Կառնիկյան Աստղիկին, ամուր փաթաթվեց և սկսեց ուժգին արտասվել: Կարծես հայրենակցի գրկում վերջապես կարողացավ դուրս հորդեցնել այսքան երկար տարիներ իր մեջ ամփոփած և ոչ ոքի հետ չկիսած դժբախտությունն ու կսկիծը: Աստղիկն էլ, ում ծնողները 1915թ կոտորածներից փրկվելու համար Ստամբուլից տեղափոխվել էին Ֆրանսիա, և ինքն էլ իր տատիկից, մայրիկից լսած պատմությունների ազդեցությամբ իր վրա զգալով այդ ժամանակ հայ կանանց կրած տառապանքները, զրկանքները, նույնպես ամուր գրկել էր անծանոթ կնոջը, որն այդ պահին երևի ամենահարազատն էր աշխարհում:
Այս տեսարանից հուզված համագյուղացիներից ոմանք, որոնք արդեն գուշակել կամ էլ հավանաբար տեղյակ էին Ֆաթմայի իրական ծագման մասին, սկսեցին բացատրել, որ նա գյուղում կենդանի մնացած միակ հայ կինն է, ով, կոտորածների ժամանակ կնության գնալով քուրդ տղամարդու, փոխել է իր հայկական անունը և դարձել մուսուլման: Ոչ ոք չգիտեր նրա պատմության մանրամասները, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, թե այդ պահին ինչեր էր վերհիշել Ֆաթման. գուցե նախկին հայկական գյուղի հզորությունն ու գեղեցկությունը, միգուցե կարոտել էր մանկությունն ու հարազատներին կամ մանկության տարիներին իմացած մայրենի լեզվին, որը, անշուշտ, մոռացել էր: Հուզմունքից նա կորցրել էր խոսելու ունակությունը, բայց արցունքների հետ ցայտող երջանկության կայծերից կարելի էր հասկանալ, որ չնայած կյանքի մեծագույն մասը ապրել էր քրդական միջավայրում, հետևել քրդական բոլոր ավանդույթներին ու սովորույթներին, չէր տիրապետում իր մայրենի լեզվին, հավատքով մուսուլման էր, բայց հոգու խորքում չէր ձուլվել և հավատարիմ էր մնացել իր հայկական արմատներին: Սակայն դեռ որքան անձնական դառը պատմություններ կան, որոնք պատմվելու են և փոխելու են կյանքեր կամ էլ արդեն իրենց տերերի հետ հավետ կորել են երկար տարիներ ամուր պահված գաղտնիքի ծանրության տակ:
Ներկայում ամբողջ Թուրքիայի հանրապետությունը համակած ինքնության «զարթոնքի» ազդեցության հետևանքով և իրենց հայկական արմատների մասին բացահայտորեն խոսող և գրող որոշ մարդկանց շնորհիվ Հավավում էլ այսօր գտնվեցին մեծ թվով քրդեր և զազաներ, ովքեր սկսեցին բարձրաձայնել իրենց մայրերի և տատիկների հայ լինելու փաստը: Այսօրվա տեղացի քրդերից ոմանք հիշում են իրենց հայ տատիկների պատմությունները, որոնք լսել են փոքր տարիքում, պատմություններ այն մասին, թե ինչքան շեն և գեղեցիկ է եղել գյուղը մինչ թուրքերի և քրդերի հարձակումը, այն ժամանակվա հայկական սովորույթների, ավանդույթների, խաղիկների մասին, այնուհետև ինչպես են ականատես եղել իրենց բազմամարդ ընտանիքների բոլոր անդամների դաժան սպանություններին, գյուղի հայկական տների, եկեղեցիների, խաչքարերի ավերմանը: Իրենց մեջ հայկական արյան գոյության մասին նրանք խոսում են նույնիսկ հպարտությամբ, քանզի հավավցի հայ աղջիկները, որոնց տեղի քրդերը անվանում էին «կռունկ», համարվում էին ամենագեղեցիկները, խելացիները, և քրդերի համար պատիվ էր հայ կին ունենալը:
Այսօր գյուղում կարելի է պարզորոշ նկատել հին հայկական տների փլատակները և այդ քարերով շարված քրդերի նորակառույց տները:
Որոշ քրդեր, գիտակցելով պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող հնագույն հայկական խաչքարների և հայատառ գրությունների նշանակությունը, բացահայտ կամ հարևանների աչքերից գաղտնի պահում են իրենց տների կառուցման ժամանակ հայտնաբերված հայերի երկարատև ներկայության անխախտելի ապացույց հանդիսացող այս փաստերը: Ինչպես կարող ենք տեսնել ստորև ներկայացրած լուսանկարներից մեկում, նույնիսկ քրդերից ոմանք, իրենց տան բակում հայտնաբերված քարի վրայի գրվածքները ավելի պարզորոշ տեսնելու և լավ պահպանելու համար, կարմիր ներկով եզրագծել են փորվածքները:
Մշակութային և պատմական մեծ արժեք են ներկայացնում նաև Հավավ գյուղի երկու հայտնի աղբյուրները, որոնք հայերի կողմից կառուցված են եղել դեռ մի քանի դար առաջ, սակայն այժմ էլ շարունակում են հեռավոր սարերից անտեսանելի քարե խողովակներով հոսող քաղցրահամ և զուլալ խմելու ջուր մատակարարել գյուղի բնակիչներին:
Աղբյուրներից մեկը գտնվում է գյուղի վերին մասում և տարբեր գրքերում հիշատակվում է հենց այդպես՝ Վերին աղբյուր (Yukarı çeşme), իսկ մյուսը, որը գտնվում է ավելի ներքևում, կոչվում է Վարի աղբյուր (Aşağı çeşme): Այսպես են անվանում դրանց նաև ներկայիս գյուղաբնակները, սակայն Պողոս վարդապետ Նաթանեանը իր տեղեկագրի մեջ հիշատակում է Հավավ գյուղում գտնվող երկու աղբյուրների մասին, որոնցից առաջինին տեղացի հայ բնակչությունը հնուց ի վեր կոչել է Սուրբ Տիկնանց Աղբյուր, իսկ մյուսին՝ Ուռենյաց աղբյուր՝ այդ ճանապարհին ուռենիների շատության պատճառով: Վերին աղբյուրի վրա մինչ այժմ պահպանվել են հստակ երևացող հայերեն գրություններ: Դրանք հավանաբար ցույց են տալիս կառուցման տարեթիվը, որովհետև հնում հայերը տառերը օգտագործել են թվեր արտահայտելու համար:
Քանի որ այս աղբյուրներն այժմ կանգնած են փլուզման եզրին, և հետագա օգտագործման համար անհրաժեշտ էր վերանորոգում, Հրանտ Դինքի Հիմնադրամի նախաձեռնությամբ 2011 թվականի սեպտեմբեր ամսվանից սկսվեցին և դեռ շարունակվում են այս երկու աղբյուրների վերանորոգման աշխատանքները: Սկազբնական շրջանում այս աշխատանքները գյուղի բնակչության կողմից բացասական ընկալվեցին, քանզի վերանորոգման աշխատանքների իրական նպատակների վերաբերյալ պտտվում էին տարբեր խոսակցություններ: Ոմանք կարծում էին, որ իրական նպատակը հայերի ոսկիների որոնումն է, որոնց մասին վերջին ժամանակաշրջանում շատ խոսակցություններ են տարածված Թուրքիայի հատկապես արևելյան շրջաններում:
Ոմանք մտածում էին, որ այդ ամենը կապված է ազգային փոքրամասնությունների գույքի ու կալվածքների վերադարձման հետ և այլն: Սակայն հետագայում տեսնելով, որ նպատակը միայն գյուղացիներին օգնելն ու մշակութային արժեք ներկայացնող հին հայկական աղբյուրների պահպանումն է, տեղացի քուրդ և զազա բնակիչներն սկսեցին մեծ ոգևերությամբ օգնել շինարարությանը: Վերանորոգման աշխատանքների ժամանակ աղբյուրի մոտ կրկին հայտնաբերվել են հայկական խաչքարերի բեկորներ, որոնք տեղացի բնակիչներից յուրաքանչյուրը փորձում էր վերցնել իր «խնամակալության» տակ:
Հին ժամանակներում հավավցիներից ոմանք իրենց տների մեջ ունեին 15-20 մետր խորությամբ ջրհորներ: Այդ ջրհորների ջուրը օգտագործվում էր կենդանիներին ջրելու, լողանալու և լվացքի համար. Դրանց ջուրը թեև շատ մաքուր, բայց անհամ էր: Հստակ տեղեկություններ չկան, թե ներկայում քանի ջրհոր է պահպանվել գյուղում, քանզի քրդերը չեն օգտագործում նման ջրհորներ, սակայն գյուղացիներից մեկը ցույց տվեց քարերով զգուշորեն թաքցրած հայերից մնացած նմանատիպ մի ջրհոր:
Հարցին, թե ինչու է նա այդ ջրհորը ծածկել քարերով և գաղտնի է պահել դրա գոյությունը, նա պատասախանեց, որ նմանատիպ ջրհորներ օգտագործել են հայերը. այն մինչ այժմ լիքն է ջրով և պահպանվել է այնքան լավ, որ կարելի է անգամ այսօր էլ օգտագործել, սակայն միգուցե մյուս գյուղացիները, իմանալով դրա մասին, կեղտոտեն ու քանդեն, իսկ այն իրենից ներկայացնում է մշակութային արժեք, այդ պատճառով էլ երկար ժամանակ գաղտնի է պահել:
Չնայած Հավավում բնակվող քրդերը պահպանում են քրդական ավանդույթներն ու սովորույթները, սակայն աստիճանաբար կորցնում են իրենց ազգային դիմագիծը: Պատճառն այն է, որ քրդերը չունեն իրենց ազգային դպրոցները և ստիպված են հաճախել թուրքական դպրոցներ, նոր սերունդը արդեն չի խոսում իր մայրենի լեզվով: Օրինակ՝ Հավավ գյուղում երեխաների և երիտասարդների շատ քիչ մասն է տիրապետում քրդերենի, նրանք պատմում են, որ դպրոցում բոլոր առարկաները դասավանդվում են թուրքերեն, իսկ քրդերեն ու զազայերեն լսում են միայն տատիկներից, պապիկներից ու ծնողներց: Նույնիսկ գյուղի բնակչության մեծամասնությունը քաղաքական կուսակցություններին հարելու առումով բաժանված է երկու թևի՝ նրանք, ովքեր կողմնակից են իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը, և նրանք, ովքեր հարում են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը, այսինքն՝ այդտեղի քրդերը չեն աջակցում Թուրքիայի ազգային մեծ ժողովում ներկայացված միակ քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությանը: Սա Թուրքիայի կառավարության վարած ներկայիս քաղաքականության արդյունքն է: Տարիներ առաջ հայերի նկատմամբ հաճախ հենց քրդերի միջոցով կիրառված ճնշումներն ու ձուլման քաղաքականությունը այժմ կիրառվում է Թուրքիայի քաղաքացի քրդերի և զազաների նկատմամբ, որոնք անգամ օժտված չեն ազգային փոքրամասնություններին հատկացված իրավունքներով, թեև նրանց թվաքանակը Թուրքիայում գերազանցում է 15 միլիոնը:

http://akunq.net/am/?p=15034

Պատմական Հայաստանի Հավավ գյուղը.Խարբերդ՝ Արևմտյան Հայաստան. ֆոտոշարք http://lratvakan.am/?p=23073

1. Arsen Yarman, Palu-Harput 1878 Çarsancak, Çemişgezek, Çapakçur, Erzincan, Hizan ve Civar bölgeler, II cilt/ Raporlar, 2010, İstanbul, s. 141:
2. Գ. Սրվանձտյանց, Երկեր, հ. 2, Երևան, 1982թ., էջ 406:
3. Մեսրոպ Կռայեան, Բալու, Բալուի կեանքէն առնուած պատկերներ, յուշեր, չափածոյ քերթուածներ եւ արձակ էջեր, տպ. Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, 1965թ., Անթիլիաս, էջ 60:
4. Տիգրան Ս. Փափազեան, Պատմութիւն Բալու Հաւաւի գիւղի, Պէյրութ, 1960, էջ 13:
5. Arsen Yarman, նշվ. աշխ., էջ 85, 89:
6. Յարութիին քհն. Սարգիսեան (Ալեւոր), Բալու. իր սովորոյթները, կրթական ու իմացական վիճակը և բարբառը, Կահիրե, 1932, էջ 73:
7. Գ. Սրվանձտյանց, նշվ. աշխ., էջ 402:
8. Պօղոս Կատարիկեան, Մարած ճրագներ (Հավավ գիւղին եղեռնը), Նյու Յորք, 1950:
9. Ս. Վարդանյան, Թրից պրծածները, “Ձայն Համշենական” ամսաթերթ, NN 3-4, 2009թ.:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan