Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եթե պատերազմ՝ ապա հենց վաղը. «Cui prodest» կամ ում է ձեռնտու

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

 Ուզում եմ հստակ ասել՝ այս տարածաշրջանում մեր տիպի պետություն երկար ժամանակ գոյություն ունենալ չի կարող: Հիմա երկու ճանապարհ կա. կա՛մ գոլորշիանում, թռնում-գնում ենք, որի մտադրությունը ես անձամբ բոլորովին չունեմ, կամ էլ խփում ենք Ադրբեջանին և աչքը հանում, և գիշեր-ցերեկ էլ համաշխարհային հանրության առջև սրբի տեսքով չես կանգնում և անընդհատ բացատրում արդարություն-անարդարությունը:

Հաղորդման սղագրություն

_Ողջույն, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Cui prodest կամ «Ում է ձեռնտու» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Ողջույն, պրն. Շիրինյան:
_ Բարև ձեզ:

_Տեղեկացնենք՝ www.Lratvakan.ам կայքում կարող եք դիտել մեր հաղորդումները: Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: Օրեր առաջ ունեցանք երեք զոհ. դիվերսիան կանխեցին մեր զինվորները՝ 1995-96 թթ. ծնված տղաներ, և ՊՆ, ինչպես միշտ, վստահեցրեց, որ կլինի պատասխան: Մենք տեսնում ենք, որ, իրոք, լինում է պատասխան, ադրբեջանական կողմը մեծ կորուստներ է ունենում, բայց դա մեզ չի մխիթարում, դրանից որևէ բան չի փոխվում, մեր զոհերի թիվը չի նվազում: Ի՞նչ գործողությունների պետք է դիմեր Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի Ադրբեջանն իրեն ավելի զուսպ պահեր այս հարցերում:
_ Նախ արձանագրենք, որ սա աննախադեպ է իր տեսակով: Եթե ասում են դիվերսիոն գործողություն, ըստ հաղորդագրության կարելի է պատկերացնել, որ սահմանային գոտում 3 ուղղությամբ ընդհանուր գրոհ է եղել, ոչ թե՝ առանձին տեղամասերում: Դա արդեն սովորական բան չէ: Նշանակում է, որ ադրբեջանական կողմը տակտիկական, մարտավարական իմաստով անընդհատ փոխում է ձևերն ու մեթոդները, որպեսզի հայկական կողմը նախ միշտ լարված լինի, և երկրորդ, չկարողանա տալ համարժեք պատասխան: Բայց մի բան ակնհայտ է, որ բոլոր դեպքերում մեր զինվորականությունը պատասխանը գտնում է. սա լոկալ կամ տեղական իմաստով: Բայց, ինչպես բազմիցս խոսել ենք, չեմ կարծում, թե սա հարցի լուծում է, որովհետև տարածված բան է, որ նրանք առաջին գիծ են տեղափոխում այլազգիների. թուրքական տակտիկան է՝ ինչքան մեռնեն՝ իրենցից էլ, դիմացինից էլ, այնքան լավ, որովհետև իրենց էթնոսը իշխողն է, և այդ թնդանոթի միսը իրենք չեն: Սա հին թուրքական գործելաձև է. քրդերի միջոցով գրավել Հայաստանը, թալիշների, լեզգիների և մյուսների միջով անընդհատ տաք պահել հայկական սահմանը, որովհետև խոսքը, ինչպես հասկանալի է, միայն արցախյան հատվածի մասին չէ: Ի՞նչ անել: Նկարագրելը, իմ կարծիքով, բոլորին էլ ձանձրացնում է, ոչինչ չի տալիս, նույնիսկ արդեն մխիթարանք չէ այն, որ հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս: Կյանքն ապացուցում է, որ հարցի համարժեք և պրոֆեսիոնալ, լավ պատասխանը չի տանում փակուղուց դուրս գալու ուղղությամբ: Ի՞նչ պիտի արվի. սա շատ դժվար հարց է: Բայց կարծում եմ, որ ստեղծված միջազգային իրադրության մեջ, այդուհանդերձ, լուծելի հարց է: Ի՞նչ նկատի ունեմ: Նորից վերադառնանք ներքին քաղաքական իմաստին. ես ասել եմ, կրկնում եմ և անընդհատ պատրաստ եմ կրկնել՝ մինչև Հայաստանից արտագաղթը չդադարի, Հայաստանում կյանքն արդար չդառնա, Ադրբեջանը գրոհները սահմանային գոտում շարունակելու է, որովհետև դա տագնապ է առաջացնում, անընդհատ արտագաղթի առիթ է դառնում, և սահմանամերձ գոտին անընդհատ դատարկվում է: Սա բարձրագույն իշխանության լուծելու հարցն է, ոչ մի բան այստեղ բացատրելի չէ՝ ռեսուրս չկա, նյութական միջոցներ չկան, ոչինչ, որ գնում են, դրամական փոխանցումներով օգնում են և այլն: Սա ադրբեջանական գործողությունների հիմնական իմաստն է, 2-3 տարի է՝ շատ լավ աշխատում են, և արդյունքը կա: Որպեսզի դա չլինի, պետք է արտակարգ միջոցներ ձեռք առնել՝ ներքին կյանքով արդար Հայաստան ստեղծելու համար, և այդ ճանապարհով արտագաղթը կանգնեցնել: Եթե տեսնեն, որ գրոհներն իմաստ չունեն, չեն անի. ապուշ են, բայց ոչ այնքան, որ սա չհասկանան: Սա արդեն հարցի՝ զուտ հայկական, ներքին քաղաքական, ռազմական կողմն է: Կա նաև երկրորդ մասը. հայկական կողմը երևի թե պարտավորված լինի ուսումնասիրել նաև Իսրայելի ռազմական գործողությունների փորձը, որովհետև նրանք ևս անընդհատ լարված վիճակում են, բայց լուծումներ գտնում են, ինչպես տեսնում ենք, իհարկե, չեն ձերբազատվում արաբական գրոհներից: Ես մի առիթով ասել եմ և ուզում եմ նորից հիշեցնել. եթե հայկական կողմը պահպանում է խորհրդային բանակի կազմակերպման, խորհրդային տարիների ակադեմիայում ստացած գիտելիքների ֆունդամենտալ մասը, մեղմ ասեմ, շատ է սխալվում, որովհետև դա խոշոր մասշտաբի ռազմական արվեստ է: Հետևաբար այստեղ ուրույն լուծումներ պետք է գտնել, այստեղ ոչինչ չեն տա ռուսական, չինական պատկերացումը, և, առհասարակ, այն պետություններում մշակված արվեստը, որոնք երկրագունդն արշիններով են չափում: Սա՝ ընդհանրապես: Հիմա վերադառնանք կոնկրետ աշխարհակարգի հետ կապված փոփոխություններին. ես արդեն ասել եմ, որ սա տասնամյակներ շարունակվող գործ է: Ես կարծում եմ, որ հայկական կողմը շատ ավելի խիստ պետք է խոսի ռուսական կողմի հետ և իր ազգային շահերի պաշտպանությամբ պետք է հանդես գա այնպես, ինչպես երբեմն Իսրայելն է հանդես գալիս Միացյալ Նահանգների հետ՝ որպես դաշնակից: Այսօր տեսնում ենք, թե ինչ վիճակ է Մերձավոր և Միջին Արևելքում, և Ռուսաստանը երկու պետությունների և ժողովուրդների օժանդակության կարիքը տարբեր չափերով ունի. մեկը Սիրիան է՝ իրեն համակրող ժողովրդի հատվածով, մյուսը՝ ՀՀ-ն է, որի մեջ ես միշտ նկատի ունեմ նաև Արցախը և հայ ժողովրդի աշխարհասփյուռ հնարավորությունները: Հստակ պետք է գիտակցել մի բան, որ հավասարակշռությունն Այսրկովկասում փոխվում է: Եթե դա այդպես է, և Հայաստանը, բնականաբար, ունի ռազմավարական, դաշնակցային պարտականություններ Ռուսաստանի հանդեպ, նա պիտի հստակ ասի՝ եղբայր, մեր թիկունքն ապահով չէ, մենք այդ գործառույթը չենք կարող կատարել, ոչ միայն չենք կարող կատարել, այլև եթե դուք շարունակելու եք մեզ չօժանդակել, որ այս իժի գլուխը ոտքի տակ պահենք, թող դենոնսացիայի ենթարկեն բոլոր այն պայմանագրերը, որոնք ապահովում են Ռուսաստանի ներկայությունն այս տարածաշրջանում: Թե չէ որ գիտեք ինչքան համարժեք ենք պատասխանել, բա որ վաղն էլ չկարողանաք համարժեք պատասխանել: Ուրեմն կարծում եմ՝ այս հարցը պիտի դառնա քննարկման նյութ, և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հստակ պատասխան տա իր պետությանն ու իր ժողովրդին:
_ Հաղորդաշարի նախորդ հատվածում զրուցում էինք Հայաստանի անելիքների մասին: Պրն. Շիրինյան, երբ այս սահմանադրական բարեփոխումները նոր էին սկսվել, և այս գործընթացները շարունակվում էին, Դուք մի միտք արտահայտեցիք՝ «Աշխարհում սահմաններ են փոխվում, Հայաստանում՝ Սահմանադրություն», լուսնից նայում, մեզ վրա ծիծաղում են»: Արդյո՞ք մեր քաղաքական ղեկավարությունը չի հասկանում այն ամենը, ինչ Դուք ասում եք: Ինչո՞ւ եմ այս հարցը տալիս, որովհետև Ձեր բոլոր հաղորդումներից հետո ռադիոդիտողները և ռադիոլսողները մեկնաբանություններում գրում են՝ այս գաղափարը հասցրեք իշխանություններին, ասեք իշխանություններին ... Այսինքն՝ այս մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե մեր իշխանությունները չեն գնում Ձեր նշած գործողություններին զուտ այն պատճաով, որ այնքան էլ «գլխի չեն ընկնում»: Ինչո՞ւ այս քաղաքականությունը որդեգրեցինք մենք:
_ Քանի որ անընդհատ հակառակն են ապացուցում, ուրեմն լավ էլ գլխի են ընկնում: Հարցն այն է, որ պետության այն տիպը (ես դրա համար եմ ասել), որը կորպորատիվ է, և առաջացել է պետության՝ խմբային շահերի արտացոլման մոդել, դա իրենց պարտադրում է այս կամ այն կերպ իշխանությունն անընդհատ մի ձեռքից մյուսը փոխանցել եւ պահել: Այդ պատճառով, եթե լուսնից դիտեն, խայտառակ վիճակ է. Սիրիայում, Մերձավոր և Միջին Արևելքում ինչ վիճակ է, Ռուսաստանն աջ ու ձախ ինչպես է «չռփում», և այս պայմաններում հայ ժողովուրդն ինչով է զբաղված: Հիմա ակնհայտ է նաև ուրիշ բան. դուք չե՞ք զգում, որ առայժմ եղած այս մոդելը, որով նախագահն անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով պետք է զբաղվի, իսկ կառավարությունը գիշեր-ցերեկ պետք է զբաղվի տնտեսության վերականգնմամբ. սա ավելի հարմար չէ, քան այն ենթադրյալը, որը մանևրի հնարավորությունը բացառում է, ով ինչ ուզում է, բացատրի: Այստեղ Դուք ճիշտ եք, բայց հիմա մենք, այսպես ասած, գաղափարական-քաղաքական ոլորտի աշխատանք ենք կատարում, բայց բոլոր դեպքերում մեր ձայնը և տեսակետը հայտնում ենք: Հիմա հարցը նորից վերադարձնենք այնտեղ, որտեղ կա: Ռուսաստանի հետ պետք է խոսել, և ես կարծում եմ, որ այս ղեկավարության խնդիրը դա է. պիտի խոսի, այլապես հայ մարդու համար, որը Ռուսաստանի հետ դաշինքի կողմնակից է, անհասկանալի է այդ ներկայությունը ՀՀ-ում: Եթե ներկայությունը չլինի, պատկերացնո՞ւմ եք ռուսական համակարգն ինչ կլինի, եթե այդպես է՝ գինը ո՞րն է. որ ինքն արևելյան սահմաններում չտեսնի՞ ինչ է կատարվում, արևմտյան սահմաններում տեսնի՞ ինչ է կատարվում: Ես, կարեմ, ձեր եթերում ասացի «մեր բարեկամ» սոլովյովներին՝ դուք խոսում եք Արևմտյան Հայաստանի մասին, որը չկա, այդ բոլորը շատ ճիշտ է, դուք խոսում եք թուրքական ճիվաղությունների մասին, բայց ռուս քաղաքական ղեկավարության լենին-ստալինյան բանդայի, Հայաստանն այս աշխարհաքաղաքական և գեոստրատեգիական իրավիճակին մասին չեք խոսում: Ժիրինովսկուց բացի, հավանաբար, ոչ ոք չի խոսում նաև հայ բոլշևիկների ստոր դավաճանության մասին: Որպես Ռուսաստանի հետ դաշինքի կողմնակիցներ՝ համառորեն փորձում ենք հասկանալ ռուսական կողմի դիրքորոշումը ՀՀ-ի հանդեպ:
_ Դուք հաղորդման ընթացքում նշեցիք, որ ռուսները մեզ չեն օգնելու, այսինքն՝ հույսներս մեզ վրա դնենք: Եվ արդյոք, եթե Ռուսաստանը տեսնի, որ մեր հույսը մեզ վրա դնելով մենք կարծես նույն տնտեսությունը չենք զարգացնում, որևէ կերպ կմիջամտի՞ այս կոնֆլիկտին, թե ՝ոչ:
_ Իմ ասածների մեջ հակասություններ չկան այն իմաստով, որ պետք է մեր հույսը մեզ վրա դնենք: Բայց տեսնում եք, որ անգամ Ռուսաստանի նման գերտերությունը հույսը դնում է, օրինակ, Հայաստանի նման փոքր պետության վրա: Այսինքն՝ մենք պետք է չշփոթենք երկու բան՝ հույսը դնել սեփական ուժերի վրա, իրենից բան ներկայացնել, բայց լինել դաշինքների մեջ և օժանդակություն ստանալ: Իմ ասածի մեջ բացարձակ հակասություն չկա. քանի որ իրենք մեր կարիքն ունեն, ես էլ ասում եմ՝ ո՞րն է այդ կարիքի գինը, ո՞րն է Գյումրիի ռազմաբազայի իմաստը, ո՞ր սահմանն է պահում, երբ մեր թիկունքը բաց է: Այստեղ ապացուցելու բան կա՞. չկա: Մենք պետք է իրողությունը հասկանանք, և ռուսների հետ՝ որպես բարեկամի, խոսակցության տոնը փոխենք, պահանջները բոլորովին այլ ուղղությամբ տանենք: Եթե դա այդպես լինի, ես վստահ եմ, որ մեր բանակն ու նրա գեներալիտետը այդ հարցը մեկ-երկու օրվա ընթացքում կլուծի և թուրքերին Կասպից ծով կշպրտի: Բայց քաղաքական իմաստով դրա ենթատեքստը պիտի լինի: Հիմա ես երկրորդ մասով ինձ համար տարօրինակ փաստ եմ ուզում արձանագրել և հանրությանը ներկայացնել. ի՞նչ է կատարվում, Այսրկովկասում այդ հավասարակշռության վիճակն այս կամ այն կերպ փոխվում է Հայաստանի օգտին, բայց հայ հանրությունը, որը վերլուծությունով է զբաղված, առավոտից իրիկուն ոռնում է թուրքական առավելության մասին: Ինձ համար սա հասկանալի չէ. ոչ թե չեն տեսնում, այլ անընդհատ խոսում են Ադրբեջանի հիմա չունեցած առավելություների մասին, որ թուրքերը նրան դրդում են, և այլն: Եթե թուրքերը նրան դրդում են հարձակումների, թող ռուսներն էլ մեզ դրդեն հարձակվել Ադրբեջանի վրա: Սա ինձ համար հասկանալի չէ այն պատճառով, որ ոչ միայն իմ պատկերացումով իրադրության ադեկվատ գնահատականը չկա, այլ ժողովրդի մեջ հուսալքությունը, հայրենիքին տեր լինելու, զինվորի մեջ ոգին վառ պահելու տրամադրությունն է փչացվում: Եվ սրանք, այսպես կոչված, հայ վերլուծողներ են, գիշեր-ցերեկ դրանից չե՞ն խոսում՝ Թուրքիան Ադրբեջանին դրդում է. չի դրդում, չի կարող, դրդում է, բա Ռուսաստանի հետ մեր դաշինքն ինչի՞ համար է: Նաև ոչ սովորական բան եմ ուզում ասել՝ քանի դեռ վերքը թարմ է, պիտի հասկանանք մի բան. եթե պարզվի, որ մենք ապագայում ավելի ենք թուլանալու, ինչպես ասում ենք, ուրեմն Հայաստանն ինչ-որ մի տեղ կարող է պրևնտիվ պատերազմ սկսել այն պայմանով, որ քանի դեռ շատ չենք թուլացել, լավ է ավելի ուժեղ վիճակում պատերազմ սկսենք, քան՝ անընդհատ թուլանանք, ըստ այդ սխեմայի: Այո, դաշնակիցների հետ պետք է աշխատել. տեսնում ենք՝ Ադրբեջանի, Թուրքիայի շուրջ ինչ վիճակ է առաջացել, և այդ դաշնակիցների հետ պետք է աշխատենք, բայց՝ մեր բանակով, մեր գործողություններով: Այստեղ մի ցավոտ հարց կա. եթե դուք թույլ եք, ձեր դաշնակիցը ձեր մեջ գործառույթ չի կարող տեսնել, ուրեմն սա պետք է ասել հայ ժողովրդին գիշեր-ցերեկ թուրքական խրտվիլակով վախեցնողներին, ցեղասպանության պրոբլեմները վերլուծողներին՝ հայ թե ռուս: Հայաստանում սա է ակտուալը, դրանք, որքան էլ զգացմունքային, արժանապատիվ, բայց եթերային խնդիրներ են, պետք է կենտրոնանալ և Արևելյան Հայաստանում ստեղծել այն պետությունը, որի տարածքը, հզորությունը, պոտենցիալը բավարար պետք է լինի դաշնակիցների հանդեպ պարտականությունը կատարելու համար: Դաշնակից ասելով, բնականաբար, նկատի ունեմ առաջինը՝ Ռուսաստանը, երկրորդը՝ Միացյալ Նահանգները: Տարօրինակ թող չթվա, որովհետև այնպիսի Թուրքիա, որն առաջացել ու առաջանում է իր երկու արբանյակներով՝ Հյուսիսային Կիպրոսի, այսպես կոչված, Թուրքական Հանրապետություն և Ադրբեջանի թուրքական պետականությունը, սպառնալիք են համաշխարհային հանրության համար: Եվ այստեղ պուտինները թող բլեֆ չանեն, թե ադրբեջանցիները թուրք չեն. ադրբեջանցիները թուրք են, վարակված են և՛ պանթուրքիզմով, և՛ պանիսլամիզմով: Եվ ամերիկացիների կիրառած այդ սանկցիաները պետք է ողջունել, որովհետև դա շատ արդար է և ճշմարիտ՝ իժի գլուխը դնել ոտքի տակ: Բայց այս բոլորը մեր խնդիրներն են, ոչ միայն ՊՆ, նախագահի գործունեության հարցն է, այլ նաև ԱԳՆ հարցն է՝ համապատասխան կոնցեպցիաներով սպասարկելու, դիվանագիտական աշխատանք անելու, գիշեր-ցերեկ երկրի անվտանգություն խնդրի մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու, տեղափոխելու համար: Բայց այստեղ մի բան կա, որ հայկական կողմից խոցելի է. եթե դուք աշխարհում բոլորին հայտարարում եք, որ մեր կոնցեպցիան պաշտպանողական է, թուրքն ապուշ չէ, որ ձեզ զիջի: Եթե հայ «հետազոտող» կոչվողը տիտղոսներով և մնացած բոլոր բարեմասնություններով գիշեր-ցերեկ խոսում է պահվող տարածքների և փախստականի վերադարձի մասին, ադրբեջանցին հո ապուշ չէ՝ քեզ զիջի, եթե դու ասում ես՝ գիտե՞ս՝ պահել եմ տարածքդ, արի վերցրու. նա էլ գրոհում է, որ վերցնի: Ստացվում է, որ պետք է ոչ միայն ստրատեգիական հիմքը փոխվի՝ ադեկվատ ներկա վիճակին, այլ բանակը պետք է արդիականացվի, եթե արվում է, ապա դանդաղ է արվում, եթե խնդիրներն այսպես առաջանում են, դա ցուցիչ է: Նաև քարոզչության որակն ու մակարդակը պետք է փոխվի, քարոզչությունը չպետք է վերածվի պրոպագանդայի, դա պետք է լինի, ասենք, քաղաքական, գիտական վերլուծություն, որը սպասարկելու է հայկական կողմին՝ ոգին հանելու, նոր ճանապարհներ տեսնելու համար: Մյուս տեսակետները տարածում են հուսահատություն, պարտվողականություն և այս 30.000 քառ կմ տարածքով բավարարվելու տրամադրություն, բայց ես ուզում եմ հստակ ասել՝ այս տարածաշրջանում այսպիսի պետություն երկար ժամանակ գոյություն ունենալ չի կարող: Հիմա երկու ճանապարհ կա. կա՛մ գոլորշիանում, թռնում-գնում ես, որի մտադրությունը ես անձամբ բոլորովին չունեմ, կամ էլ խփում ես իժին և աչքը հանում, և գիշեր-ցերեկ էլ համաշխարհային հանրության առջև սրբի տեսքով չես կանգնում և անընդհատ բացատրում արդարություն-անարդարությունը: Հայկական հարցի զարգացման պատմությունն անգիր գիտի յուրաքանչյուրը՝ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան. մինչև հիմա չգիտեին, թե 1920 թ. ինչ են արել, հիմա են հիշում: Խփեք, ճշմարտությունը կգա և կընդունեն: Սիրիայից օրինակ վերցրեք՝ խփեցին, և Միացյալ Նահանգները սկսեց նահանջել, Պուտինը հասավ օգնության: Իսկ եթե շուտ հանձնված լինեին, ո՛չ Պուտինը կգար, ո՛չ էլ հնարավոր էր, որ Օբաման կամ Քերրին խոսակցության տոնը փոխեին:
_ Շնորհակալություն պրն. Շիրինյան: Հարգելի ունկնդիրներ հիշեցնենք՝ լսում էիք «Cui prodest կամ «Ում է ձեռնտու» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Հաջողություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan