Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Տիգրան Մեծը» Նախիջևանում. «Հետախույզի օրագիրը»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Տիգրան Մեծ թագավորից հետո առաջինը «Տիգրան Մեծ» գունդը կարողացավ մի կտոր հող մի քանի ժամով հայրենի դարձնել: Այդ օրը՝ երեկոյան, “Время” ծրագրով Գորբաչովն անձամբ հայտարարեց.
-Հայկական էքստրիմիստական խմբերը ահաբեկչական ակցիա գործեցին Նախիջևանի Սովետական Սոցիալիստական Ինքնավար Հանրապետության մեջ:
Մեզ անվանեցին ահաբեկիչներ, և մենք հայտնվեցինք հայկական խորհրդային և ընդհանուր խորհրդային միլիցիայի, ՊԱԿ-ի հետապնդման տակ:

Հաղորդման սղագրություն

            _ Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ: Ես Վովա Վարդանովն եմ, եթերում է «Հետախույզի օրագիրը»: Այսօր 2 հյուր ունենք՝ Կորյուն Ղումաշյանը՝ Տիգրան Մեծ ռազմավարժարանի տնօրեն, հիմնադիր հրամանատար, և սցենարիստ, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը: Բարև ձեզ, տղերք:

            Կորյուն.

            _ Բարև ձեզ:

            Սամվել.

            _ Բարև ձեզ:

          _ Դեմ չե՞ք, որ դու-ով խոսենք:

            Կորյուն.

            _ Դե, մենք իրար հետ Դուք-ով չենք էլ խոսում:

          _ Կորյուն ջան, արի սկզբից անդրադառնանք Տիգրան Մեծ ջոկատի հիմնադրմանը՝ ոնց ստեղծվեց, սկզբնական մարտական ուղին, եթե Սամվելը դեմ չէ:

            Սամվել.

            _ Ես դեմ չեմ:

            Կորյուն.

            _ Երբ 1989 թ. Կոռնիձորի կռիվներից հետո գալիս էինք Երևան, գնում էինք հետ, Երասխի կռվից հետո նույնպես, մեր ջոկատն այդ ժամանակ շտաբ չուներ, և տղաներից մեկն առաջարկեց, որ գնանք «Հայէլեկտրո» գործարան՝ Սեյրան Գուրգենի Մաթևոսյանի մոտ, որն արտադրության բաժնի պետն էր, ասաց, որ նա հայրենասեր մարդ է, գնանք, ծանոթացնի, և նա տեղ կտա այդ գործարանում՝ շտաբ կունենանք: Եվ գնացինք նրա մոտ, շատ լավ ձևով ընդունեց: Իհարկե, ես հիշում եմ՝ նրա աշխատասենյակ մտնելու ժամանակ առաջին անգամ տեսա հայրենասիրական պաստառներ՝ խորհրդային իշխանության ղեկավարի աշխատասենյակում, իմ մեջ տպավորվեց այդ ամենը: Նա ընդունեց, հասկացավ մեզ, տեղ տվեց այնտեղ եղած պանսիոնատի շենքում:

            _ Ես ոնց հասկացա, արդեն ջոկատը կար:

            Կորյուն.

            _ Այո, ջոկատը կար, բայց դեռ ոչ Տիգրան Մեծը:

            _ Խնդրում եմ խոսես այն ջոկատի մասին, որը հիմք հանդիսացավ Տիգրան Մեծի համար:

            Կորյուն.

            _ Դա մի ուսանողական ջոկատ էր, կարելի է ասել. ուսանողներ էինք, հանրակացարանում էինք ապրում: Հավաքվեցինք իրար գլխի, տեսնելով այդ շարժումը, մենք որոշում կայացրինք ոչ թե քաղաքական, այլ զինված պայքարի անցնել, որոշեցինք գնալ Կոռնիձոր մեր Մարտիկի ավտոբուսով: Ես հիշում եմ՝ ոնց ժողովուրդը մեզ Օպերայի հրապարակից ճանապարհեց: Իսկ թե ինչպես էինք մենք հավաքվել իրար գլխի, լոկ պատահական՝ օդանավակայանի ջարդերի ժամանակ իրար հետ ծանոթացել ենք:

          _ Դու է՞լ ես եղել օդանավակայանում:

            Կորյուն.

            _ Այո, ծեծ եմ կերել:

          _ Ես էլ:

            Կորյուն.

            _ Վերևում եմ եղել՝ մածունի շիշ, և այլն:

          _ Մածունի շիշ շպրտողներից մեկը ես եմ:

            Կորյուն.

            _ Երբ այն նստած աղջկան խփեց ոտքով, հետո կրակեց ինքնաձիգով, ամեն ինչ սկսվեց:

            Սամվել.

            _ Ես էլ եմ եղել օդանավակայանում:

          _ Նույնպես երկրորդ հարկո՞ւմ:

            Սամվել.

            _ Այո:

            Կորյուն.

            _ Այնտեղից նահանջեցինք ներքև, գոռացինք, չհավատացին, որ կարող են խփել, հորդորեցին նստել, և նրանք եկան ու լցվեցին ժողովրդի մեջ, և ծեծուջարդը սկսվեց: Ոտքիցս խորը վիրավորված՝ ամբողջ գիշեր նստած Երևանում՝ Օպերայի հրապարակում, առավոտյան ՀՄՄ-ները եկան, շներին բերեցին, նացիստների նման շրջապատեցին: Մենք երգում էինք, և չպոկեցինք «Ղարաբաղը մերն է» գրությամբ պաստառը: Նրանք ՀՄՄ-ն կանգնեցրին և իրենք պոկեցին:

            _ Փաստորեն, ջոկատի հիմքում շարժման մասնակիցներն են, որովհետև այդ ժամանակ շարժում էր. ոչ զինված պայքարի շարժման մասնակիցներն էին:

            Կորյուն.

            _ Այո, շարժման մասնակիցներն էին: Ես օդանավակայանում ծանոթացել եմ լուսահոգի Էլոյան Սոսի հետ, Կառայի հետ եմ ծանոթացել, Արջ Աշոտի հետ եմ ծանոթացել: Հետո, երբ մեզ հանեցին հրապարակից, գնացինք և հանրակացարանի իմ սենյակում հավաքվեցինք, այնտեղ էլ նաև մեր սասունցի ուսանող տղաներն էին, հավաքվեցինք՝ արդեն մի քիչ բորբոքված, որոշեցինք այսպես անել, այնպես անել, սկսեցինք զենք-զինամթերք հայթայթել: 1989 թ. նոյեմբերի 24-ի գիշերը՝ 00:00 պարետային ժամ հայտարարեցին:

          _ Ինչ էլ հիշողություն ունես:

            Կորյուն.

            _ Մենք ամունալ ունեինք հավաքած, Սոսին այդ օրը ուղարկեցինք Արտաշատ՝ նահանգապետ Սամվելի մոտ, որպեսզի հանենք քաղաքից դուրս: Հետ գալուց տղերքից մեկը՝ Մանվել անունով, գողացել էր: Կանգնեցնում են Սամվելի «Զապորոժեցը», միջից հանում են, ձերբակալում են տղերքին: Մի կերպ 3-րդ մասի քաղմասին ուլտիմատում տալով՝ հանում ենք տղերքին, իսկ Մանվելի մասին չմտածեցինք, քանի որ գողություն էր արել՝ զինամթերք էր գողացել: Պարետային ժամի ժամանակ հանրակացարանում տարաների մեջ քարերով ջուր լցրեցինք և փակեցինք: Այնտեղի այդ զինվորականները գալիս և ձեռ էին առնում մեր աղջիկներին: Կանչեցինք աղջիկներին, սովորեցրինք, 2-3-րդ հարկերից կանչել ներս, վերևից դրանք գցեցինք նրանց գլխին. զրահաբաճկոն, 2 ինքնաձիգ վերցրեցինք և փախանք այստեղից: Եվ գնալու ամենահարմար տեղը Կոռնիձորն էր՝ այնտեղ կռիվներ են, և այլն:

            _ Իսկ ինչո՞ւ հենց Կոռնիձոր:

            Կորյուն.

            _ Տղերքն առաջարկեցին, ես նույնիսկ չգիտեի: Ես լրիվ պատահաբար հայտնվեցի այդ ամենի մեջ:

          _ Եղեգնաձորի գյուղերից մեկն էլ այդ ժամանակ վտանգված էր:

            Կորյուն.

            _ Կոռնիձոր գնալ առաջարկեց Արոն՝ Կոռնիձորի Արոն: Հենց Արոյի հետ էլ գնացինք. մի ջոկատ էինք, ավելի ուշ Երասխի կռվից հետո նա առանձնացավ, Կոռնիձորի ջոկատ ստեղծեց: Կոռնիձորում Չաուշի հետ ծանոթացանք՝ Գեղազնիկի, և անմիջապես մտածեցինք նստած չմնալ: Նա ուրախացավ, երբ տեսավ, որ մի երկու հատ էլ հրացան կար մոտներս՝ մեկը որսորդական հրացան էր, որը մեզ Մովսես Գորգիսյանը տվեց  Բութանիայի՝ Լյով ենց տանը, այնտեղից էլ ճանապարհեց: Սոսին էլ տվեց որսորդական 5 մմ տրամաչափի որսորդական հրացան, և Մովսեսը մեզ ճանապարհեց դեպի Կոռնիձոր: Իմ առաջին կրակոցը թուրքի վրա եղավ Մովսեսի տված հրացանով, և այդ ասեղը կոտրվեց: Մի անգամ հաղորդում եղավ, ասացի՝ կրակել եմ, չգիտեմ՝ կպել է, թե ոչ, շինարարության վրա եմ կրակել, Չաուշը կազմակերպեց, ՀՄՄ-ն բերեցինք և հարձակվեցինք շինարարության վրա: Մի խոսքով՝ երբ այնտեղից իջանք, շտաբ չկար, Նոր տարուն մնացինք այնտեղ՝ Կոռնիձորում: Շատ կարևոր փաստ է, որ 1989 թ. դեկտեմբերի 7-ի օրը հարձակում նախապատրաստեցինք Ջիջինլու գյուղի վրա: Երկրաշարժի առաջին տարելիցն էր. եթե հիշում եք, մենք հայտարարել էինք, որ մենք պետք է մեր ողբերգության առաջին տարելիցը նշենք, իսկ թուրքերը հայտարարել էին, որ իրենք քեֆ են անելու: Մենք իրոք քեֆը բերեցինք նրանց գլխին:

          _ Շնորհավորում եմ ձեզ:

            Կորյուն.

            _ Ես ուրախ եմ, որ լեգենդներ հյուսվեցին այդ կռվի մասին, թե իբր հարսանիքների ժամանակ գնդակահարություն է եղել, և այլն: Այդ օրը՝ դեկտեմբերի 8-ի առավոտյան զոհվեց ուջանցի Նորիկը՝ առաջին զոհը, որը հիվանդանոցում մահացավ: Մի խոսքով, ինչ վերաբերում է Տիգրան Մեծի ստեղծվելուն, պետք է շտաբ ունենայինք: Մեր անունն ի՞նչ դնենք, քննարկվում էին ДШБ և Արամազդ տարբերակները: Արամազդը լավ էր՝ մեր աստվածների դյուցազուն աստվածն էր նա: Արամազդ կոչվեցինք, եկանք, վերցրեցինք շտաբը, որ մեզ տվեց Սեյրան Գուրգենովիչը, «Հայէլեկտրո» գործարանն ապահովեց ամեն ինչով՝ տեխնիկայով, հագուստով, սնունդով, շատ մեծ հովանավորություն էր դա: Եվ «Հայէլեկտրո» գործարանի այդ հովանավորության շնորհիվ էր, որ հզորացավ մեր ջոկատը, ջոկատների միասնություն եղավ այնտեղ, և հենց նրա աշխատասենյակում որոշվեց, որ անվանակոչվի «Տիգրան Մեծ», քանի որ խոսքը անպարտ հրամանատարի, անպարտ ժամանակների մասին է: Երբ այսօր ասում են Տիգրան Մեծ, մենք չպիտի պատկերացնենք Տիգրան Մեծ թագավորին, մենք պիտի պատկերացնենք ծովից ծով Հայաստան, որպեսզի այդ հզորությունը հոգեպես փոխանցվի ջոկատին, և իրոք փոխանցվեց. չսխալվեցինք այդ անունը դնելու հարցում: Իհարկե, մեծ գործողություններ տեղի ունեցան, մեծ կռիվներ եղան, բայց հիմա փառք ու պատիվ բոլոր տղերքին, ովքեր չկան. ընդամենը մի քանի օր հետո՝ փետրվարի 4-ին, մեր Դևի ծննդյան օրն է, 5-ին Կառայի ծննդյան օրն է: Ափսոս, որ մենք պետք է նշենք մեր ընկերների ծննդյան օրերը, պետք է նշենք նրանց զոհվելու օրերը: Փառք ու պատիվ նրանց:

            _ Կառան, փառք Աստծո, չզոհվեց, նա մահացավ առողջական խնդիրների պատճառով:

            Կորյուն.

            _ Չզոհվեց, իհարկե, բայց մահացավ իր վերքերից:

            _ Նա զենքով կանանց մեջ այն քչերից էր, որին ես հարգում եմ:

            Կորյուն.

            _ Միանշանակ: Կառան այն աղջիկներից էր, որ ոչ թե բուժքույր էր, այլ հավասար մարտական ընկեր, զինվոր, և՛ մայր, և՛ քույր, և մարտական ընկեր էր բոլորիս համար, փառք ու պատիվ նրան:

            _ Կռվի դաշտում հարգանք առաջացնող կանանցից մեկն էր:

 

            Կորյուն.

            _ Այդպես ստեղծվեց «Տիգրան Մեծ» աշխարհազորային գունդը, շատ մեծ ճանապարհ անցավ:

          _ «Տիգրան Մեծի» մարտական ուղին սկսվեց ո՞ր բնակավայրից:

            Կորյուն.

            _ Մարտական ուղին սկսվեց հիմնականում Վայքից: Նախ, առաջին հերթին մենք բազան վերցրեցինք Սիսիանում՝ Սոֆլո գյուղում մարզական բազա ունեցանք, որտեղ պարապում էին տղաները, կենտրոնացում էր կատարվում: Երբ առաջին մեծ, հիշարժան կռիվը, որ եղավ, որը կա նաև մեր ռազմարշավների պատմության գրքի մեջ, Վայքի կռիվն էր, երբ որոշեցինք Բարձրունուց հարձակում գործել Նախիջևանի վրա:

          _ Այդ ժամանակ կարծեմ առաջին անգամն էր, որ ձեզ հետ Պոլկովնիկը մասնակցեց:

            Կորյուն.

            _ Այո, գնդապետ Բաղդասարյանի հետ մենք հենց այդ կռվի ժամանակ ծանոթացանք:

          _ Պոլկովնիկի մասին, թերևս, արժե շեշտել, որ Քիմիական տեխնիկումի զինղեկն էր, թոշակի անցած հրետանավոր:

            Կորյուն.

            _ Այո, Դնեպրիկ Բաղդասարյանի մասին ենք խոսում մենք հիմա, փառք ու պատիվ նաև Դնեպրիկին:

          _ Շատ գրագետ զինվորական էր:

            Կորյուն.

_ Միանշանակ: Եվ շատ ուժեղ հրետանավոր: Օրինակ՝ այդ կռվի ժամանակ՝ փետրվարի 27-ին՝ հակագրադային հրետանի, բայց մարտական արկեր ունեինք: Եթե թուրքը մեր վրա այդ ժամանակ կրակում էր հակագրադային արկերով, մենք 2 հակագրադայինով մեկ մարտական էինք կրակում՝ Ալազան սարքավորումներ, գրադային սարքավորումներ, և այլն: Եվ այդ ժամանակ այնքան կազմակերպված վիճակ էր «Տիգրան Մեծում», որ եթե մեր շարասյուները գնում էին սահման, մեր իսկ տղերքը, տեսնելով մտածում էին՝ ռուսական բանակն է, փախչում և թաքնվում էին:

_ Վայքի դեպքերի ժամանակ դուք Նախիջևանի ուղղության վրա էիք աշխատում. կորուստներ տվեցի՞ք:

Կորյուն.

_ Ոչ մի հոգի, նույնիսկ վիրավոր չենք ունեցել:

_ Ես գիտեմ, լսողներին իրազեկելու համար էի հարցնում: Ես կարծում եմ, որ ձեր հաջողությունը սկսվեց այն բանից, որ դուք մինչ այդ մարզվում էիք:

Կորյուն.

_ Միանշանակ, մարզվում էինք:

_ Կարելի՞ է ասել, որ «Տիգրան Մեծը» կայացավ որպես ջոկատ, և հետագայում՝ որպես զորամիավորում կամ ստորաբաժանում, որովհետև լավ մարզված ու պարապած անձնակազմ ուներ, կամ, եթե ոչ լավ, ապա ինչքան որ կարողացել էր:

Կորյուն.

_ «Տիգրան Մեծը» ուներ իր հրամանատարությունը, ուներ ռազմական խորհուրդ, հետախուզություն և ուսումնական բազաներ, «Տիգրան Մեծը» ուներ հատուկ թիկունքային ծառայություն, ուներ հատուկ զենք-զինամթերքի հայթայթման ծառայություններ:

_ Շատերը կզարմանան, բայց այդ ամենը խոսվում է այն ժամանակվա մասին, երբ որ կար ԽՍՀՄ, կար ՊԱԿ, և նրանք շնչել թույլ չէին տալիս:

Կորյուն.

_ Այո: Եվ պատահական չէ, որ Վայքի կռվի հենց երեկոյան, երբ որ մենք գրավեցինք Նախիջևանի գյուղերը և հիմնահատակ քանդեցինք, գոնե մի քանի ժամով, մի օրով, բայց Տիգրան Մեծ թագավորից հետո առաջինը «Տիգրան Մեծ» գունդը կարողացավ մի կտոր հող մի քանի ժամով հայրենի դարձնել: Եվ այդ օրը՝ երեկոյան, “Время” ծրագրով Գորբաչովն անձամբ հայտարարեց. հիմա մտովի թարգմանում եմ ռուսերենից հայերեն՝ հայկական էքտրիմիստական խմբերը ահաբեկչական ակցիա գործեցին Նախիջևանի Սովետական Սոցիալիստական Ինքնավար Հանրապետության մեջ: Մեզ անվանեցին ահաբեկիչներ, և մենք հայտնվեցինք հայկական խորհրդային և ընդհանուր խորհրդային միլիցիայի, ՊԱԿ-ի դավաճանների հետապնդման տակ:

_ Դավաճանների հետ կապված, իհարկե, հարց է առաջանում, որովհետև նրանք այդ ժամանակ երդում են տվել ծառայելու ԽՍՀՄ-ին, և այդ ժամանակ, թերևս, իրենց պարտքն էին կատարում: Ուրիշ բան, եթե հայկական պետականության հիմքը չէին տեսնում դրա մեջ և չէին էլ ցանկանում տեսնել: Երևի նրանց մի մասին դավաճան անվանել չի կարելի, կարելի է նրանց չսիրել, բայց նրանք դավաճան չէին, ծառայում էին ԽՍՀՄ-ին, ինչպես մինչև այդ մենք էինք ծառայում: Իսկ հետո՞:

Կորյուն.

_ Դուք գիտեք, որ այդ ժամանակ ոչ միայն Վայքի կռիվն էր: «Տիգրան Մեծը» Մեղրիում, Կապանում, Սիսիանում, Գորիսում և այլ տեղերում իր սահմաններն ու ուղեկալներն ուներ, օգնում էինք, Ճամբարակով, Արծվաշենով, Նոյեմբերյանով, բոլոր տեղերում «Տիգրան Մեծն» իր օգնություններն ուներ, բոլոր տեղերից գալիս էին, եթե պետք էր, զենք, զինամթերք կամ ջոկատներ էին ուղարկվում: «Տիգրան Մեծն» առաջինն էր, որ Շահումյանի շրջափակման ժամանակ մեր տղերքը ոտքով գնացին, հասան Շահումյան, գնացին և օգնության հասան: Ռազմական գործողություններից այդքան չեմ ուզում խոսել. եղան դեպքեր, շրջափակումներ, շրջապատումներ եղան «Տիգրան Մեծի» տղերքի հանդեպ գեներալ Սաֆոնովի կողմից:

_ Իսկ ինչո՞ւ չխոսենք:

Կորյուն.

_ Որովհետև տղերքը փայլուն ձևով կատարել են իրենց գործը:

_ Դե մի քիչ էլ գլուխ գովիր:

Կորյուն.

_ Գլուխ գովելը «Տիգրան Մեծի» գործը չի եղել, այդ պատճառով չեմ ուզում գլուխ գովել:

_ Լավ, ձեր թերություններից խոսե՞նք:

Կորյուն.

_ Խոսենք:

_ Օրինակ՝ 1991 թ. «Кольцо» օպերացիայի ժամանակ «Տիգրան Մեծը» դիրքերը հանձնեց գրեթե առանց դիմադրության, ճի՞շտ է:

Կորյուն.

_ Այս մասին արդեն չեմ կարող ասել, որովհետև 1991 թ. ես գտնվում էի արդեն Շահումյանում:

_ Ես հենց Շահումյանի մասին եմ խոսում, երբ ԽՍՀՄ զորքերը և ՆԳՆ զորքերը, հետևից էլ թուրքական ՄՀՆՋ-ն եկավ, «Տիգրան Մեծի» ստորաբաժանումները գրեթե առանց դիմադրության հետ քաշվեցին, չէ՞:

Կորյուն.

_ Վով ջան, սկսենք այստեղից: Ես որոշ ջոկատների հետ հեռացա «Տիգրան Մեծից», որովհետև մեր շտաբի պետի որոշումն էր՝ որպես հրամանատար: Ես հեռացա, որովհետև իմ հանդեպ մեծ հետապնդումներ էին գնում արդեն Խորհրդային «կայսրության» կողմից:

_ Քաղաքակա՞ն:

Կորյուն.

_ Քաղաքական ,ընդուպ մինչև մահվան վտանգ, որովհետև մեր տղաներին իրոք մահվան վտանգ սպառնում էր: Թիկունքում հայերի ձեռքով սպանվեցին մեր տղաները:

_ Դու նկատի ունես Սոսի սպանությո՞ւնը:

Կորյուն.

_ Միանշանակ, ոչ միայն Սոսի սպանությունը, այլև Գդլյան Հարութը, և այլն:

_ Գդլյան Հարութը մարտի ժամանակ է զոհվել:

Կորյուն.

_ Մարտի ժամանակ, բայց՝ հետևից: Ապացույցները կան. Նոյեմբերյանում է զոհվել, բայց թիկունքից: Ոնց որ դու ես ասում, Վով ջան, մարդիկ գուցե իրենց ծառայողական պարտքն էին կատարում, բայց այդպես չի արվում այդ ամենը հայի հանդեպ:

_ Գդլյան Հարութը ո՞ր մասից էր խփվել:

Կորյուն.

_ Գլխից:

_ Լավ: Հետապնդումը, ըստ քեզ, հայկակա՞ն հետապնդում էր, թե՞ ԽՍՀՄ-ն էր:

Կորյուն.

_ Այդ ժամանակ պետք է լինի ԽՍՀՄ-ը, որովհետև հայկական պետականության գաղափարն այդքան մեծ չէր այն ժամանակ:

_ Ես մի հարց ունեմ Նոյեմբերյանի հետ կապված: Ընդհանրապես Նոյեմբերյանի, Ոսկեպարի վրա հարձակումը, ըստ իս, սխալ էր, և ես կարող եմ հիմնավորել. եթե ժամանակ ունենաս, կնստենք, կզրուցենք, կասեմ՝ ինչու, բայց «Տիգրան Մեծն» ինչպե՞ս միացավ այդ ջոկատների միավորմանը, որը հարձակվեց այրում ցեղի վրա:

Կորյուն.

_ Դա եղավ այսպես: Իմ հիշողության մեջ այնպես է տպավորվել, որ այնտեղ դա կազմակերպել էր ԱԻՄ- ի Անկախության բանակը: Եվ ստացվեց այնպես, որ ես այնտեղ գնացի փոքրաթիվ՝ 20 հոգանոց խմբով՝ Աշոտ Նավասարդյանի, Բուռնաշ Աշոտի հետ, երբ որ այնտեղ արդեն մարտեր էին ընթանում:

_ Բայց այնտեղ, այնուամենայնիվ, հիմքը, կարծես թե, Ռազը՝ Ռազմիկ Վասիլյանը դրեց, չէ՞:

Կորյուն.

_ Ես գնացել եմ այնտեղ տղերքի հետ, այնտեղ արդեն մարտերն ընթանում էին, ավտոբուսի պատմությունն արդեն եղել էր:

_ Ռեմբոյին խփել էին, և այլն:

Կորյուն.

_ Այո: Բայց ինչ վերաբերում է մարտերը սկսելու ճիշտ կամ սխալ լինելուն, եթե մենք այն ժամանակ հասկանայինք՝ որն է ճիշտը, որը՝ սխալը, եթե կարողանայինք մեր մեջ կանխել ազարտը, թերևս, շատ ավելի փոքրաթիվ կորուստներ կունենայինք:

_ Գիտե՞ս՝ ինչու էր սխալ: Մենք այրում ցեղերի հետ աշխատանք էինք տարել, և ինչպես որ Ալիևը ավելի ուշ Նախիջևանն անկախ հայտարարեց, նման մի բան պատրաստվում էինք Ղազախի շրջանում՝ այրում ցեղի ինքնավարություն հռչակել, և մենք նրանց աջակցեինք: Եվ այդ հարձակումը, կարծում եմ, մեր ջոկատներին հրահրել էր խորհրդային ՊԱԿ-ը, որպեսզի սեպ խփեր մեր և թուրքական այրում ցեղի մեջ, որն այդ ժամանակ պատրաստ էր մեզ հետ համագործակցել և մեզ համար աշխատել:

Կորյուն.

_ Այդ պատճառով ես չեմ կարողանում քո հարցի պատասխանը տալ:

_ Փաստորեն, «Տիգրան Մեծի» այդ 20 հոգով դուք միացաք, երբ արդեն այդ ամենը սկսվել էր:

Կորյուն.

_ Ոչ թե միացանք, այլ գնացինք օգնության:

_ Օգնության գնացիք, և այդ ժամանակ արդեն կարևոր չէր՝ սխալ էր, թե ճիշտ էր. օգնությունը պետք էր: Ես, լավ տեղյակ լինելով, թե ինչքան սխալ գործողություն էր, համենայն դեպս, մարտի երկրորդ մասին մենք էլ ստիպված միացանք, որովհետև տղերքին օգնել էր պետք: Դուք այդտեղ զոհ տվեցիք՝ Գդլյան Հարութին: Նա ոսկի տղա էր, ճիշտ է՝ մի կարգազանցություն ուներ ՆԳՆ աշխատակցի հետ կապված, բայց մաքուր տղա էր: Նա երևի հիմնադիրներից մեկն էր:

Կորյուն.

_ Հասկանում եմ՝ ինչի մասին ես խոսում, բայց դա պատահաբար է եղել:

_ Բայց նա, թերևս, «Տիգրան Մեծի» հիմնադիրներից մեկն էր, չէ՞:

Կորյուն.

_ Միանշանակ, Հարութն էլ մեր հին տղերքից էր, երդվյալ տղերքից էր: Հիմա մենք ինչ խոսում ենք, երդվյալների մասին ենք խոսում, որոնք 1989 թ. սկսած անկախ ամեն ինչից, անկախ իրենց վիճակից՝ լավ, թե վատ, գաղափարի կռիվ տվող տղերքի մասին ենք խոսում:

_ Եվ Գդլյանը հիմա Եռաբլուրում է:

Կորյուն.

_ Եռաբլուրում է, Սոսը՝ Արտաշատում:

_ «Տիգրան Մեծը» երևի այն քիչ զորամիավորումներից էր, որը պատերազմից հետո էլ բավականին լուրջ աշխատանք տարավ՝ դիրքեր էր պահում Քելբաջարում: Դու դրան արդեն չէ՞իր մասնակցում:

Կորյուն.

_ Ոչ: Երբ ես 1991 թ. գնացի Շահումյան, հետո ես 1992 թ. նոյեմբերին մտել եմ ազգային բանակ: Բանակի կազմում «Արծիվ» գումարտակի հրամանատարն եմ եղել, որից հետո՝ No 82296 զորամասի հրամանատարը և մասնակցել եմ պաշտպանության նախարարների հրամաններով ռազմաերթերին:

_ Փաստորեն, մենք փորձեցինք մի փոքր ներկայացնել «Տիգրան Մեծի» առաջին քայլերը մեր հաղորդման մեջ: Մյուս հաղորդման ընթացքում կխոսենք «Տիգրան Մեծ» ռազմավարժարանի մասին, բայց «Տիգրան Մեծի» մասին հաստատ կարելի էր ավելի երկար խոսել, ուղղակի եթերի մեր ժամանակը շատ սահմանափակ է: Արի սրանով հետաքրքրություն առաջացնենք մարդկանց մոտ. այսօր լրատվամիջոցներում, կայքերում ինչ ասես՝ կա «Տիգրան Մեծի» մասին, թող հետաքրքրվեն, մենք էլ դառնանք խթան նրանց հետաքրքրությունն առաջացնելու համար: Այսքանով սահմանափակվենք: Շնորհակալություն:

_ Շատ լավ: Շնորհակալ եմ, Վովա ջան:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
27Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan