Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ինչպես հայերը սկսեցին «ատել» հրեաներին. ռուս-թուրքական քարոզչություն «Մոդուս վիվենդի»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Ցեղասպանության կազմակերպման մեջ մեղավոր են հրեաները, կատարման մեջ՝ քրդերը. սա թուրքական պրոպագանդայի դրսևորում է՝ խուսափելու համար պատասխանատվությունից: Անկախ իրենց էթնիկ ծագումից, նրանք թուրքական պետության ներկայացուցիչներ էին, հետևաբար՝ պատասխանատվությունը թուրքական պետությանն է: Եթե անգամ հայեր լինեին այդ բոլորը, բայց գործեին թուրքական պետության անունից, ուրեմն, թուրքական պետությունն է պատասխանատու, այստեղ էթնիկ ընկալում չի կարող լինել:

Հաղորդման սղագրություն


_ Ողջույն հարգելի ռադիոդիտողներ ու ռադիոլսողներ: FM 106,5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում եմ ես՝ Հայկուհի Մինասյանս, և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Ողջո՛ւյն, պրն.Պապյան: Հարգելի ունկնդիրներ, ինչպես նախորդ հաղորդումից արդեն տեղեկացել եք, խոսում ենք Վիլսոնի իրավարար վճռից: Նոյեմբերն առհասարակ համարել ենք վիլսոնյան ամիս, և պրն. Պապյանը ներկայացնում է մանրամասներ: Նաև կունենանք հաղորդումներ Վիլսոնի՝ որպես մարդու մասին: Նախորդ հաղորդումն ավարտեցինք քարտեզներով: 1920թ. նոյեմբերի 22, վճիռը մտավ ուժի մեջ:
_ 1920թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ Վիլսոնի իրավարար վճիռը կնքվեց, ստորագրվեց նախագահի, նաև պետքարտուղարի կողմից, և ըստ կարգի՝ մտավ ուժի մեջ: Քարտեզի վրա երևում է այն հատվածը, որը ճանաչվեց Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս, այսինքն՝ Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների մի զգալի մասը: Քանի որ այդ վճիռն անբեկանելի է, դրանից հետո անհրաժեշտ էր աշխատանքային քարտեզներ ստեղծել, որպեսզի տեղում կատարվեր սահմանանշումը, որը կոչվում է դեմարկացիա կամ դեմարքեյշն: Ամբողջ սահմանագծը բաժանվեց 19 առանձին հատվածների, յուրաքանչյուրի համար առանձին քարտեզ գծվեց՝ 1սմ 200 կմ մասշտաբով: Այդ քարտեզները պետք է տրվեին Ազգերի լիգայի այն աշխատանքային խմբին, որը պետք է գնար և տեղում կատարեր համապատասխան գործողությունը: Շատ հետաքրքիր մի գրություն է պահպանվել Պետքարտուղարության և ՊՆ միջև, որը սովորական վարչական գրագրություն է, բայց մեր տեսանկյունից շատ կարևոր է: Երբ ՊՆ-ն, որի ենթակայության տակ էր գտնվում Քարտեզագրության վարչությունը, դիմում է տպագրության համար մոտ 750 դոլարի խնդրելով, Պետքարտուղարությունը պատասխանում է՝ տպեք, մենք փողը կփոխանցենք, որովհետև սա խիստ անհրաժեշտ է, հարց չկա՝ արդյո՞ք պետք կլինի, թե՝ոչ, որովհետև վճիռն անբեկանելի է և ուժի մեջ է: Անգամ նման վարչական գրություններն այսօր մեզ համար կարող են Պետքարտուղարության դիրքորոշման երկրորդային ապացուցողական փաստեր լինել: 19-րդ քարտեզի մեջ, որը Սև ծով է դուրս գալիս Տրապիզոնից դեպի Արևմուտք ելքով, դա այն է, որ Օսմանյան գլխավոր շտաբի քարտեզի վրա՝ գրված արաբատառ թուրքերեն, ամերիկացիները լրացուցիչ աշխատանքներ կատարեցին, անգլերենով նշեցին և գծեցին սահմանը: Ազգերի լիգայում ստեղծվեց հանձնաժողովը, որի մասին շատերի տեղյակ չեն: Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև նշանակում է, որ Ազգերի լիգան ոչ միայն ի գիտություն ընդունեց, այլև՝ ի կատարումն, այսինքն՝ համարեց, որ այս իրավարար վճիռն ուժի մեջ է: Ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Հենրի Մորգենթաուի գլխավորությամբ, որը պիտի գնար և տեղում կատարեր սահմանանշումը: Բայց սա արդեն պիտի գործեր ոչ միայն Միացյալ Նահանգների անունից, այլ, առավելապես, Ազգերի լիգայի: Ազգերի լիգայի այդ ժամանակվա քարտուղարը դիմեց Միացյալ Նահանգներին տարբեր խնդրանքներով. այս ամբողջ գրագրությունը կա, սարանք կարևոր, պաշտոնական դիրքորոշումներն են, որը ես հետագայում, հնարավոր է, տպեմ: 1920թ. նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին որևէ մեկը չէր կասկածում, որ այս փաստաթուղթը իրավական է, վավերական է, ուժի մեջ է: Որևէ մեկը հարց չբարձրացրեց, օրինակի, Օսմանյան կայսրության դիրքորոշուման մասին, որովհետև դա պարզ էր, կամ, արդյո՞ք, համաձայն են-համաձայն չեն: Այսինքն՝ միանշանակ բոլորն ընդունեցին:
_Ռադիոլսողներից մեկը երկու հարց է ուղղել ձեզ: Առաջինը՝ եթե դուք նախորդ հաղորդման ընթացքում նշեցիք, որ Վիլսոնը իրավարար վճիռը կայացնելիս հաշվի էր առնում նաև դեմոգրաֆիկ պատկերը, ապա ի՞նչ կերպով կարելի է կյանքի կոչել վճիռն այսօր, քանի որ դեմոգրաֆիկ պատկերն ամբողջությամ փոխվել է թե՛ Արևմտյան Հայաստանում, թե՛ Դաշտային Արցախում, թե՞ Նախիջևանում: Մի հարց էլ իմ կողմից. ինչպե՞ս եք պատկերացնում այն կոնտեքստում, որ Վիլսոնն առաջ բերեց ազգերի ինքնորոշման հարցը: Օրինակ՝ Նախիջևանում ազգերի ինքնորոշումը պարտադրում է, որ այնտեղ հանրաքվե անցկացվի, և տարածքը, համապատասխանաբար, գտնի իր տիրոջը:
_ Վիլսոնն առաջին պետական գործիչն էր, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը դարձրեց միջպետական քաղաքականության գործիքներից մեկը: Բայց շատ հետաքրքիր մանրամասն կա. Վիլսոնն ինքն էր նշում, որ սա չի վերաբերում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը, որովհետև սկսած 1878 թ.-ից Հայաստանի տարածքում տեղի են ունեցել բնակչության կազմի բռնի փոփոխություններ՝ տեղաշարժեր, կոտորածներ, այսօրվա տերմինաբանությամբ՝ էթնիկ զտումներ՝ եթե անգամ հաշվի չառնենք 1915թ. Ցեղասպանությունը: Հետևաբար, հիմնական գործոնները, որով առաջնորդվում էր Վիլսոնը սահմանները գծելիս, երկուսն էին. առաջինը երկրի կենսունակության ապահովումն էր, այսինքն՝ նրա ռազմական, տնտեսական ապահովման խնդիրը: Եվ էթնիկ-դեմոգրաֆիկ թվերը ի վնաս Հայաստանի գործեցին, այսինքն՝ Հայաստանի տարածքը 1915. հունվարի ծրագրից ամերիկացիները հետ կանգնեցին հենց ելնելով Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակից: Պահպանված է Պողոս Նուբարի մի նամակը, որտեղ մոտավորապես հետևյալ միտքն է արտահայտում՝ մեզ կոտորեցին թուրքերը, և հիմա դուք պարգևատրում եք նրանց այդ կոտորածների համար՝ տալով մեր երկրի մի մասը: Ըստ էության դա պարգևատրում էր, և սրա մեջ շատ վտանգավոր բան կա: Եթե դուք ցեղասպանություններն անպատիժ եք թողնում, հատկապես՝ Հայոց ցեղասպանության պարագային, որովհետև Հոլոքոստը, ի տարբերություն հայերի Ցեղասպանության, տարածքային խնդիր, բաղադրիչ չուներ, դուք դրդում եք մյուս ժողովուրդներին, որ գնան, կոտորեն մեկ այլ ժողովրդի, տիրանան նրա հողին, և հետո կասեն՝ այդտեղ արդեն մարդ չի ապրում, ուրեմն այդ հողը պիտի մնա կոտորողին, այսինքն՝ հանցագործը պիտի պարգևատրվի, որն անընդունելի էր: Դրա համար էլ Փարիզի վեհաժողովը միանշանակ որոշում կայացրեց, որ հայերի պարագային ազգերի ինքնորոշման սկզբունքը չի գործելու, այլ գործելու են նախնական տվյալներ. մոտավորապես այսպիսի տրամաբանությունն էր՝ եթե հայերին չկոտորեին և չջարդեին, ի՞նչ կլիներ նրանց վիճակը: Չմոռանանք, որ նաև մուսուլման բնակչությունն էր մեծ կորուստներ ունեցել ամբողջ Արևմտյան Հայաստանի տարածքում, և այստեղ պետք է հստակ տարբերակել հայ և մուսուլման զոհերին. մուսուլման միայն թուրքերը չեն, նաև՝ քրդեր, չերքեզներ, լազեր: Հայերը պետական ուղղորդված հայաջինջ ցեղասպանական քաղաքականության զոհեր էին, իսկ մուսուլմանները հենց այդ ցեղասպանության հետևանքով առաջացած իրավիճակի զոհերն էին: Արևելյան ժողովուրդները, մասնավորապես՝ մուսուլմանները, սովորություն ունեն դիակները գցել գետերը, ջրհորները, որովհետև կարծում են, որ հոսող ջուրը ամեն ինչ կմաքրի-կտանի: Այդ մասին գրված է նույնիսկ Չարենցի «Դանթեական առասպել»-ում: Եվ սա բերեց նրան, որ Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր ջրային պաշարները թունավորվեցին: Դրան գումարվեց տիֆը, և այդ տարածքներում հայերից բացի ևս 2-3 միլիոն այլ բնակչություն մահացավ, մի մասն էլ արտագաղթեց. չմոռանանք՝ այդ տարածքը՝ ներառյալ Երզնկան, գրավվեց ռուսական բանակի կողմից, և մեծաթիվ մուսուլմանական բնակչություն արտագաղթեց: Հետևաբար այն, ինչ պիտի տրվեր Հայաստանին՝ վիլսոնյան Հայաստանը, գրեթե դատարկ տարածություն էր` շատ քիչ մուսուլման և նույնքան էլ քիչ հայ բնակչությամբ: Բայց հաշվի էր առնվում, որ հայերի ինչ-որ տոկոս փրկվել է, և դա իսկապես այդպես էր (հիշենք՝ Դեր-Զորի անապատներում վրանաքաղաքները կային, Արևելյան Հայաստանում կային), պիտի վերադառնային և լիներ այդ 52 տոկոսը 25 տարվա մեջ մինչև 72-75 տոկոս: Հետևաբար, անկախ այսօրվա դեմոգրաֆիկ վիճակից՝ վիլսոնյան իրավարար վճիռն ուժի մեջ է. այսինքն՝ տարածքը, որի մասին խոսում ենք, Հայասատանի Հանրապետությունն է: Մարդիկ են ապրում այդտեղ, բայց կարելի է լուծման ձև գտնել. թող ապրեն, թող վճարեն որոշակի տեղական հարկեր, եկամտահարկ՝ ըստ իրենց երկրի քաղաքացիության, որն արդեն որպես միջպետական վարձակալության գումար տարեկան կվճարվի ՀՀ-ին: Մենք միջազգային հարաբերությունների մեջ տարածքների վարձակալության այդպիսի դեպքեր բավականին ունենք: Ամենահայտնին Հոնկոնգն է, որը Բրիտանական կայսրությունը 100 տարով վարձակալեց և գումար էր տալիս: Ոչ պակաս հայտնի է Գուանտամոյի տարածքը՝ Կուբայի Միացյալ Նահանգների կողմից վարձակալված: Շատերին թվում է՝ Հայաստանն անպայմանորեն իր գերիշխանությունը պիտի հաստատի: Ո՛չ: Կան միջանկյալ լուծումներ, որոնք նույնպես կարող են հայանպաստ լինել, միաժամանակ՝ ընդունելի տարբերակ տեղում ապրող քրդերի և թուրքերի համար:
_ Արդյո՞ք չի հակասում Վիլսոնի իրավարար վճիռը ազգերի ինքնորոշման սկզբունքին բացառապես մեր պարագայում, այսինքն՝ Նախիջևան, Դաշտային Արցախ: Եթե մենք ասում ենք, որ գոյություն ունի ազգերի ինքնորոշման սկզբունք, որը միջազգային իրավունքով ամեն ինչից վեր է դասվում, ապա ինչպե՞ս եք պատկերացնում:
_ Իրավունքը չի կարող խարսխվել հանցագործության վրա: Այն, որ այսօր Դաշտային Ղարաբաղում չեն ապրում հայեր, դա հանցագործության հետևանք է: Մենք գիտենք, որ անգամ 1988թ.-ից առաջ Դաշտային Ղարաբաղում 50-ից ավելի հայկական գյուղեր կային՝ գրեթե 80.000 հայ բնակչությամբ, որի մասին, չգիտես ինչու, մոռացել ենք: Այսինքն՝ մի ամբողջ Ղարաբաղ Ղարաբաղից դուրս էր: Մենք հետո կանդրադառնանք, որ Ազգերի լիգայի որոշմամբ տրված էր Հայաստանին՝ հանցագործության հետևանքով հայաթափվեց: Նույնը վերաբերում է Նախիջևանին: Բազմաթիվ վկայություններ կան Նախիջևանի հայության կոտորածների վերաբերյալ: Մենք հիմա խոսում ենք Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական էջերից, բայց մոռանում ենք, որ 1918թ. նաև թուրքական բանակը մտավ Նախիջևան, և տեղի թաթարների հետ միասին հայկական կոտորածներ իրականացրեց, նաև՝ 1920թ.: Չմոռանանք, որ Նախիջևանի հայաթափումը, ճիշտ է՝ ոչ թուրքերի կողմից, բայց դարձյալ հանցագործության հետևանք էր՝ թեև այդ ժամանակ չէր դիտվում այդպիսին: Ակնհայտ է, որ եթե Շահ Աբասը 1604թ. հայաթափ չաներ Նախիջևանը՝ ներառյալ Երևանը, Ագուլիսը, այդ տարածքում 20-րդ դարի սկզբին առնվազն 1 մլն հայ կապրեր: Հետևաբար, Վիլսոնը և Փարիզի վեհաժողովը հենց դրանով էին առաջնորդվում, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը կարող է գործել բնականոն զարգացած երկրներում, բայց որտեղ եղել է հանցագործություն, հանցագործությունը չի կարող հիմք լինել իրավունքների համար: Հիշենք Հեյդար Ալիևի հպարտությունը, որ ինքը Ղարաբաղը շատ ավելի է հայաթափ արել, քան շատ-շատերը, որը ճիշտ էր և հանցագործության խոստովանություն էր: Հետևաբար, հայերի իրավունքները միջազգային պայմանավորվածությամբ և Վիլսոնի կողմից խարսխվեցին կենսունակ պետություն ստեղծելու հիմնական սկզբունքի վրա՝ շրջանցելով այդ պահի ազգային ինքնորոշման սկզբունքը: Կրկնում եմ՝ այդ պահի, որովհետև այլ վայրերում կիրառվում է, նաև՝ Հայաստանի պարագայում: Օրինակ՝ Սղերդի շրջանն անջատվեց Վանի նահանգից, թեև Վանի նահանգը տրվեց Հայաստանին, զուտ այն պատճառով, որ Սղերդում այն ժամանակ ճնշող մեծամասնությունը քրդեր էին: Այսօր էլ Թուրքիայի ամենապայքարող շրջանը Սղերդի քրդերն են: Հարցն այսպես էր դրված, որ շատ վայրերում պիտի լինեին բնակչության՝ փոխադարձ համաձայնեցված տեղափոխումներ, մի բան, որ հետագայում արվեց նաև Հունաստանի և Թուրքիայի միջև:
_ Մեր ռադիոլսողի հաջորդ հարցը. այն շրջանում, երբ Վիլսոնի իրավարար վճիռը կայացվեց, ինչ-որ չափով բխում էր իրենց շահերից: Արդյո՞ք այսօր այդ նույն ուժերի շահերից բխում է ունենալ վիլսոնյան Հայաստան, թե՝ ոչ:
_Բնականաբար, ցանկացած որոշում, որը կայացվում է, բխում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ երկրների խմբի շահերից: Սկզբունքորեն մեզ համար տարբերություն չկա՝ ում շահերից էր բխում: Կարող եմ տարբեր վերլուծություններ անել, ցույց տալ, որ այդքան էլ չէր բխում իրենց շահերից, այդտեղ մարդասիրական քայլեր կան: Ես հասկանում եմ՝ մեր երկրի բնակչության զգալի մասը դաստիարակվել է այլ գաղափարախոսությամբ, որ իմպերիալիստներն էին, վատն էին, իրենց շահի համար էին անում: Թեև հասկանալի չէ, թե Ամերիկայի շահն այդտեղ որն էր: Էական չէ, թե ով ինչի համար է որոշումը կայացրել: Մեզ համար կարևորը իրավարար վճռի կարգավիճակն է՝ արդյո՞ք այն օրինական ուժի մեջ է մտել և արդյո՞ք առ այսօր ուժի մեջ է: Սա է կարևորը: Մենք հետո կանդրադառնանք կարգավիճակին, այսինքն՝ ինչի հիման վրա եմ ես այն համարվում ուժի մեջ: Իսկ մնացածը՝ թե ով ինչ շահի համար էր անում, արդեն երկրորդական է:
_Հաղորդման այս հատվածում անդրադառնանք նաև Վիլսոնի մարդկային տեսակին: Շատ հաճախ ասում են, որ Վուդրո Վիլսոնը լավ նախագահ չէր Միացյալ Նահանգների համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Դաշնային պահուստային ծառայությունը ստեղծմանը հաջորդող շրջանին. մինչ այդ փողը երաշխավորված էր ոսկով, և ծառայության ստեղծումից հետո, կարծես, դադարեց դրանով երաշխավորված լինել: Շատերն այս ամենը Քենեդու սպանությունը, նաև՝ ջհուդա-մասսոնական ինչ-որ օթյակների հետ են կապում: Մի փոքր ավելի մանրամասն ներկայացնենք Վիլսոնի վարկանիշը Միացյալ Նահանգներում:
_ Հավանաբար դեկտեմբերի վերջին՝ իր ծննդյան օրերին, մի առանձին հաղորդում կունենանք Վիլսոնի մասին, որպեսզի ներկայացնենք, թե նա ինչ բացառիկ ազնվության տեր մարդ էր, նաև՝ բացառիկ հավատացյալ: Այս ամբողջի մեջ շատ կարևոր է նրա անձնական նկարագիրը: Պետք է նաև հաշվի առնենք, որ նա փայլուն կրթություն էր ստացել, երկու տեսակի կրթություն՝ կրոնական, որովհետև իր հայրը քարոզիչ էր, և իրավաբանական: Վիլսոնը Միացյալ Նահանգների միակ նախագահն է, որն ուներ դոկտորի գիտական կոչում,իսկապես փայլուն գիտնական էր, ռեկտորն էր Փրինսթոնի համալսարանի, որն այսօր աշխարհի լավագույն համալսարաններից մեկն է, և նրա օրոք դարձավ այդպիսին: Ցանկացած պատմական երևույթ և քայլ գնահատվում է արդյունքներով: Աստվածաշունչն ասում է՝ ծառը պտղից է իմացվում: Հիմա ասում են՝ վատ է, որովհետև ինքն ստեղծեց ֆեդերալ ռեզերվը: Իսկ ինչո՞ւ է վատ: Մինչ այդ ԱՄՆ-ը լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ: Եղել են դեպքեր, որ պետությունը մասնավորից պարտք էր վերցնում. նախագահը կանչում էր մեծահարուստներին, և պետությունը պարտք էր վերցնում, նրանք էլ ֆինանսավորում էին պետությանը: Այդ ֆեդերալ ռեզերվը ստեղծելուց հետո առ այսօր՝ ավելի քան 100 տարի, Միացյալ Նահանգները որևէ ֆինանսական խնդիր ունեցե՞լ է: Արտաքին պարտքը՝ 18 տրիլիոն, դա թիվ է, իրականում այդ պարտքը չկա: Ո՞ւմ է պարտք՝ ինքն իրեն: Վիլսոնը կարողացավ ստեղծել մի համակարգ, որտեղ պետության պարտքը հենց նույն պետությանն է: Սա շատ լավ վիճակ է ստեղծում ԱՄՆ-ի համար: Ի տարբերություն Ռուսաստանի և Հայաստանի, որոնց արտաքին պարտքը Համաշխարհային Բանկինն է, ուրիշ երկրներինն է, ԱՄՆ-ն ինքն իրեն է պարտք: Եվ այս հնարավորությունը տալիս է Ֆեդերալ ռեզերվը: Երբ կարդում ենք հատկապես ռուսական մամուլը, նրանք անընդհատ սպասում են, որ շուտով դոլարը կործանվելու է: Իմ մանկության տարիներին մի հետաքրքիր հաղորդում կար՝ «Международная панорама», որի մեկնաբանն ամեն շաբաթ ասում էր, որ դոլարը կործանվելու է: Բայց արդեն 40 տարի է ՝ոչ էլ կործանվում է, ու այսօր ամենակայուն արտարժույթն է. նայեք դոլարի հարաբերակցությունը ռուբլու, անգամ՝ եվրոյի և մյուս արժույթների հետ: Ֆեդերալ ռեզերվի շնորհիվ դոլարը դարձել է համաշխարհային և հաշվարկային միավոր: Անգամ եթե ինքը, այսպես ասած, ջհուդա-մասսոնական պատվեր է կատարել, որ էլի պարզ չէ՝ ինչու, որովհետև Վիլսոնի՝ իշխանության եղած ժամանակ հրեաներն այդքան ազդեցիկ չէին, բայց դա ի՞նչ կապ ունի մեր հարցի հետ: Եթե նրա գործունեությունն 90 տոկոսով վատն է, բայց այս՝ իրավարար վճռի հարցով, լավ է կատարել իր գործը: Հետո Ամերիկայի մեջ հրեաների մի զգալի մասը հարստացավ, բայց դա ոչ-ոքի չի խանգարում, ազատ մրցակցության շուկա է՝ թող հայերն էլ հարստանան, ուզբեկներն էլ, ռուսներն էլ: Ես Կանադայում տեսել եմ սովետական գաղթականների՝ և՛ հայերի, և՛ հրեաների, բայց հրեա գաղթականների մեջ հայտնվեցին բավականին մեծահարուստներ, որովհետև նրանցից մի քանիսը մեծ գյուտեր արեցին:
_ Մի փոքր թեմայից շեղվում ենք, բայց քանի որ ջհուդա-մասսոնական օթյակից խոսեցինք, մի հարց. մեզ մոտ մի շերտ կա, որն անընդհատ ասում է՝ հրեաները թույլ չեն տալիս, որ Հայաստանը զարգանա: Այս պատկերացումը կարծրատի՞պ է:
_ Այսինքն՝ մեր իշխանության մեջ քանի՞ հրեա կա: Մեր ո՞ր նախարարը կամ վարչապետը կամ նախագահն է հրեա, որ չի թողնում երկիրը զարգանա: Օրինակ՝ Հենրի Մորգենթաուն, որը պիտի գնար և տեղում սահմանանշում կատարեր, հրեա էր: Ես արդեն մեղադրվել եմ մի քանի անգամ, առավել ևս, որ մի խոցելի տեղ ունեմ՝ մորս օրիորդական ազգանունն Իսրայելյան է, և դրանից ելնելով ինձ ասեցին, որ հրեա եմ: Ես էլ ասեցի՝ ես մի ընկերուհի ունեմ, ազգանունն Աֆրիկյան է, ուրեմն՝ նրա պապերն էլ նեգր են եղել:
_ Այնուամենայնիվ, պատմական որևէ հիմք կա՞:
_ Առնվազն Հայաստանում այդպես չի եղել: 1973թ., երբ Իսրայելը հաղթեց պատերազմն արաբների դեմ, Հայաստանում էապես բարձրացավ Իսրայելի և հրեաների վարկը, հայերն ասում էին՝ տեսեք, իրենք իրենց պատմական հայրենիքին ինչպես են տեր կանգնում: Եվ պետք էր Հայաստանում ստեղծել հակահրեական տրամադրություններ, որովհետև սովետը հակաիսրայելական էր, իսկ սովետական միության հարավային Ֆլանգում, որը ՆԱՏՕ-ին սահմանակից երկիր է, չէր կարելի հանդուրժել, որպեսզի ստեղծվեին պրոիսրայելական տրամադրություններ: Հայերին ինչպե՞ս կարելի է մեկի դեմ տրամադրել. մենակ մի բանով՝ մեղադրել, որ այդ մեկը հայերին կոտորել է Ցեղասպանության ժամանակ: Դեռևս դարասկզբին Բրիտանական դեսպանության դրագոմանը՝ պաշտոնական թարգմանիչը՝ Ֆիցմորիս անունով, գրում էր, որ երիտթուրքերը ծագումով դյոնմեր են, հրեաներ, որն իրականություն է: Այսինքն՝ դա շատ լավ առիթ եղավ, և КГБ-ի հրահանգով Հայաստանում սկսեցին գրքեր գրվել, երիտթուրքերին ներկայացնել որպես հրեաներ:
_ Մեր գործընկեր Տիրան Լոքմագյոզյանն իր հաղորդաշարի ընթացքում անդրադառնում էր Ցեղասպանության տնտեսական բաղադրիչին, և այդ դյոնմերը,ինչպես դուք նշեցիք, և այդ հրեական ծագումով թուրքերը, ըստ պրն. Լոքմագյոզյանի, այնքան էլ միֆ չէին:
_ Ես էլ չեմ ժխտում, որ դրանք կային: Դեռևս Առաքել Դավրիժեցին ունի գրած սաբատայ ցեղի մասին, որովհետև ժամանակակից էր, այս ամբողջը կային: Բայց նրանք հայերին կոտորում էին ոչ թե, որ նրանք հրեա էին, հայերը հայ էին, պարզապես իրենք թուրքական նորաստեղծ բուրժուազիայի ներկայացուցիչներ էին, բնականաբար, նաև իշխանության պայքար էր գնում: Դարասկզբին թուրքական հասարակութան ներսում անգամ մշակութային առումով պայքար էր գնում հայերի և ոչ հայերի միջև: Հիշենք բազմաքանակ հայատառ թուրքերեն, նաև թուրքական գրականությունը. շատ մեծ մրցակցություն կար, որովհետև հավանական էր՝ նաև հայերեն տառերն ընդունվեին, և այլն: Հետևաբար, երկու խմբեր պայքարում էին: Հայաստանում շուկան ավելի փոքր է, բայց մենք տեսնում ենք, թե մեր օլիգարխներն իրար ինչպես են ուտում, ծեծում են, սպանում, վթարներ կազմակերպում, մեկը մյուսին մեղադրում է տարբեր բաներում, ստորացնում են, հետո շքանշան են տալիս. այս ամենը լինում է: Նույնն էլ այն ժամանակ էր լինում, շահերի բախում կար: Երիտթուրքական վերնախավը գործում էր որպես թուրքական պետական իշխանական վերնախավ և որպես թուրքական կուսակցություն: Ծագումով նրանց մի մասը դյոմ էր, մի մասը՝ հրեա. հրեա ասելով ի նկատի ունեմ иудей՝ նաև՝ կրոնով: Նույն երիտթուրքական կուսակցության մեջ բավականին ազդեցիկ հայեր են եղել, կամ քեմալական շարժումը, ըստ էության, փրկվեց զուտ հայերի ֆինանսական օգնությամբ:
_ Պոլսո պատրիարքարանի գործունեությունը ևս շատ չէր տարբերվում թուրքականից:
_ Ծագումնաբանությամբ որոշել, թե ով ում շահերից է գործում... Աբդուլ Համիդի մայրը հայ էր, հիմա ասենք, թե Աբդուլ Համիդը հայերի շահեր՞ց էր գործում: Մեր պատմագրությունը երբեք հարցականի տակ չի դրել Խորենացու այն տեղեկությունները, որ Բագրատունիները, Ամատունիները, Գնթունիները հրեա էին: Այսինքն՝ մենք հրաժարվում ենք Անիից զուտ այն պատճառով, որ Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքն էր, իսկ Բագրատունիները ծագումով հրեա՞ էին: Ծագումով հրեա լինելը և հրեա լինելը տարբեր բաներ են: Արշակունիներն էլ ծագումով պարթև էին: Ո՞վ էր Գրիգոր Լուսավորչը՝ պարթև պարսիկ էր: Նույն հաջողությամբ ջհուդա-մասսոնական մի թևն էլ կա, որ անգամ Քրիստոսին են մեղադրում, ասում են՝ Հիսուս Քրստոս թագավոր հրեից:
_ Շատ հաճախ ասում են, որ քրստոնեությունը հրեաները փաթաթեցին մեր գլխին, իսկ շատերն անգամ չգիտեն, որ հրեաները քրստոնյա չեն:
_ Դա մի քիչ բարդ հարց է, ես կրոնաբան չեմ, ունեմ իմ տեսակետը: Ուրեմն հայերն ինչ-որ պատճառ ունեին դա ընկալելու: Իմ կարծիքով պատճառը զուտ պատմական առումով այն էր, որ 300-ական թվականներին նախորդող մեկ-երկու դարերի ընթացքում հայերը, հատկապես՝ պարթևական ծագում ունեցող Արշակունիների իշխանության տարիներին, այնքան էին մոտեցել այս երկու ժողովուրդները, նաև՝ կրոնական առումով, ունեին ընդհանուր աստվածներ և այլն, և ձուլման վտանգ կար: Ընդհանրապես ինչպե՞ս ես դու ինքնությունդ որոշում. ինքնությունը միշտ տարանջատվելու, հակադրվելու հիման վրա է: Վրացիներն ինչո՞ւ անջատվեցին հայոց եկեղեցուց, որովհետև եթե մնային հայ եկեղեցու ազդեցության տակ, կհայանային-կգնային:
_ Կամ ինչո՞ւ հենց մենք առաքելական դարձանք:
_ 301թ. մենք քրստոնեությունն ընդունեցինք, որովհետև խնդիր ունեինք Իրանից տարանջատվելու: Եվ երբ Արևելահռոմեական կայսրությունն ընդունեց քրիստոնեությունը, այդ ժամանակ էլ մենք չընդունեցինք քաղկեդոնյան որոշումները, դրանով տարբերվենք: Տարբերակման խնդիր կար:
_Շատերն ասում են՝ մենք կարող էինք քրիստոնեությունը չընդունել և չձուլվել, բայց իմ աչքի առաջ գալիս են համշենահայերը՝ մենք ասում ենք հայ են, սակայն եթե Համշենի բարբառն այս մարդկանցից կորչի, հայկական ինքնության մասին հուշող որևէ բան այլևս չի լինի: Անգամ այդ հսկայական, մեծաքանակ պարսիկ ժողովուրդը չկարողացավ պահել զրադաշտությունը և իսլամ ընդունեց: Այսինքն՝ մեզ էլ էր սպառնալու, եթե քրիստոնեությունը չընդունեինք:
_ Իմ կարծիքով, գալիս էր միաստվածության ժամանակը, հետևաբար զրադաշտությունը, բազմաստվածությունն ամենուր տեղը զիջում էր: Եթե մենք չընդունեինք քրիստոնեություն, հավանաբար, իսլամ ընդունեինք: Ես չգիտեմ՝ որը լավ կլիներ, որը՝ վատ, դա ուրիշ հարց է: Բայց կա պատմական իրողություն՝ մենք այսօր այսպես ենք, մեր 1700 տարվա պատմությունը չենք կարող վերախաղարկել, և իմաստ էլ չունի: Պետք է գնահատենք քրստոնեության դերը մեր մշակույթի, քաղաքակրթության ձևավորման հարցում: Մարդկային ինքնության միջնադարյան ընկալումն առաջին հերթին կրոնական էր: Երբ Խորենացին գրում է Բագրատ Շամբատի մասին որպես հրեայի, ես լուրջ կասկածներ ունեմ, որ հրեա ասելով ի նկատի ուներ, թերևս, վաղ քրիստոնեկան շրջանի ինչ-որ աղանդ կամ հրեական աղանդի տեսակ, որովհետև հրեա ասածն այն ժամանակ կրոնական ընկալում էր: Իմ կարծիքով հրեան դա կրոն է, որովհետև գիրուրի հասկացություն կա դրա մեջ: Այսինքն՝ դու կարող ես չծնվել հրեա, բայց դառնալ հրեա. դա կարող է լինել միայն կրոնափոխությամբ, ինչպես դառնում ես քրիստոնյա կամ մուսուլման: Բայց հայ չես կարող դառնալ՝ սա է խնդիրը, էթնիկ ինքնությունդ չես կարող փոխել, բայց կրոնական ինքնությունդ՝ կարող ես: Մենք ժամանակին շատ տվյալներ ունեինք հրեական համայնքների և մեծաթիվ խմբերի մասին, որոնք հրեությունն ընդունում էին որպես կրոն: Պիտի ասել, որ մ.թ. սկզբում մեծ պայքար էր գնում ավանդական, դասական հուդայականության և նրանից ածանցված քրիստոնեության միջև, և հաղթեց այս մի ճյուղը: Կարող էր հաղթել և մյուսը. գրեթե հավասար պայքար էր գնում: Այդ հիմա է հրեությունն ընկալվում որպես նաև էթնիկ խումբ: Թեև հենց հրեա գիտնականների ԴՆԹ-ների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հրեաները տարբեր ԴՆԹ-ներ` էթնիկ տարբեր ծագումներ ունեն: Այդպես է, որովհետև տարբեր ժողովուրդներ են, անգամ՝ սևամորթ հրեաներ, լեռնային հրեաներ կան: Մենք Վիլսոնից շատ հեռացանք: Իմ ասածը հետևյալն է. եկեք չտրվենք թուրքական, երբեմն՝ ռուսական, պրոպագանդայի ազդեցությանը: Թուրքերին ձեռնտու է պատասխանատվությունն իրենց վրայից գցել և կազմակերպման մեջ մեղադրել հրեաներին, կատարման մեջ՝ քրդերին. սա թուրքական պրոպագանդայի դրսևորում է՝ խուսափելու համար պատասխանատվությունից: Անկախ իրենց էթնիկ ծագումից (հիշենք՝ չերքեզներ կային, հայտնի լազեր կային, որոնք կոտորածների մասնակիցներ էին), նրանք թուրքական պետության ներկայացուցիչներ էին, հետևաբար՝ պատասխանատվությունը թուրքական պետությանն է: Եթե անգամ հայեր լինեին այդ բոլորը, բայց գործեին թուրքական պետության անունից, ուրեմն, թուրքական պետությունն է պատասխանատու, այստեղ էթնիկ ընկալում չի կարող լինել: Հետևաբար, երևույթների մասին եկեք դատենք զուտ պատմական և քաղաքագիտական արդյունքի տեսանկյունից: Թե ինչի՞ համար որոշում կայացրին, էական չէ. թող այսօր մեր հայրենիքը մեզ տան, թող տան իրենց շահերի համար: Իհարկե, իրենց շահերի համար են տալու, ոչ թէ՝ մեր: Դրա համար ես կողմ չեմ Ռուսաստանի հետ այսքան մերձեցմանը. որովհետև եթե Հայաստանին հող տան, նշանակում է՝ ուժեղացնում են Ռուսաստանը, դրա համար էլ չեն տա: Իսկ եթե Հայաստանն ընկալվի որպես պատնեշ, պատվար՝ այդ դեպքում կարող է ինչ-որ բան լինել:
_ Շնորհակալություն, պրն. Պապյան: Փաստորեն մեր մյուս հաղորդման ընթացքում նաև բալանսի քաղաքականությանը կանդրադառնանք: Հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք՝ լսում էիք «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan