«ԱրմԹեք-17» ամենամյա գործարար համաժողովը կնվիրվի կիբեռանվտանգությանը




«ԱրմԹեք-17» ամենամյա գործարար համաժողովն այս տարի կանցկացվի Երեւանում` սեպտեմբերի 27-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ անցկացվելով տարիներ շարունակ՝ համաժողովը լավ ավանդույթ է դարձել: «ԱրմԹեք» առաջին համաժողովն անց է կացվել ԱՄՆ-ում: Մեկ տարի այն տեղի է ունենում Հայաստանում, մեկ տարի` արտերկրում»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ համաժողովն այս տարի նվիրվելու է կիբեռանվտանգության խնդիրներին:
«Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով` համաժողովում Հայաստանն ամեն տարի իր ասելիքն ունի: «Սկզբում կար մտահոգություն, թե Հայաստանի նման փոքր երկրի համար մեծ ճոխություն է այդ համաժողովն անցկացնելը, քանի որ դրա համար նոր ասելիք է պետք, նորարարական հարթակներ են պետք միջազգային տեխնոլոգիական հանրության ուշադրությունը գրավելու համար»,-ասաց նա: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ հավելեց, որ կիբեռանվտանգությունը Հայաստանի համար բավական կարեւոր թեմա է: «Այս տարի ունենք նաեւ մեծ քանակությամբ աջակիցներ, կհյուրընկալենք համաշխարհային ճանաչում ունեցող ներկայացուցիչների»,- նշեց Ենգիբարյանը: